Փաստորեն սերն է մեղավոր


Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ երկարաշունչ շնորհավորական ուղերձում խոսել է գրեթե ամեն ինչից, նույնիսկ համարձակություն է ունեցել համեմատվելու Չարենցի ու Թումանյանի հետ, ձեռքբերումների մասը նույնիսկ ծիծաղելի է համատարած ձախողումների պայմաններում, նախկին հպարտ քաղաքացիները հիմա արդեն դարձել են հարազատ քաղաքացիներ, եթե մինչև հիմա մեղադրում էր նախկիններին, իսկ հիմա դաշնակից պետությանը, ամենավերջում էլ ասում է, թե այնքան շատ է սիրել մեր երկիրը, մեր պետությունը, մեզ՝ բոլորիս, որ էդ սերը ստվերել է խելամտությունը։ 

Փաստորեն սերն է մեղավոր։ Ինքը մեղավոր չէ։ Մի թեթև մանրամասնենք։ Սկզբից ասում է. «․․․երազանքի իրագործման ճանապարհին պիտի հույս դնես ինքդ քեզ վրա, միայն ինքդ քեզ վրա, և ուրեմն՝ երազանքդ ու անելիքդ պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի»: Մի քանի տող ներքև նախորդ մտքին հակասելով ասում է. «Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ 2021 թվականի մայիսից 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ընկած ագրեսիան կրկնակի ցավոտ էր, որովհետև անվտանգության ոլորտում մեր դաշնակիցները մեզ թողեցին միայնակ՝ նախընտրելով մնալ պասիվ դիտորդի կարգավիճակում կամ որպես այլընտրանք առաջարկելով ակտիվ դիտորդի կարգավիճակը։ Բայց մենք աշխարհում մենակ չմնացինք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր անտարբեր չգտնվեցին այս իրավիճակի նկատմամբ և մեր երկրի առաջ չունենալով ոչ մի պարտավորություն, գնացին աննախադեպ որոշումների՝ աջակցելու համար մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը»: Վերջում էլ հատելով պոպուլիզմի սահմանները իրեն հարազատ քաղաքացիներին դարձյալ սեր է բացատրել․ «Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով»:

Գրեթե անհնար է հասկանալը, բայց փորձենք։ Պարզվում է, Փաշինյանի սերն անչափելի է եղել։ Այնքան շատ է «սիրել» մեր երկիրը, մեր պետությունը, մեզ՝ բոլորիս, որ էդ սերը ստվերել է խելամտությունը։ Պարոն Փաշինյան, թույլ տվեք առարկել։ Եթե Դուք երկիրը մի քիչ սիրեիք, մինչև պատերազմը, երբ գերտերությունների կողմից ձեզ ներկայացվել է խաղաղ ճանապարհով 5 շրջան վերադարձնելու ծրագիրը, դուք ընտրել եք պատերազմն ու արյունը, երբ, մանավանդ ձեզ զեկուցել են, որ ձեր ասած «կիրթ հարևանը» ռազմական առումով առնվազն 5 անգամ գերազանցել է մեր ռազմական կարողությունները։ Այդ ի՞նչ սեր է, հանուն որի զոհել եք հազարավոր երիտասարդների կյանքը, հայոց բանակն ու Հայաստանի և Արացախի անվտանգությունը։ Դուք գերտերությունների պահանջը՝ 5 շրջանի խաղաղ ճանապարհով հանձնումը գերադասել եք իրականացնել արյունով՝ դրանով դեմ դուրս գալով բարի կամքի մեր դաշնակիցներին, իսկ հիմա դարձյալ փորձում եք մոլորեցնել ձեր ասած «սիրելի» ժողովրդին՝ ձեր անձնական մեղքը բարդելով նրանց վրա։ Չէի՞ք ցանկանում դավաճան կոչվել, հրաժարականի դիմում ներկայացնեիք, բայց ոչ թե երկիրը տանեիք աղետի։ Այդ պարագայում համոզիչ կլիներ Ձեր սիրո խոստովանությունը, այն ժամանակ հպարտ քաղաքացիները կհասկանային… Իսկ հիմա երկիրը ներքաշել եք պատերազմի մեջ, հազարավոր զոհեր, հողին չհանձնված դիեր, անհետ կորածներ, մենք դեռ գերիներ ունենք, կորցրել ենք Արցախը, վտանգված է մեր պետականությունը և ասել, որ սերը ստվերել է խելամտությունը՝ անբացատրելի ու անհասկանալի է։ Սա երկրի ղեկավարի խոսք չէ, նման ձևով 17-ամյա անլուրջ պատանյակը կարող է սեր խոստովանել։ 

