Պատրանքի թևերով


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Իլհամ Ալիևը այս իրավիճակը հաղթահարելու երկու տարբերակ ունի.
1. Չհակադրվելով միջազգային կարծիքին՝ գնալ Լաչինի միջանցքի խնդրի հանգուցալուծման, որոշակի դիվիդենտներ շահելով ապագա բանակցություններում։ 
2. Ավելի սրել իրավիճակը և միջազգային հանրության հետ մտնել կոշտ հակադրության դաշտ։ 
Համոզված եմ, որ ՌԴ-ն չի ուզում միակ հակադրվողը լինել աշխարհին և ամեն ինչ անելու է Ադրբեջանին նույն հարթություն ներքաշելու համար: Պուտին-Ալիև այսօրվա հեռախոսազրույցը, Լաչինի միջանցքը չհիշատակելով և միայն ՀՀ սահմաններից խոսելով, դրա հիմնավորումն է։ Կգնա՞ Իլհամ Ալիևը սրման, թե՞ ոչ ցույց կտա ժամանակը: Ես կարծում եմ՝ չի գնա, որովհետև հասկանում է, որ 90-ականներին ՀՀ-ն փայլուն հաղթանակ ունենալով, չկարողացավ դիվանագիտական հարթության մեջ ամրագրել, ինքն էլ հաղթանակը հիմա ամրագրելու շատ լուրջ խնդիրներ ունի: Չնայած Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումները ունենալով է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, բայց արել է նույն միջազգային օրենքների կոպիտ ու ամբողջական խախտումով` ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով, ինչն էլ աշխարհը չի ընդունում ու մերժում է։ Հետևաբար, Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն զարգացման ցանկացած տարբերակին և օգուտներ քաղեն ցանկացած պարագայում, որի հնարավորությունը, միասնական և սթափ աշխատանքի դեպքում, անկասկած ունենք։ Բարեբախտաբար մենք այլևս մենակ չենք։ Թող Աստված օրհնի Հայաստանը և Արցախը»:

Մարդ չգիտի էլ սկզբից սկսի, թե վերջից։ Լավ, սկսենք սկզբից։ Սույ պարոնը ինչ- որ բան խառնել է։ Մենք ենք պարտված կողմը և մենք պիտի իրավիճակը հաղթահարելու ելք գտնենք և ճիշտ կլինի, որ իրավիճակը հաղթահարելու տարբերակներ առաջարկի Նիկոլ Փաշինյանին։ Ալիևը «չորով» լուծում է սեփական խնդիրները։ Ճշգրիտ հաշվարկներով իրականցնում է ագրեսիան։ Բոլորին էլ հայտնի է, որ Արցախը շջափակողները «բնապահպաններ» չեն, և Ալիևի հրահանգն են կատարում։ Իսկ Ալիևը չի էլ ասում, որ ինքն Արցախ է շրջափակել , որ հակադրվի կամ չհակադրվի միջազգային կարծիքին, էն մարդն ասում է, որ «բնապահպաններն» են, որ պայքարում են հանքերի անօրինական շահագործման և շրջակա միջավայրի համար։ 

Հաջորդը՝ միջազգային հանրությունը Ալիևին ի՞նչ է անում։ Ոչինչ։ ՄԱԿ-ի ԱԽ-ը նույնիսկ բանաձև էլ չի ընդունել, մի քանի երկիր են հասցեական կոչ արել Ալիևին, մնացածները ընդհանուր բաներ։ Մեծ տերությունները, որ կարող են պատժամիջոցներ կիառել, ոչ մեկն էլ նման բան չի անում, նրանք իրենց շահն են հետապնդում, հետևաբար Ալիևը ոչ մեկի հետ էլ կոշտ հակադրվելու պատճառ չունի և չի էլ ունենա։ 

Այ որ ասում եք, թե Հայաստանը և Արցախը պետք է պատրաստ լինեն զարգացման ցանկացած տարբերակին և օգուտներ քաղեն ցանկացած պարագայում, սա արդեն ֆանտաստիկայի ոլորտից է։ 

