Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 26


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում:  Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մահմեդական էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Ս. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ «Մանկունք» շարական կա` նվիրված Ս. Դավիթ Դվնեցուն:
  • Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-26, 2023-10-02, 2024-09-30, 2025-09-29, 2026-09-28, 2027-09-27, 2028-10-02, 2029-10-01, 2030-09-30։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Հայաստանում և Ադրբեջանում գործող ԱՄՆ դեսպանությունները ԱՄՆ քաղաքացիներին  հորդորում են զգոնություն պահպանել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

  • Դեսպանատունը կոչ է անում խուսափել շփման գծի և սահմանի մոտակայքով այցելություններից, այդ թվում Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով և մինչև Վրաստանի սահման գնալուց:
  • Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

2019 - Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը Հայաստանը ներկայացնող աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյան «պոկում» վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ (199 կգ):
2019 - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունо ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացրեց:
2019 - Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի հայտնի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ 
2015 - Համանախագահները կոչ են անում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ընդունել: Հայկական կողմը համաձայնում է, Բաքուն` նախապայմաններ է դնում։

  • «Ուզում եք հետաքննության մեխանի՞զմ ստեղծել, խնդրեմ՝ հանեք զորքերը, այդ դեպքում` ոչ թե մեկ, այլ մի քանի մեխանիզմ, անգամ՝ տրիբունալ կստեղծենք, որը կպարզի, թե ով ում վրա է կրակում»,֊«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր Մամեդյարովը`ընդգծելով`նախ հայկական կողմը պետք է դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից:

2001 - Քրիստոնեության 1700-ամյակի առիթով Հայաստան ժամանած Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Պապն այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ 

  • Ավտոմեքենան նրան հնարավորինս մոտեցնում է Ցեղասպանության զոհերի հուշարձանին, որտեղ ծաղկեպսակ դնելուց հետո Պապն աղոթք է կարդում զոհերի հիշատակին այդպես էլ չասելով նվիրական «Ցեղասպանություն» բառը։ 
  • Այստեղ ներկաների համար անսպասելի իր հռչակավոր «Ավե Մարիան» է երգում Շառլ Ազնավուրը։

1997 - Հայ լրագրողների հետ է հանդիպում ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց ազգային գաղափարախոսության մասին։

  • «Ի՞նչ են այդ մարդիկ հասկանում ազգային գաղափարախոսության տակ։ Մեկ բան, որ ամբողջ ազգը պետք է ընդունի այդ գաղափարախոսությունը։ Ես այսպես եմ հասկանում: Ամբողջ ազգը մեկ գաղափարախոսություն ընդունում է միայն տոտալիտար համակարգերում, միայն իդեոլոգիական պետություններում։ Իսկ եթե ժողովրդավարություն է, ապա ոչ ոք ոչ ոքի չի կարող պարտադրել որևէ գաղափարախոսություն։ Հայաստանում այսօր առկա բոլոր գաղափարախոսությունները՝ լինի դա կոմունիստական, սոցիալ-դեմոկրատական, լիբերալ-դեմոկրատական, ազգայնական, թե ծայրահեղ-ազգայնական՝ ինձ համար ազգային գաղափարախոսություններ են, որովհետև սրանցից յուրաքանչյուրն իր մեջ է տեսնում ազգի խնդիրների լուծման լավագույն ճանապարհը։ Եթե ազգին պարտադրվում է ազգային գաղափարախոսություն, դրանով խաչ եք քաշում ժողովրդավարության վրա։ Կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Այո, հնարավոր է ազգին պարտադրել մի գաղափարախոսություն։ Այդպիսի բան տեսել ենք և տեսել ենք նաև դրա հետևանքները»։
  • Ասուլիսում նախագահն ասում է նաև երկար տարիներ աղավաղված շահարկման առարկա դարձած խոսքերը՝ «Լավ չես ապրելու Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։

1996 - Երբ ընդդիմությունը վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքները և դուրս էր եկել փողոց, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Իրավիճակից թելադրվող անհետաձգելի միջոցառումների մասին» հրամանագիր ստորագրեց, որը նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ դրությունն էր երկրի ողջ տարածքում։
1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանն ընդունեց Ֆրանսիայի Կլամար քաղաքի փոխքաղաքապետ Հակոբ Արթինյանին և ֆրանսահայ մի խումբ գործարարների:
1980 - ASALA. Փարիզում ծանր վիրավորվում է Թուրքիայի դեսպանատան մամլո խորհրդատու Սելջուկ Բագալբաշին։

  • Գործողությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ «Սև Ապրիլ 24 Քոմանտօ»-ն, որը գործողության վերաբերյալ տարածած իր հայտարարության մեջ մասնավորապես նշում էր. «Որպես հակազդեցություն թրքական զինվորական կառավարության կողմից Թուրքիայում իրականացվող բռնարարքներին…»։

1724 - Երևանի գրավումը թուրքական բանակի կողմից։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Կարինա Սարկիսովա (ծնվ. Մոսկվա), բալետի ռուս և ավստրիացի պարուհի, Վիեննայի պետական օպերայի բալետի մենապարուհի

  • 2010 թ. հեռացվել է Վիեննայի պետական օպերայից էրոտիկ ֆոտոսեսիային մասնակցելու համար, Սակայն «անկեղծ զղջումից» հետո վերականգնվել է:
  • 2011 թվականից Ավստրիայի քաղաքացի է։

1952 - Արամ Իսաբեկյան, հայ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս ՄԱՆՊՈ (2002)
1952 - Հովհաննես Լուսեգենով (ծնվ. Դոնի Ռոստով, Ռուսաստան), ՌԴ վաստակավոր նկարիչ
1940 - Բորիս Բարատով (ծն. Մոսկվա), լուսանկարիչ, գրող, կինոռեժիսոր
1938 - Սարգիս Զաբունյան (ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), ֆրանսիացի կոնցեպտուալ նկարիչ, ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր

  • Բացի Թուրքիայից և Ֆրանսիայից, Սարգիսն իր աշխատանքները ցուցադրել է ավելի քան երեք տասնյակ երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Մեքսիկայում և Բրազիլիայում:

1926 - Հրանտ Թամրազյան (մ. 2001), գրականագետ, հայ գրականության պատմաբան, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)
1913 - Մանվել Մանվելյան (ծնվ. Վան, Թուրքիա, մ. 1985), ՀԽՍՀ ԳԱ Ընդհանուր և Անօրգանական Քիմիայի Ինստիտուտի տնօրեն (1957-1975), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1978)

  • Նրա անունը շնորհվել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտին։

1900 - Խաչատուր Կոշտոյանց (մ. 1961), ֆիզիոլոգ

  • Նրա անունով փողոց է անվանակոչվել Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանում։

1890 - Լեոն Մելիքսեթ Բեկ, (մ. 1968), հայ աղբյուրագետ, հնագետ, բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էսպանտիստների Համաշխարհային լիգայի անդամ (1906)
1874 - Թորգոմ Ղուշակյան (Մկրտիչ Փիլիչյան, ծնվ. Պարտիզակ, Թուրքիա, մ. 1939), կրոնական գործիչ, բանասեր, թարգմանիչ

  • 1916 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը Ղուշակյանին նշանակել է որպես դեսպանորդ Հնդկաստանում, Բիրմայում, Յավայում, Եթովպիայում և Սուդանում:

1872 - Վրթանես Աղիկյան (ծնվ. Վան, մ. 1936), նկարիչ
1790 - Վալերիան Քշեչունովիչ (ծնվ. Ստանիսլավ), լեհ հողատեր, ազնվական, հասարակական գործիչ, սելեկցիոներ և Ֆերմեր

  • Ծնվել է Լեհաստանում բնակություն հաստատած և Լվովի հետ դարեր շարունակ կապված հին հայկական ընտանիքից, որի փաստագրված պատմությունը սկիզբ է առնում 1662 թ.՝ Ստանիսլավի հիմնադրումից։

1779 - Աբրահամ Կոնստանտին Դ'Օսսոն (ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), շվեդ դիվանագետ և արևելագետ

  • Ծնվել է հայկական ընտանիքում։ Աբրահամ Կոնստանտինը Հայտնի Ուպսալի համալսարանի հայազգի առաջին ուսանողն է, որտեղ սովորել է մեկ ուսումնական տարի (1798):
  • Հրապարակել է «Մոնղոլների պատմությունը Չինգիզ Խանից մինչև Թամերլան» 4 հատորանոց աշխատությունը:
  • Ամուսնացած էր հոլանդացի բարոնուհի Լովիս Սիդոնիե Սիրթեմ Վան Գրովեստինի հետ: