Պատմության հայկական օրը. 11 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Իսահակ Պարթև Հայրապետի Տոնը  (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Իսահակ հայրապետը Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, ով 387 թվականից ի վեր 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ՝ Ս. Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:
  • Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ են դա անում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-11, 2024-02-03, 2025-02-22, 2026-02-07, 2027-01-30, 2028-02-19, 2029-02-03, 2030-02-23։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - Համանախագահները այցելում են տարածաշրջան` հրադադարն ամրապնդելու առաջարկներով: Կարգավորման ուղղությամբ նոր մոտեցումներ կրկին չկան...

  • Միջնորդների հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր` «ժամանակն է սկսել աշխատանքը մեծ համաձայնագրի ուղղությամբ», ինչին Հայաստանի արտգործնախարարը հեռակա արձագանքել էր` նախ անհրաժեշտ է համաձայնության գալ դրա սեղմ տարբերակի`հիմնարար սկզբունքների շուրջ: «Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասել էր Նալբանդյանը։

2009 - Դատարանը նախագահի ընտրություններից առաջ ձերբակալված Գագիկ Ջհանգիրյանին հնարավորություն չի տալիս հանդես գալ հայտարարությամբ, երբ Ջհանգիրյանը դատախազ Փիլոյանին համարում է անմարդկային և անաստված անկողնուն գամված եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի հանդեպ վերաբերմունքի պատճառով։
2008 - Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայում հանդիպում է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Մեդվեդևի հետ: 

  • Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթը գրում է, որ Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 75 տոկոսը: 

2000 - Հայաստանում է թուրքական 6 հոգանոց պատվիրակությունը. Հայկական Կարմիր խաչը պետք է ապահովի Թուրքիայի երկրաշարժից տուժածների հետվնասվածքային ապաքինումը։ 
1998 - Հումանիտար օգնությամբ ՄԱԿ-ի կողմից Շրջափակման մեջ գտնվող Իրաք մեկնելու ճանապարհին Հայաստանում է ժամանում ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին։ 

  • Ժիրինովսկին ասում է, որ պետք է զսպել աշխարհին իշխելու Ամերիկայի ցանկությունը։

1932 - Երևան է այցելում հունգար գրող Բելա Իլեշը, որը Հեղափոխական գրողների միջազգային բյուրոյի գլխավոր քարտուղարն էր։

  • Կայարանում Իլեշին դիմավորում են Հայաստանի խորհրդային գրականության և արվեստի ներկայացուցիչները։ Հունգար գրողն այցելում է Հայաստանի տարբեր ձեռնարկություններ, գործարաններ, հանդիպում աշխատավորների հետ։

1829 - Ֆատհ-Ալի շահի հրոսակների հարձակմանը զոհ գնաց Իրանում Ռուսաստանի լիազոր-նախարար, ռուս մեծ բանաստեղծ և հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Վաչե Շարաֆյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար, Կալիֆորնիայի պետական համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր (2010)
1954 - Աշոտ Ջազոյան, լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար
1937 - Սերգեյ Իսրայելյան (ծնվ. Իջևան, մ. 2003), կինոօպերատոր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1937 - Ալեքսանդր Սահակով (ծնվ. Թբիլիսի, մ. 2007), լուսանկարիչ

  • Նրա աշխատանքները (9 գլուխգործոցներ) պահվում են Բիևրի (Փարիզի մոտ) լուսանկարչության թանգարանի մշտական ցուցանմուշներում։

1929 - Ալբերտ Ազարյան, աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Եվրոպայի և Ասիական խաղերի բազմակի չեմպիոն
1895 - Էլզա Շահինյան, դերասանուհի, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)
1884 - Աշխարհաբեկ Քալանթար (ծնվ. Արդվի, Բորչալի Գավառ, մ. 1942), հայ մեծավաստակ գիտնական, հայագետ և հնագետ

  • Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է 1884 թվականի փետրվարի 11–ին, Լոռու Արդվին գյուղում։ Պետերբուրգում աշակերտել է Նիկողայոս Մառին, ուսանելու տարիներից ներգրավվել Անիի պեղումներին։ 1914 թվականին դարձել է Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի վարիչ։ 1914 թվականին Մառն իր բացակայության ժամանակ նրան է վստահել Անիի պեղումների ղեկավարությունը և այդ աշխատանքների շնորհիվ են այսօր Հայաստանում պահպանվում Անիի հնագիտական նյութերը, որոնք գիտնականը փրկեց 1918 թվականին։ Մինչ այդ՝ 1917 թվականին՝ Ն. Ադոնցի հետ մասնակցել էր Վանի հնագիտական երկրորդ արշավանքներին։
  • Աշխարհաբեկ Քալանթարը Երևանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից էր, ուր նաև ստեղծեց հնագիտության ամբիոնը։ 1922 թվականին հրատարակեց հնագիտության առաջին հայերեն դասագիրքը, ինչպես և հիմնադիրներից մեկը եղավ Հայաստանում հնությունների պահպանության կոմիտեի։ Նա ղեկավարել է բազմաթիվ արշավախմբեր ու պեղումներ, իբրև հմուտ մանկավարժ պատրաստել ու կրթել է մասնագետների մի քանի սերունդներ։
  • Աշխարհբեկ Քալանթարի բեղմնավոր գիտական և մանկավարժական գործունեությունն ընդհատվեց ստալինյան բռնաճնշման տարիներին՝ 1938 թվականին, մահացավ 1942 թվականին աքսորում։

Աշխատությունները

  • «Անիի պեղումները», Հորիզոն 1907
  • Պրոֆ, Ն. Մառի պեղումները Անիում, Հորիզոն 1909
  • «Ազգային թանգարանի հարցը», Հովիտ 1909
  • Պատմական հուշարձանների ոչնչացումը ռամական գործողությունների տարածքում թուրքական ռազմաճակատում, Հորիզոն 1916
  • «Վանստան» 1933
  • Վիշապների դարաշրջանի ջրաբաշխական համակարգը, 1935
  • «Նյութեր հայկական և Ուրարտական պատմությունից»
  • «Հայաստան. Քարե դարից միջնադար», Երևան, 2007

Քալանթարին նվիրված հուշատախտակի բացում

  • 2006-ին Երևանի Տերյան փողոցի թիվ 62 տան առջև բացվել է Քալանթարին նվիրված հուշատախտակ։ Աշխարհբեկ Քալանթարը ապրել է այդ տանը 1935-38 թթ.-ին։ Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը, Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը։

1858 - Մելքոն Մուրզաև, երդվյալ հավատարմատար; Ռուսական կայսրության III Պետական դումայի պատգամավոր
1818 - Անտոն Գարագաշյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1903), հայ պատմաբան, փիլիսոփա, հայ համեմատական պատմագրության հիմնադիրը

  • Գարագաշյանը հայ քննական պատմագրության հիմնադիրն է: Պատմագիտական հայացքները դրսևորվել են «Նկարագիր ուսմանց…» (1845) և «Քննական պատմութիւն Հայոց» (մաս 1-4, 1880-95) աշխատություններում: «Քննական պատմութիւն Հայոցն» ընդգրկում է հայ ժողովրդի ծագումից մինչև 5-րդ դարի ազատագրական շարժումների ավարտը (484) ընկած ժամանակաշրջանը: Թերագնահատել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոցը», մերժել հայ ժողովրդի ծագումը ըստ Աստվածաշնչի մեկնաբանող իր նախորդների տեսակետները, ցույց տվել, որ հայերը հնդեվրոպական ժողովուրդների մի առանձին ճյուղ են: Հայաստանի պատմությունը շարադրել է համաշխարհային պատմության ընդհանուր հենքի վրա, անտեսել է ժողովրդի գործուն մասնակցությունը 5-րդ դարի ազատագրական պատերազմներին:
  • Դեռևս Հովսեփ Գաթըրճյանի և Ղևոնդ Հովնանյանի հետ թարգմանած Բոսուետի «Խօսք վասն տիեզերական պատմութեան» (1841) աշխատության մեջ Գարագաշյանը գրաբարը բաժանել է դասական և հետդասական շրջանների: «Նկարագիր ուսմանց»-ում անդրադարձել է նաև առաջին թարգմանությունների և պատմիչների լեզվին: Նրա քերականական ձեռնարկներից մի քանիսը, ինչպես «Դպրություն կամ նոր քերականություն հայերեն», «Գործնական քերականություն հայ լեզվի» և «Համառոտ նոր քերականություն» և այլն, 1860-1890-ականներին արժանացել են 8-10 տպագրության:



avatar