Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 27


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Եվստաթեոսի և նրա կնոջ՝ Թեոփիստայի և երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Եվստաթեոսը (2-րդ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Ս. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:
  • Ս. Երմոնե կույսը (2-րդ դար) Փիլիպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Ս. Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Ս. Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին և նրան աշակերտում: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար, որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:
  • Ս. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, ով պատմում է Նրա մասին, Ով գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, Ով իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, ովքեր կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-27, 2023-10-03, 2024-10-01, 2025-09-30, 2026-09-29, 2027-09-28, 2028-10-03, 2029-10-02, 2030-10-01:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած անձանց թիվը։

  • Ըստ հաղորդագրության` Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։
  • 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։
  • Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: 

  • Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ։
  • Լևոն Տեր–Պետրոսյանի ու Կոպիրկինի նախորդ հանդիպումը կայացել էր նույն տարվա մայիսին։

2020 - Արցախյան 2-րդ պատերազմ՝ սկիզբ. Վաղ առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման անցավ արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ 

  • Հրետակոծվում էին նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: 
  • Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և համատարած զորահավաք։ 
  • ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում որոշում կայացվեց Հայաստանի ողջ տարածքում ռազմական դրություն հայտարարելու մասին:
  • Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով։

2020 - Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։
2020 - Արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սկսված ռազմական գործողություններին անմիջապես արձագանքեց միջազգային հանրությունն՝ կոչեր և հայտարարություններ հղելով կողմերին։

  • Ռուսաստանը կոչ արեց  անհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։
  • ՀԱՊԿ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, դրա համար անհրաժեշտ է ներգրավել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
  • ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ էր ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:
  • Ֆրանսիան կոչ արեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես եկավ Կովկասում խաղաղության հաստատման կոչով:

2019 - Մարտի 1-ի գործով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին տրամադրվեց թիկնապահ։ 

  • Նախորդ օրը մի խումբ անձինք հետապնդել էին դատավորին՝ փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը:
  • Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ էր պահել Բարձրագույն դատական խորհրդին և հաղորդում ներկայացրել Ոստիկանությանը:

2018 - Ղարաբաղում հայտարարում են հակառակորդի կրակից զոհված զինվորի մասին։

  • Հրադադարը խախտվել էր Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Նյու Յորքում`ՄԱԿ֊ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպման շեմին:

2012 - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով ներկայացրեց միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
1997 - Լևոն Տեր-Պետրոսյան «Եթե ազգը, և ոչ միայն ազգը, այլև մարդը չի կարողանում ճիշտ գնահատել իր ուժերը, այդ ազգն ու այդ մարդը կարող են մատնվել խայտառակ վիճակների, ինչպիսին մենք տեսնում ենք ամեն քայլափոխի»։
1994 - Վաշինգտոնում հանդիպում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները: Դռնփակ բանակցություններից հետո Բ. Քլինթոնը խոստովանում է` առաջին անգամ հնարավորություն են ունեցել հանգամանալից քննարկել ղարաբաղյան խնդիրը:

  • «Մենք այսօր Բորիսի հետ վերջապես հնարավորություն ունեցանք բավական երկար ու անձնապես քննարկել այդ խնդիրն ու Ռուսաստանի միջնորդական առաքելությունը: Ինչ քայլեր էլ Ռուսաստանը ձեռնարկի, դրանք պետք է համախատասխանեն ՄԱԿ֊ի բանաձևի պահանջներին»,- հայտարարում է ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնը:

1994 - Նյու Յորքում տեղի է ունենում նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի հանդիպումը:
1984 - Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը ԽՍՀՄ ամենահայտնի աստղը՝ Ալլա Պուգաչովան, 3 համերգ տվեց լեփ-լեցուն «Հրազդան» մարզադաշտում:

  • Այդ համերգի հատվածներն ընդգրկվել են 1985 թվականին թողարկված «Пришла и говорю» ֆիլմում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Արթուր Բաղդասարով (ծնվ. Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան), կենդանիներ վարժեցնող, ՌԴ վաստակավոր արտիստ
1975 - Անդրեյ Մովսեսյան, հայ ֆուտբոլիստ
1965 - Արմեն Ադիլխանյան, ռուսաստանյան կինոպրոդյուսեր, ռեժիսոր, դերասան և սցենարիստ
Կինոյում աշխատելու տարիների ընթացքում շեշտակի կարիերա է արել՝ անցնելով տեսախցիկի մեխանիկից մինչև պրոդյուսեր ճանապարհը։
1954 - Սամվել Պետրոսյան, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ
1950 - Գայանե Մարտիրոսյան, ռեժիսոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2008)
1938 - Իգոր Զայցև (ծնվ. Մոսկվայի մարզ), շախմատիստ, գրոսմայստեր, շախմատային տեսաբան, գրականագետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1978), ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2006)

