Պահանջվում է անկեղծություն


Այսօրվա հրավիրած ասուլիսին հարցին, թե ելնելով տեղի ունեցող զարգացումներից՝ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո եղե՞լ են իրավիճակներ, երբ Դուք ցանկացել եք հրաժարական տալ և ո՞ր դեպքում ու ե՞րբ հրաժարական կներկայացնեք, Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Հո ամեն շաբաթ հրաժարական չե՞ն տալիս։ Իմիջիայլոց, 2018-ից հետո ես երկու անգամ հրաժարական եմ տվել։ Ինչ վերաբերվում է իշխանությանը հավակնելուն, մենք և ես ժողովրդից ստացած իշխանությունը չեմ կարող ուղղակի փողոց դուրս գալ ու ասել՝ ո՞վ է ուզում, վերցրեք։ Ժողովրդի իշխանության ճակատագիրը որոշում է ժողովուրդը։ ՀՀ-ում երկու անգամ հրաժարական եմ տվել, երկու անգամ տեղի են ունեցել ընտրություններ, որոնք մեր երկրի պատմության ընթացքում միջազգային հանրության կողմից գնահատվել են՝ որպես ազատ, արդար, թափանցիկ, մրցակցային, ժողովրդավարության կանոններին և չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Ըստ էության սրանով ամեն ինչ ասված է։ Չեմ պատրաստվում փախչել պատասխանատվությունից, որովհետև ես պատասխանատու եմ ոչ միայն նրա համար, ինչ մինչև այս պահն է տեղի ունեցել, այլև նրա համար, ինչ սրանից հետո է տեղի ունենալու։ Այդ պատասխանատվությունը պատրաստ եմ կրել մինչև այն պահը, մինչև իշխանության տերը կորոշի, որ ես այդ պատասխանատվության հետ այլևս գործ չունեմ»։ 

Իհարկե, պարոն Փաշինյան, ամեն շաբաթ հրաժարական չեն ներկայացնում, բայց ժողովրդի հետ պետք է անկեղծ լինեիք և ասեիք, որ այս տարածաշրջանում և մեր երկրի առջև ծառացած այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումն է, Ձեր ուժերից վեր է Ձեր ընտրազանգվածը Ձեզ կհասկանար, Ձեզ կհասկանային նաև Ձեր ընդդիմախոսները և շատ բարձր կգնահատեին։ Իսկ հիմա անհնար է ձեզ հասկանալ։ 

Պարոն Փաշինյան, ամենևին էլ պետք չէ հրաժարականի համար փողոց դուրս գալ, կարող եք Ձեր աշխատասենյակում հրաժարականի դիմում գրել , Հ1-ի հաղորդավարն էլ հանրությանը կներկայացնի։ Դուք մեր երկիրը կանգնեցրել եք կործանման շեմին։ 

Իսկ ինչ վերաբերվում է ընտրություներին, ապա մենք ավելի ժողովրդավարական ընտրություն ենք ունեցել, և քիչ շահարկեք ժողովրդավարություն բառը։ 

Իսկ հիմա Ձեր պատասխանատվության մասին։ Դուք միայն ասում եք, իսկ պատասխանատվությունը Ձեր ուսերից սահուն տեղափոխում եք դաշնակից պետության ուսերին, էն էլ այն պետության, որի հետ հնարավոր ու ահնար բոլոր միջոցներով մեր դաշնակցային հարաբերությունները խաթարված են Ձեր ապաշնորհ արտաքին քաղաքականության շնորհիվ։ Փորձում եք փոխել արտաքին քաղաքական վեկտորը ու Ձեզ թվում է, թե դաշնակից պետությունը չի հասկանում։ Դուք անվտանգության թիվ մեկ պատասխանատուն եք, բայց 2022թ սեպտեմբերի 13-ից թշնամին հենց այս պահին գտնվում է մեր սուվերեն տարածքում, բա ու՞ր է Ձեր պատասխանատվությունը։ 

Սահմռկեցուցիչ է, երբ ասում եք, որ սրանից հետո տեղի ունեցածին էլ եք պատասխանատու։ Ենթադրվում է, որ մեզ շատ ավելի վտանգավոր բաներ են սպասվում։ 

Լավ պարոն Փաշինյան, դուք պետության անվտանգության թիվ մեկ երաշխավորն եք, պետության անվտանգությունն էլ վտանգված է, էլ ուրիշ ի՞նչ պիտի լինի, որ հրաժարական տաք։ Անկեղծ եղեք Ձեզ և Ձեր ընտրազանգվածի հետ և հրաժարական տվեք։

Ջավահիր Այվազյան




Արձագանքներ (1)

    avatar
    0
    1 armenlur • 18:00, 10.01.2023
    այստեղ կարող եք թողնել ձեր մեկնաբանությունը
avatar