Փնտրվում է արտաքին քաղաքական վեկտոր


Արցախում գնալով ահագնանում է հումանիտար ճգնաժամը՝ սպառվել են առաջին անհրաժեշտության ապրանքները և անցել են կտրոնային համակարգի, էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների, երեկ էլ մի քանի ժամով գազամատակարարումն էր դադարեցվել։ Դրա հետ մեկտեղ չեն դադարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները։ Արցախը վերադարձել է 90-ականներ, բայց 90-ականներին թիկունքում ուներ Հայաստան, որն իր անվտանգության երաշխավորն էր։ 

90-ականերին շատ ավելի վատ վիճակում էր նաև Հայաստանը՝ ավերիչ երկրաշարժ, կայսրության փլուզում, բայց մենք փլատակների տակ չմնացինք ու անկախություն կերտեցինք, կանոնավոր բանակ և մնացած պետական ինստիտուտները ստեղծեցինք, Արցախի պարտադրված պատերազմում էլ հաղթանակ գրանցեցինք, տարածքներ գրավեցինք և ոչ ոք մեզ ագրեսոր չէր ճանաչում։ Շատ հեռու չգնանք պատճառներ փնտրելու։ Ամեն ինչ պարզ է։ Այն ժամանակ Հայաստանը ղեկավարում էր աշխարահռչակ գիտնական՝ իր փորձառու դիվանագիտական թիմով, որ աշխարհին մատչելի լեզվով ներկայացնում էր թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խնդիրները ու աշխարհի համար ըմբռնելի էինք։ Լևոն Տեր-Պետրոսյանը վարում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ 

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մենք մեր ուժերին էինք ապավինում, քաղաքական ղեկավարությունն իր գործառույթներն էր իրականացնում, ռազմական ղեկավարություն՝ իր ու ոչ մեկի վրա մուննաթ չէինք գալիս։ Իսկ հիմա Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից, Արցախը թողել է ռուս խաղաղապահների հույսին ու ռուսների վրա էլ մուննաթ է գալիս և ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ քաղաքական գիծ է իրականացնում։ 

Նման բարդ իրավիճակում բանակցությունների գնալը բարձր մտավոր կարողություններ է պահանջում։ Ամենայն հավանականությամբ Փաշինյանը հասկացել է, որ Արցախի խնդրի լուծումն իր ուժերից վեր է։ Մի քիչ դժվար է այլ կերպ հասկանալ, թե ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկում և շարունակում է մեղավորներ փնտրել։ Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը պարտությունից հետո է հասկանում, որ բանակը մարտունակ չէ, որ հուսալի դաշնակից չունենք։ Բանակի մարտունակ չլինելն էլ, հուսալի դաշնակից չունենալն էլ էլի տեղավորվում է մեղավորներ փնտրելու շրջանակներում։ 

Եթե մեր ուժերին վստահենք, էլի մեր բանակը մարտունակ կլինի, եթե երկկակի ստանդարտներով չառաջնորդվենք և հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնենք, էլի դաշնակիցներ կունենանք։ Իսկ հիմա Արևմուտքի համար էլ ենք անհասկանալի, Ռուսաստանի համար էլ ու բնական է,որ պիտի հայտնվեինք անելանելի վիճակում։ 

Իսկ երկրի նախագահը աշխատանքային այցով Էստոնիա է գնում, շարունակում  վարչապետի քաղաքական գիծը ու բողոքում ռազմավարական դաշնակցից։ Մի ամբողջ երկրի նախագահ բողոքի, որ դաշնակիցը չի օգնում։ Եթե նույնիսկ մի կողմ թողնելու լինենք դիվանագիտությունը, ապա էդ բողոքը նվաստացուցիչ է թե՛ մեր երկրի համար, թե՛ Վահագն Խաչատուրյանի համար։ Ի՞նչ կարիք կա սեփական պարտությունը ուրիշներին վերագրել։ Պարտությունն էլ պետք է արժանապատվորեն ընդունել ու առաջ շարժվել և պետք չէ ոչ ոքի մեղադրել։ Տեսնելով Փաշինյանի ղեկավարման տարիները և կործանման եզրին հասած Արցախն ու Հայաստանը, վստահաբար կարելի է պնդել, որ Փաշինյանն ու իր թիմը չեն կարող ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգությունն ապահովել, նույնիսկ եթե փոխեն արտաքին քաղաքական վեկտորը (բայց ունե՞ն վեկտոր, որ փոխեն), ինչը դժվար է պատկերացնել։ Դեռ 1998 թվականից ժամանակը մեր օգտին չի աշխատել ու հիմա էլ մեր օգտին չի աշխատում։ 

Ջավահիր Այվազյան