Քաղտեխնոլոգ, որի կանխատեսումները երբեք չեն իրականանում


Քոչարյանական քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կանխատեսումներն իրականությունից միշտ էլ շատ հեռու են եղել, բայց դե մարդը համառորեն շարունակում է կանխատել։ 2020թ․ կանխատեսում էր, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից և կմիանա նոր ձևավորվող ընդդիմությանը (նոր ձևավորվող ընդդիմությունն էլ Քոչարյանի ընդդիմությունն էր)․- «Դա շատ ռեալ և իրական է, որ 20-25 հոգի դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից և կմիանա նոր ձևավորվող ընդդիմադիր ուժին: Եթե կարողանան որակյալ համագործակցություն և գործողություններ անել, ապա վարչապետը կտապալվի, որովհետև արդեն թույլ է» ( news.am 07․06․2020թ․)։ Ինչպես հետո տեսանք, նման բան տեղի չունեցավ։

Բայց պարոն քաղտեխնոլոգը շարունակում էր կանխատեսել և 2021թ․ ասել էր․- «Փաշինյանը տիրապետում է գաղտնի սոցհարցումների արդյունքներին, Քոչարյանի վարկանիշն իրենից բարձր է» (pastinfo.am 02.10.2021թ․)։ Էս խեղճ Քոչարյանն էլ վստահել էր պարոն քաղտեխնոլոգին ու մոբիլիզացրել էր բոլոր ռեսուրսները և մասնակցեց ընտրություններին հույս ունենալով, որ հաղթանակն իրենն է, բայց, ինչպես միշտ, այս անգամ էլ քաղտեխնոլոգի կանխատեսումը մեղմ ասած՝ իրականության հետ եզրեր չուներ։

Սայկան, այս անգամ որևէ բան չի կանխատեսել, հարցազրույց է տվել և իշխանությունների հնարավոր ու անհնար բոլոր արատները, ընդդիմություն- իշխանություն փոխհարաբերություները, ԱԺ ձևավորված մթնոլորտը տարել հասցրել է 90-ականներ, շրջանցելով անցած երկու տասնամյակը և ասել է․- «... Հայաստանում ընդդիմություն-իշխանություն առկա այս մթնոլորտը ձևավորվել է 1992-93 թվականներին, երբ ցուրտ ու մութ տարիներին ընդդիմությունը ցույցեր էր կազմակերպում, իսկ օրվա իշխանությունն էլ արհամարհական վերաբերմունք էր դրսևորում ընդդիմության նկատմամբ» (Մեդիալաբ 09․02․2023թ․): Պարոն քաղտեխնոլոգը իշխանություն-ընդդիմություն այդ հարաբերություններն այդքան էլ բարդ դեպք չի համարում, քանի որ ինքը տեսել է խորհրդարանի նիստեր, որտեղ ընդդիմադիրներին բառի բուն իմաստով ծեծել են, ֆիզիկական ուժ են կիրառել, դա 96 թվականն է եղել:

Նախևառաջ փաստենք, որ ՀՀ ամենաինտելեկտուալ ԱԺ-ն եղել է 90-ականներինը և համեմատության եզր չունի այսօրվա ԱԺ-ի հետ ու անցնենք առաջ։ Իհարկե, բոլոր դեպքերում ֆիզիկական ուժ կիրառելն անընդունելի է, բայց նման դեպքեր այլ երկրների խորհրդարաններում էլ է պատահում, որի մասին պարոն քաղտեխնոլոգը լռում է։

Լռում է, որ ընդամենը երեք տարի անց տեղի ունեցավ աշխարհում նախադեպը չունեցող սահմռկեցուցիչ ոճիր՝ 1999թ հոկտեմբերի 27, որ ԱԺ-ում գլխատեցին պետությունը և սկիզբ դրեցին մեր երկրի կործանմանը։

Լռում է 2008-ի մարտի 1-ի մասին, որ գնդակահարեցին սեփական ժողովրդին։ Եվ ընդհանրապես, լռում է այն ամենի մասին, ինչը բնութագրական է անցած երկու տասնամյակին և հաճո չէ անձամբ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Լռում է նրանց նկատմամբ հանրային այն ահռելի ատելության մասին, որ ժողովուրդներն ունենում են օտար նվաճողների նկատմամբ, և հե՛նց այդ ատելությունը հասարակությանը դրդեց գերադասել երկիրը աղետի տարած, պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանին, և հ՛ենց նման ատելություն պատճառով ենք հայտնվել էլ ավելի աղետալի վիճակում։

Իսկ հիմա 90-ականների իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների մասին։ Քաղտեխնոլոգին դուր չի եկել, որ 1992-93 թվականներին, «ցուրտ ու մութ» տարիներին , որ ընդդիմությունը ցույցեր էր կազմակերպում, իսկ իշխանությունն էլ արհամարհական վերաբերմունք էր դրսևորում ընդդիմության նկատմամբ։ Շեշտենք, որ իշխանությունն ավելի լուրջ գործով էր զբաղված՝ կանոնավոր բանակ էր ստեղծում, հացի խնդիր էր լուծում, թշնամական երկիր Թուրքիայի տարածքով մեզ հացահատիկ էր բերում, բայց չէր կրակում ցուցարարների վրա, ինչպես կրակեցին 2008թ․ մարտի 1-ին, բայց «փոքրիկ» տարբերությամբ, որ մարտի մեկին հանրությունը դուրս էր եկել խաղաղ ցույցի և պայքարում էր կեղծված ընտրություների դեմ, իսկ 90-ականներին ընդդիմությունը պայքարում էր օրինական իշխանությունների դեմ և կոչ էր անում մոտակա ծառերից կախել իշխանություներին։

Այս ամենի մեջ քաղտեխնոլոգը մի բան է ճիշտ կռահել, որ իշխանությունն արհամարհել է, բա էլ ի՞նչ պիտի աներ իշխանությունը։ Բա ինչու՞ քաղտեխնոլոգը չի ասում, որ նույն ընդդիմությունն էդ «մութ ու ցուրտ» տարիներին աշխարհասփյուռ հայերին կոչ էր անում, որ Հայաստանին չօգնեն, որովհետև իրենք իշխանություն չեն։

Պարոն քաղտեխնոլոգը պատերազմի տարիներին էլ «ցուրտ ու մութ» է ասում, բայց ո՞նց ասեր, թե պատերազմի տարիներին ընդդիմությունը ցույցեր էր անում, անհարմար բան կստացվեր, դե ինքն էլ «մութ ու ցուրտ» պիտի ասի մեր փառավոր հաղթանակի տարիները, որ արդարացնի ընդդիմադիրների հակապետական գործողությունները։

Իսկ ներկա ընդդիմությունը 90-ականների ընդդիմությունն է, որ այն ժամանակ պայքարում էր հաղթանակած իշխանության դեմ, իսկ հիմա՝ պարտված իշխանության, իսկ պատերազմի պարտության և երկիրը կործանման եզրին հասցնելու մեջ իրենք գրեթե հավասարապես են պատասխանատու և երկուստեք պետք է հեռանան քաղաքական դաշտից՝ իրենց հետ հեռացնելով Արմեն Բադալյանի նման քաղտեխնոլոգներին և թույլ տան հանրությանը ձևավորելու իշխանություն, որը երկիրը դուրս կբերի մղձավանջից։

Ջավահիր Այվազյան