Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 9


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվեց ևս մեկ հայ զինծառայողի աճյուն:
2013 - Արմեն Ավետիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղեց հետևյալ հարցը. «Պարոն Նախագահ, Կոնգրեսի վարչության սեպտեմբերի 7-ին կայացած նիստի Ձեր ելույթում Դուք հրաշալի և մատչելիորեն բացատրեցիք, թե Ռուսաստանի և Եվրոմիության միջև ընտրություն կատարելու գործընթացում ինչ պիտի աներ Սերժ Սարգսյանը: Այժմ ինձ հետաքրքրում է մի այլ՝ նույնքան կարևոր հարց. իսկ ի՞նչ պիտի չաներ նա»:

  • Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանը.
  • - Ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև մեր «կալիբրի» որևէ երկրի ղեկավար չպետք է, ավելին, իրավունք չունի մտնել գերտերությունների գեոպոլիտիկ (աշխարհաքաղաքական) խաղերի մեջ: Չպետք է այնքան միամտություն ունենա, որ կարծի, թե կարող է գերտերություններից մեկին մի բան խոստանալ, իսկ մյուսին՝ մի այլ բան, ու այդ «խորամանկ քաղաքականության» շնորհիվ հասնել ինչ-որ հաջողության: Հնարավոր չէ որևէ գերտերության թիկունքում գործարքներ կնքել, որոնց մասին ամենայն մանրամասնությամբ տեղյակ չլինեն մյուս գերտերությունները: Բոլոր գերտերություններն էլ տիրապետում են հետախուզական այնպիսի հզոր հնարավորությունների, որ փոքր երկրները հազիվ թե կարողանան նրանցից որևէ գաղտնիք թաքցնել: Հետևաբար, փոքր պետությունների ղեկավարները գերտերությունների հանդեպ պետք է առավելագույնս անկեղծ լինեն: Վերջիններիս կողմից նման վարքագիծն անպայման կգնահատվի, և եթե դրանից նույնիսկ որևէ բան չշահես, ապա հաստատապես ոչինչ չես կորցնի: Մի խոսքով, ժողովրդական լեզվով ասած՝ որևէ փոքր երկրի ղեկավարի մտքով անգամ չպետք է անցնի, թե իր «պուճուր հալով», երկու լարի վրա խաղալով՝ կարող է աշխարհի մեծերին «ֆռռացնել»: Այդ լարերից մեկը, իսկ երբեմն՝ երկուսն էլ, ի վերջո, անխուսափելիորեն կփաթաթվեն նրա վզին:

1990 - Սեպտեմբերի 9-29-ը «ԼՂԻՄ-ի սահմանադրական իրավունքները վերականգնելու պահանջով», Մոսկվայում հացադուլ հայտարարեցին Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը, Սոս Սարգսյանը, Սեմյոն Բաբայանը և Վաչագան Գրիգորյանը։ 

  • Հացադուլը դադարեցնելու խնդրանքով նրանց են այցելել Հայաստանի ԳԽ փոխնախագահ Բաբկեն Արարքցյանը, ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: 
  • «Հացադուլը հասավ իր նպատակին: Ես հացադուլավորներին հաղորդեցի ողջ հայ ժողովրդի հիացմունքը այդ խիզախ քաղաքական քայլի նկատմամբ, որ ընտրված էր ճիշտ պահին և ճիշտ հարցադրմամբ»,- հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • Հացադուլը դադարեցվեց նրանց այցելած Կաթողիկոս Վազգեն Առաջինի հորդորով . «Առանց ձեզ ես չեմ վերադառնա  Էջմիածին»:

1986 - ASALA. Պայթյուն Փարիզի «Սիթի Հոլ» սրահում։ Սպանվում է մեկ պաշտոնյա, 18 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1983 - ASALA. Հրձիգ ռումբ է նետվում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատանը պատկանող մեքենայի մեջ։ Մեքենան այրվում է։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

1922 - Աթաթուրքի բանակը հունա-թուրքական երկրորդ պատերազմի ընթացքում մտավ Զմյուռնիա քաղաք, որից հետո սկսվեցին հույն և հայ բնակչության զանգվածային ջարդերը:
1801 - Բաքուն մտցվում է ռուսական կայսրության կազմի մեջ։

ԾՆՈՒՆԴՆԵՐ

1983 - Հովագեմ Սուլթանյան, ալտ-սաքսոֆոնահար, Անատոլի Կրոլլայի, Օլեգ Լունդստրեմի և Գեորգի Գարանյանի նվագախմբերի մեներգիչ 
1971 - Արմեն Սահակյան, Օդեսայի ուշուի սանշոուի մարզային ֆեդերացիայի մարզիչ-դասախոս, Սանդա Հայաստանի հավաքականի մարզիչ
1969 - Արտակ Զեյնալյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար

  • 1991-1996թթ. մասնակցել է Հայաստանի սահմաններում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերին: Վիրավորվել է, ստացել հաշմանդամության երկրորդ աստիճան։
  • 2004 - Պետդեպարտամենտի «Միջազգային Այցելուներ» ծրագրի հրավերով մասնակցել է ԱՄՆ նախագահական ընտրարշավին:

1958 - Վլադիմիր Գասպարյան, ռազմական և պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ
1954 - Թամար Հովհաննիսյան, հայ դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ
1953 - Լևոն Հակոբյան, երաժշտագետ, թարգմանիչ
1949 - Վարդան Բոստանջյան, տնտեսագետ
1942 - Ռաֆայել Քոթանջյան, թատրոնի և կինոյի հայ հայտնի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ (2002)
1936 - Էդմոնդ Քեոսայան (մ. 1994), խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ
1933 - Ժաննա Տերտերյան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար
1931 - Մաքսիմ Մարտիրոսյան, բալետի հայ խորհրդային արտիստ և բալետմայստեր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ

  • Երևանի «Պարարվեստի թատրոնի» հիմնադիրն է:

1927 - Մարգո Մուրադյան, դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Դավիթ Մալյանի, Մուրադ Կոստանյանի, Օլգա Գուլազյանի աշակերտն է:

1926 - Օլգա Մելիք-Վրթանեսյան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1912 - Աբրահամ Աբրահամյան, ռադիոտեխնիկայի գիտնական (Մ. 1988թ.)
1903 - Վաղարշակ Նորենց (Վաղարշակ Երիցյան), բանաստեղծ
1885 - Եկատերինա Դուրյան-Արմենյան, հայ խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1947)
1846 - Գևորգ V Տփղիսեցի Սուրենյանց, Ամենայն Հայոց Կաթողիկոս 1912-1930

  • Հատուկ կոնդակով  ստեղծել է Հայկական ազգային պատվիրակություն Պողոս Նուբար փաշայի ղեկավարությամբ և լիազորել նրան պաշտպանել հայ ժողովրդի շահերը եվրոպական պետություններում։