«Սեփական կետի» գերիները


Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի «բնապահպաները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ «Լաչինի միջանցքը», իսկ 2 օր անց արդեն դադարեցրել են նաև գազամատակարարումը, մամուլն էլ տեղեկացնում է, որ ավտոբուսներով նոր մարդիկ են բերում «Լաչինի միջանցք»: 

Մեծ է թշնամու ախորժակը և հումանիտար ճգնաժամ ստեծելով ուզում է շատ ավելիին հասնել, նաև ուզում է ապացուցել, որ նույնիսկ խաղաղապահների ներկայությունն իրեն չի կաշկանդում և ուզում է, որ խաղաղպահները հեռանան, իսկ առանց խաղաղապահ զորախմբի դժվար թե Արցախում հայ մնա։ 

Ցավալին այն է, որ մեր իշխանություններն էլ վկայակոչելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ամեն ինչ թողել են ռուս խաղաղապահների վրա և դեռ մուննաթ են գալիս, ինչը ադրբեջանական քարոզչամեքենայի համար պարարտ հող է։ 

Իսկ ինչու՞ խաղաղապահները պատշաճ չեն իրականացնում իրենց պարտականությունները։ Երբևէ նման հարց տվե՞լ են իրենք իրենց մեր իշխանությունները։ Իհարկե նման հարց չեն բարձրաձայնի, որովհետև այս ամենը իրենց վարած ապաշնորհ, արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքն է։ Եռակողմ հայտարարությունը ստորագրել է ՌԴ-ը, և խնդիր առաջանալու դեպքում պիտի դիմեն ռուսներին, և հետամուտ լինեն,որ կատարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները, իսկ իրենք երկակի խաղ են խաղում և նայում են Արևմուտքին։ Լուրջ չէ։ 

Ամենևին էլ պետք չէ մեղադրել ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արևմուտքին. իրենք իրենց շահերն են հետապնդում։ Սեփական անհաջողության համար մարդ պետք է միայն ինքն իրեն մեղադրի։ Սա իմիջիայլոց։ 

Իշխանության եկավ Փաշինյանն ու հայտարարեց, որ սեփական կետից պիտի սկսի բանակցությունները։ Ու այդ չարաբաստիկ «սեփական կետն» էլ փակուղի տարավ բանակցություններն ու աղետ բերեց, դարձանք «սեփական կետի» գերին ու պատերազմից երկու տարի անց չգիտենք ոնց ենք դուրս գալու այս մղձավանջից։ Դա մեր պարտությունն էր դիվանագիտական դաշտում, իսկ դիվանագիտական դաշտում պարտություն կրողը չէր կարող հաղթանակ արձանագրել ռազմի դաշտում ու ջախջախիչ պարտություն կրեցինք։ 

Ներքին քաղաքականությունն էլ է ձախողված։ «Հեղափոխությունից» չորսուկես տարի անց խոստումները չի չկատարել, միայն սեփական թիմի բարեկեցությունն է ապահովել ու մեղադրել նախկիներին, իսկ միջազգային հանրությանը անհնար է նման ձևով վերաբերվել։ Միջազգային հանրության հետ պետք է անկեղծ լինել։ 

Բա կադրային քաղաքականությունը։ Պաշտոնյա կա, որ չորսուկես տարվա ընթացքում տարբեր ոլորտներ է ղեկավարել, բա ու՞ր մնաց պրոֆեսիոնալիզմը, նման դեպքերում զրոյական արդյունավետություն է լինում։ 

Էս բարդագույն իրավիճակում պետք էր հավասարակշռված ներքին և արտաքին քաղաքականություն։ Արտաքին աշխարհում երկիրը պիտի ներկայացնեն հմուտ դիվանագետները։ Դիվանագիտության նուրբ արվեստին տիրապետելը մի քիչ դժվար բան է, ինչպես երևում է մեր իշխանություններն էլ էդ նուրբ արվեստից հեռու են։ Պատերազմող երկիր ենք , ինչպես իշխանություներն են ասում, որ փող ունեն, բայց զենք չեն կարողանում առնել, իսկ մեր հակառակորդը աշխարհի տարբեր երկրներից զենք է առնում ու մեզ էլ ահաբեկում է, թե Երևան էլ կհասնի։ Թշնամին մեծ ախորժակ ունի ու տեսնում է, որ մենք իմունիտետ չունենք, մտքովն ինչ անցնում է հատարարում է, հետո էլ իրականություն կդարձնի։ Արդեն տևական ժամանակ է մեր սուվերեն տարածք է ներխուժել և դուրս չի գալիս։ 

Եթե Փաշինյանը պարտությունից հետո հրաժարական տված լիներ, միանգամայն այլ իրավիճակում կլինեինք, պարտված ղեկավարը չէր նստի բանակցությունների, Ալիևն էլ շատ չէր «հաբռգի»։ Բայց դեռ ամեն ինչ կորած չէ։ Կանգնած ենք պետականության կորստի շեմին։ Փաշինյանը քայլ ունի կատարելու՝ հրաժարականի քայլ։

Ջավահիր Այվազյան