Պարոն Փաշինյան, Ձեր ուղերձի սկզբում ասում եք, որ երազանքի իրագործման ճանապարհին մարդ պետք է հույսը դնի ինքն իր վրա, միայն ինքն իր վրա, և ուրեմն՝ երազանքն ու անելիքը պիտի լինի կոնկրետ, չափազանց կոնկրետ, չափելի և իրագործելի։ Իհարկե։ Անհնար է առարկելը։ Բայց մի քանի տող ներքև, երբ խոսքը վերաբերվում է մեր երկրի ինքնիշխանության դեմ Ձեր ասած՝ կիրթ հարևանի ագրեսիային, մեղադրում եք դաշնակիցներին, որ մեզ միայնակ են թողել և նախընտրել են պասիվ դիտորդի կարգավիճակը։ Իսկ ի՞նչ է, երկրի սահմաների անվտանգության համար կոնկրետ նպատակ ու անելիք պետք չէ՞ և հույսներս պիտի դնենք օտարի՞ վրա։ Բա պետությունը չկարողանա սեփական սահմանները պաշտպանել ու մեղադրել օտարների՞ն։ 

Մինչև Ձեր ղեկավարելը մեր սահմաները անառիկ են եղել, դաշնակցային հարաբերություններն էլ է նորմալ է եղել, բա ոնց եղավ, որ Ձեր ղեկավարման տարիներին բոլորը մեզ դեմ դուրս եկան և դաշնակից չունենհք։ Իսկ եթե 2022թ․ սեպտեմբերի 13-ին ագրեսորը կանգ առավ, էլի մեր զինված ուժերի դիմադրության շնորհիվ է եղել, մամուլը տեղեկացրել է, որ նրանց զոհերը անհամեմատ ավելի շատ են եղել, ենթադրվում է, որ դա է կանգնեցրել Ալիևին։ 

Իսկ որ մենք դաշնակից չունենք ակնհայտ է, ապացույցն էլ Արցախի շարունակվող շրջափակումն է։ Ու՞մ եք շնորհակալություն հայտնում։ Մինչև հիմա դեռ Ձեզ համար պարզ չէ, որ Ալիևի համար լումայի արժեք չունի ո՛չ մեծ տերությունների, ո՛չ միջազգային կազմակերպությունների կոչերն առանց պատժամիջոցների, իսկ մեծ տերություները պատժամիջոցներ չեն կիրառի, նրանք իրենց երկրների շահերն են հետապնդում։ Աքսիոմատիկ է։ 

Անիմաստ են թե՝ ձեր շնորհակալությունները, թե՝ մեղադրանքները։ Մենք պիտի վստահ լինենք մեր սեփական ուժերին և վարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Պարոն Փաշինյան, տանուլ եք տվել պետության քաղաքականությունը, հանուն ձեր նշած «սիրո» հեռացեք, մի տարեք մեր երկիրը նոր աղետների և նորանոր արյան։

Ջավահիր Այվազյան




Արձագանքներ (1)

    avatar
    0
    1 armenlur • 15:04, 08.01.2023
    Ձեր մեկնաբանություններ կարող եք թողնել այստեղ։
avatar