ՔՐՈՆԻԿՈՆ. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 5-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՔՐՈՆԻԿՈՆ. օր 5-րդ

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերն անցել է կայուն լարված, առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են։ Երեկոյան Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը։

Հայաստան 

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը հույսեր է կապում ճգնաժամի հաղթահարման հարցում Մինսկի խմբի աջակցության հետ: «Սա միակ բանակցային ձևաչափն է, որն այսօր գոյություն ունի... Մենք ակնկալում ենք միջազգային հանրության ակտիվ մասնակցությունը ագրեսիայի դադարեցման ջանքերին»: Փաշինյանը կոչ է արել միաժամանակ կասեցնել Թուրքիայի անդամակցությունը Մինսկի խմբին, «քանի որ այդ երկիրն իրեն կողմնակալ և ռազմատենչ է պահում»։
  • Հայստանը հետ կանչեց Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին՝ Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման հետ կապված խորհրդակցությունների համար:
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:
  • TikTok-ը հասանելի չէր Հայաստանում։
  • Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կոչ արեց մասնակցել համահայկական դրամահավաքին:
  • Քիմ Քարդաշյանի եղբայր Ռոբ Քարդաշյանը Instagram-ի իր էջում դիմել է հետևորդներին՝ խնդրելով գումար ուղղել Հայաստանին աջակցությանը։ 

Հայաստան - ՀԱՊԿ

  • ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ:

Արցախ

  • Մարտունի քաղաքում Ադրբեջանական հրթիռից վիրավորեցին ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողներ, որոնց վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցում, ապա տեղափոխել Երևան։ Հաջորդ օրը հատուկ չվերթով նրանք տեղափոխվեցին Ֆրանսիա։
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ընդունեց Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը: Թամոյանի խոսքով՝ ինչպես արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներում, այնպես էլ հիմա եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին:

Ադրբեջան

  • Թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին:
    Մեկ ամիս առաջ Սադիկովը վեճ էր ունեցել ժամանած թուրք խորհրդականների հետ և կտրուկ արտահայտվել Ադրբեջանի իշխանությունների մասին. «Եթե մենք բանակը տալիս ենք թուրքերին, իսկ միգուցե մեր կանանց նույնպե՞ս տանք»:

Ռուսաստան - Ֆրանսիա

  • Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
    Երկու պետությունների ղեկավարները  դատապարտեցին ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրացումը և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ արեցին շուտափույթ  հրադադար հայտարարել, լիցքաթափել սրված իրավիճակը և անհապաղ պայմաններ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու համար:

Ռուսաստան - Թուրքիա

  • ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց ունեցան:
    Հաստատվեց ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակով իրավիճակի կայունացման համար Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների սերտ կոորդինացիայի պատրաստակամությունը:
    Ռուսական կողմը ուշադրության էր հրավիրել այն ջանքերին, որոնք գործադրվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը:

Ռուսաստան

  • «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն շատ վնասակար է և կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
    «Առաջին՝ մենք կարծում ենք, որ կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին հայտարարությունը, հավանաբար, ավելի շուտ սադրիչ բնույթ է կրում լարվածության հետագա սրման համար։ Երկրորդ՝ կարծում ենք, որ նման հայտարարությունները հիմա շատ վնասակար են։ Եվ, իհարկե, մենք կարծում ենք, որ երրորդ երկրների ցանկացած մասնակցություն այդ հակամարտությանը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ»,- ասել էր Պեսկովը լրագրողներին:

Բելառուս

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
    Բելառուսը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի անդամ է։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ

  • ԱՄՆ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատել է այն տեղեկությունները, որ Թուրքիայի կողմից 100-ավոր սիրիացի վարձկաններ են տեղափոխվել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով: Խոսքը 3,000-4,000 վարձկանների մասին է, որոնք այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վճարվել են 1500-2000 ԱՄՆ դոլար:
  • ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ղեկավար Մայքըլ Մաքքոլը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս բռնկված պատերազմական գործողությունների շուրջ. «Երկու կողմերին կոչ եմ անում անհապաղ վերականգնել հրադադարը, բարեխղճորեն վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և զերծ մնալ Մինսկի խմբից դուրս այլ դերակատարների ներգրավվումից»:

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 

  • Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբին հրատապ նախաձեռնություններ ձեռնարկել այս տևական չլուծված հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Բելգիա

  • ԵԽ գագաթնաժողովին զուգընթաց բողոքի ցույց տեղի ունեցավ Բրյուսելի Շումանի հրապարարկում ընդդեմ թուրքական ագրեսիայի։

Եվրոպայի խորհրդ

  • Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն տարածեց՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին: «Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել խաղաղ լուծում»։

Թուրքիա

  • Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա Շենթոփը, անդրադառնալով Թուրքիայում բնակվող հայերի հնարավոր թիրախավորումներին, ասել է․ «Գիտենք, որ Թուրքիայի հայերն այս զարգացումների հետ որևէ կապ չունեն: Ճիշտ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրը կապել Թուրքիայի հայ քաղաքացիների հետ»։

Իսպանիա 

  • Իսպանացի պատգամավորները Կոնգրեսի դիմաց «Կեցցե Անկախ Արցախը», «Ոչ Արցախի դեմ ագրեսիային» գրառումներով պաստառներով իրենց համերաշխությունը հայտնեցին հայ ժողովրդին: Ակցիային մասնակցել են պատգամավորներ իշխող Սոցիալիստական կուսակցությունից, կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» կուսակցությունից, ինչպես նաև Բասկերի երկրի «Բիլդու» կուսակցությունից և մի քանի այլ կուսակցություններից:

Իրան

  • Իրանի նախագահ Հասան Ռոհանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է. «Ռազմական գործողությունների դադարեցումը շատ  կարևոր է Իրանի համար և Թեհրանն ակնկալում է, որ Հայաստանն ու  Ադրբեջանն ինքնազսպվածությամբ ու խոհեմությամբ քայլեր կկատարեն այս ճանապարհին: Այս հարցում ցանկացած օտարերկրյա միջամտություն ոչ միայն չի օգնելու խնդրի լուծմանը, այլև կերկարաձգի բախումները, ավելի կստի լարվածությունները և կբարդացնի իրավիճակը»:
    Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է կատարել կառուցողական դեր, որը երկու երկրի կողմից կընդունվի: 
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է. «Կովկասը տեղափոխելով որոշ հակամարտություններ պետք է սպասել ավելի մեծ ողբերգությունների քան ղարաբաղյան հակամարտությունն է։ Իրանը թույլ չի տա իր հյուսիսային սահմանները վերածել անվտանգությանն սպառնացող տարածքների»։
  • Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Թավրիզում ձերբակալեց ադրբեջանցի ազգայնականների. մի շարք ադրբեջանցի ակտիվիստներ Ղարաբաղի թեմայով միջոցառում էին կազմակերպել, որի արդյունքում բերման են ենթարկվել :

Վրաստան

  • Թբիլիսիի հայ համայնքը ակցիա իրականացրեց Թբիլիսիում, սկզբում վրացական «Mtavari archi» հեռուստեսության դիմաց՝ պահանջելով անկողմնակալ լուսաբանում, ապա շարժվել դեպի Հայաստանի դեսպանատուն՝ աջակցություն հայտնելով Հայաստանին և Արցախին։

Ֆրանսիա 

  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուղիղ եթերում հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ թուրքական Ղազիանթեփով ուղարկվել է Ադրբեջան՝ պատերազմին մասնակցելու նպատակով։ Նա նաև հայտնել է, որ տեղեկությունը հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացվել են և նրանց հետևում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։