  • Եղել է Տիգրան Պետրոսյանի մարզիչը։ Հայրը հայ է՝ Արկադի Աղայանը։
  • Վառ կոմբինացիոն ոճի շախմատիստն առանձին պարտիաներում հաղթել է աշխարհի չեմպիոններ Մ. Տալին և Բ. Սպասկուն: Ականավոր շախմատային վերլուծաբան է, շախմատը միշտ ընկալել է որպես փիլիսոփայական մեկնաբանության ենթակա արվեստի ոլորտ։ Մի շարք դեբյուտային մշակումների հեղինակ է իսպանական պարտիայում, սիցիլիական և հին հնդկական պաշտպանություններում:

1931 - Ալբերտ Մուշեղյան, գրականագետ, թարգմանիչ, բնական և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1998)

  • Տեսողությունից զրկվել է վեց տարեկանում՝ պայթուցիկով խաղալիս։ Իր գիտական հետազոտությունները Ա. Մուշեղյանը կատարել է կնոջ՝ բանասեր և թարգմանիչ Ռիմա Հարությունյանի օգնությամբ:
  • Շուրջ հարյուր գրականագիտական և հայագիտական աշխատանքների հեղինակ է՝ նվիրված հիմնականում հայ գրականագիտական սակավ հայտնի էջերին:

1930 - Ստեփան Սիտարյան (մ. 2009), խորհրդային և ռուս տնտեսագետ, պետական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
1904 - Դարյա Բաբայան (ծնվ. Լենինգրադ, Ռուսաստան, մ. 1988), բուսաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)

  • Ն. Ա. Նաումովի լավագույն աշակերտներից է: Արագ տիրապետելով հայերենին 1933 թվականից դասախոսություններ կարդացել է հայերեն։

1896 - Արման Կոթիկյան (ծնվ. Տրապիզոն, Թուրքիա, մ. 1968), դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • 1925 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը, աշխատել է Փարիզի հայկական դրամատիկական թատրոնում։
  • 1932 թվականին Փարիզում հիմնադրել է «Հայկական Ժողովրդական Թատրոն»- ը։
  • 1961 թ. նկարահանվել է արևմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» համանուն պատմվածքի հիման վրա Արման Մանարյանի դիպլոմային աշխատանքում՝ նրա եղբոր՝ Երվանդ Մանարյանի սցենարով։ Ֆիլմում իր վերջին դերն է խաղացել հայտնի դերասան Հրաչյա Ներսիսյանը։ 

1894 - Գուրգեն Շահինյան, ճարտարապետ, ինժեներ-շինարար, Հայաստանի վաստակավոր շինարար
1892 - Գարաբետ Միրան Հեքնայան (ծնվ. Փարիզ, մ. 1985), գեղանկարչության կոլեկցիոներ և գործարար, մուլտիմիլիոնատեր, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

  • Հեքնայանը մոլորակի ալմաստի բիզնեսի առաջատարներից է։
  • 19-րդ դարի գեղանկարչության ֆրանսիական խոշորագույն կոլեկցիոներներց է։ Նրա հավաքածուում տեղ են գտել Դեգայի, Մոնեի, Մանեի, ինչպես նաև Ռեմբրանդտի ավելի քան 100 կտավներ և Ռոդենի տասնյակ քանդակագործական կոմպոզիցիաներ:

1881 - Խաչատուր Կանայան, լեզվաբան (մ. 1976)
1871 - Հովհաննես Նալբանդյան (ծնվ. Սիմֆերոպոլ, Ղրիմ, մ. 1942), նշանավոր ջութակահար և երաժշտական մանկավարժ, Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգում հայկական խմբակի նախագահը
1820 - Գրիգորի Բուդաղով (ծն. Ռիգա, մ. 1882), ծովակալ, Սևաստոպոլի պաշտպանության հերոս

  • Սերում է 18-րդ դարի Աստրախանի ռուսացած հայկական տոհմից, որը կրում էր «Բուդաղով-Բուդաղյան» ազգանունը։