Հայաստանը ինչպես կարող է օգուտներ քաղել, երբ մերժում է բանակցություները։ Պատերազմից առաջ Փաշինյանը բանակցությունները փակուղի տարավ և ունեցանք այն, ինչ ունենք, իսկ հիմա էլ Արարատ Միրզոյանը մերժեց Լավրովի և Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը։ 

Պարոն Սարգսյան, Դուք ինքներդ եք ասում, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի որոշումներն ունենալով է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, բայց արել է նույն միջազգային օրենքների կոպիտ ու ամբողջական խախտումով` ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով, ինչն էլ աշխարհը չի ընդունում ու մերժում է։ Պատերազմից անցել է երկու տարուց մի քիչ էլ ավել, աշխարհի չընդունելն ու մերժելը որտե՞ղ է երևացել։ Ալիևը աշխարհի հետ խնդիր չունի, ՄԱԿ-ի որոշումներով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Իսկ ինչ վերաբերվում է ուժի կիառմանը, եթե խնդիրը բանակցություններով լուծում չի ստանում ուժ են կիրառում, ընդունված պրակտիկա է։ Իսկ բանակցություներն ո՞վ փակուղի տարավ, ով էր սեփական կետից սկսում բանակցություները։

Պարոն Սարգսյան, համոզմունք ունե՞ք, որ էս անիրավ աշխարհում բոլորը մեր կողմնակիցներն են, ու միայն Ռուսաստանն է մեզ դեմ և Ռուսաստանը չի ուզենա աշխարհին դեմ գնալ։ Նախանձելի լավատեսություն է։ 

Իսկ ինչ վերաբերվում է Պուտին-Ալիև հեռախոսազրույցին, որ «Լաչինի միջանցք» չեն հիշատակել և մեր սահմանների հարցն են քննարկել, և դա է ձեզ համար հիմնավորում, որ միայն Ռուսաստանն է մեզ դեմ։ Բոլորն են մեզ դեմ։ Առաջին հերթին պետք է մտահոգվել, որ առանց մեզ են մեր սահմաների հարցը քննարկում, իսկ նույն Ռուսաստանը առաջին պատերազմի ժամանակ կատարում էր իր դաշնակցային պարտականությունները, իսկ հիմա՝ ոչ, նույնիսկ մեր թշնամի Թուրքիայի տարածքով մեզ ցորեն էր հասնում, բա Դուք Ձեզ հարց չե՞ք տալիս, թե ինչու է այդպես։ 

Պատասխանենք։ Առաջին պատերազմի ժամանակ աշխարհը հաշվի էր նստում մեր երկրի ղեկավարի հետ, երկրի ղեկավարը փայլուն արտաքին քաղաքականություն էր վարում։ Իսկ առաջին պատերազմի փայլուն հաղթանակը փայլուն դիվանագիտության արդյունքն էր, որ 1994թ․ հաղթական զինադադար կնքեցինք։ Գոնե Դուք պիտի լավ իմանաք, թե ովքեր էին դեմ 1998թ․ խաղաղության պայմանագիր կնքելուն և հաղթանակն ամրագրելուն։ Բարեբախտություն կլիներ, որ ունենայինք իշխանություն, որ կարողանար արտաքին աշխարհում բան ասեր, բան լսեր, այդ դեպքում մեր ուժերին վստահ կլինեինք և ուրիշներից ողորմություն չէինք խնդրի։ 

44-օրյա պատերազմը և պատերազմից հետո երկու տարին ապացուցեց, որ մենք մենակ ենք։ Քսան և ավելի տարիներ ապրեցինք պատրանքներով ստացանք ջախջախիչ պարտություն, իսկ հիմա ժամանակն է ճիշտ գնահատելու իրականությունը։ Մեր պարագայում նույնիսկ Աստծո օրհնությունն էլ մեզ չի օգնի։ Կարդացե՛ք Թումանյան։

Ջավահիր Այվազյան