Պատմության հայկական օրը. 19 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Գիրք նվիրելու օրը (Book Giving Day) 

  • Փետրվարի 19-ը՝ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս ավանդույթը սկիզբ է առել 2008 թվականից և, բնականաբար, պատահական չէ, որ այն որոշվել է նշել հենց մեծանուն հայ գրողի ծննդյան օրը, քանի որ մեզանից շատ շատերը գիրքը ճանաչել ու սիրել են հենց Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների, անկրկնելի ստեղծագործությունների շնորհիվ:
  • Գիրք նվիրելու օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ գրքեր են նվիրաբերվում մանկատներին, գրադարաններին, դպրոցներին: Այս տոնին հերթեր են գոյանում նաև գրախանութներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է իր սիրելի գիրքը գնել ու նվիրել հարազատին:

Բուն Բարեկենդան (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք:
  • Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի  խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով  սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
  • Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն՝ մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):
  • Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավվում է, այլ Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:  Մեծ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):
  • Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Ժողովրդական սովորության համաձայն՝ Մեծ Պահքի կիսվելու` Միջինքի օրը,  բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն՝ բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում: Մեծ Պահքի շրջանում արգելված է պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:
  • Հայ եկեղեցում տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է:
  • Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող եղբայրակցին դատելու.«Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3):
  • Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց, այլ` ի փառս Աստծո: Պահքի նպատակն է մեր մարմինը վարժեցնել սակավապետության, որպեսզի հարստացնենք մեր հոգևոր կյանքը: Եթե մեկն ինքնանպատակ է պահք պահում, այսինքն` փառասիրության, կեղծավորության կամ էլ նիհարելու համար, ապա այն Աստծուն ընդունելի չէ, որովհետև ապաշխարության նպատակով չէ:
  • «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի   մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լուա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը՝ գաղտնաբար. և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»: (Մատթ 6:16 - 18)
  • Վարդապետներն  ասում  են,  որ  այն  պարագային  է  մարմնի պահքը գեղեցիկ, երբ հոգին իրեն զերծ է պահում մեղքերից: Եվ ի՞նչ օգուտ մարմինը պահքով նվազեցնելուց, եթե հոգին գիրացնում ենք մահացու մեղքերով: Պահքը հոգին սնուցելու միջոց է. շարականներ, ավետարանական ընթերցումներ, աղոթքներ, ահա այն ամենը, որոնցով պիտի սնվի հավատացյալ մարդու հոգին պահքի ընթացքում:
  • «Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, - ասում է Տերը: - Քանդիր անիրավության հանգույցը, խորտակիր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ներիր ու արձակիր նեղյալներին և պատռիր բոլոր անիրավ մուրհակները»: (Եսայի 58:3 – 6)
  • Պահքը անպայման պետք է զուգորդվի աղոթքներով, որով կառաջնորդվենք դեպի ավետարանական ճշմարտություններ, դեպի հավատք, դեպի Աստված:
  • Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակի: Այդ կիրակիները կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ, որոնք կազմել են Հակոբոս Տյառնեղբայրը և Կյուրեղ Երուսաղեմացին: Այդ կիրակիներն   են`Բուն   բարեկենդան,  Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի և Գալստյան: Այս անվանումներն ինքնըստինքյան ցույց են տալիս յուրաքանչյուր կիրակիի խորհուրդը, և բոլորը միսնաբար կազմում են «ոսկե շղթա», որոնցով ծանոթանում ենք մարդու անցած ճանապարհին` աշխարհի արարչագործությունից մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 19.02.2023, 11.02.2024, 02.03.2025, 15.02.2026,  07.02.2027, 27.02.2028, 11.02.2029, 03.03.2030։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2013 - Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Բաղրամյան 26-ում հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ հասկանալու համար, թե ինչու են կեղծվել ընտրությունները։

  • Հովհաննիսյանի առաջին հարցն է՝ տիկին Սարգսյանն ինչպե՞ս է։ Լավ է,- ասում է Սարգսյանը։

2008 - Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։

  • Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ թեկնածուների թվում էր 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
  • Ընտրապայքարն ընթացավ «ավազակապետության» վերածված իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ժողովրդի միջև։ Իշխանությունները չունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, դիմեցին զանգվածային ընտրակեղծիքների, ինչն առիթ հանդիսացավ, որ 100 հազարավոր մարդիկ դուրս գան բողոքի ցույցերի։
  • Հանրահավաքային ալիքն օր-օրի ընդլայնվեց՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգ ստեղծելով պետության գլխին կանգնած զավթիչների համար։ Այն ընդհատվեց մարտի 1-ին, երբ, խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառվեց՝ ժողովրդի դեմ դուրս բերելով պետական բոլոր ուժային կառույցները՝ այդ թվում և բանակը՝ տալով առնվազն 10 զոհ և 500 վիրավոր և քաղբանտարկյալներ: 

2004 - Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում` ՆԱՏՕ֊ի ուսուցողական կուրսերի ընթացքում, կացնահարում է լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին`քնած ժամանակ:

  • 2006-ին հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտում է ցմահ ազատազրկման: 2012֊ին Բուդապեշտը նրան արտահանձնում է Ադրբեջան, որտեղ Ի.Ալիևը ներում է շնորհում ու պարգեևների արժանացնում:

2003 - Հայաստանում տեղի են ունենում նախագահի 4-րդ ընտրությունները։ 

  • Հիմնական թեկնածուները նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանն են։ Քոչարյանի օգտին խախտումներն աննախադեպ էին։ Էջմիածնում լցոնումներն ու ահաբեկումները համակարգում էին քաղաքապետն ու պատգամավոր Հակոբ Հակոբյանը Ճոյտ մականվամբ։ Արտաշատում այդ օրը Քոչարյանի օգտին քվեների համար բաժանվում էր ալյուր, իսկ Երևանի Նոր Նորքում՝ 2 հազարական դրամ ընտրակաշառք։ Բոլոր կաշառվածներին տրվում էր Քոչարյանի օգտին քվեարկած թերթիկներ և պահանջում տեղամասից դուրս բերել մաքուր քվեաթերթիկներ։ 

2001 - «Առավոտ» օրաթերթը, հոկտեմբերի 27-ի մեղադրական եզրակացությանը հղում կատարելով, գրում է, որ ահաբեկչության նախապատրաստմանը տեղյակ է եղել ԱԱԾ երկու աշխատակից: 

  • Սերժ Սարգսյանն ասում է, որ գործի նյութերին ծանոթ չէ:

2000 - Հայ ազգը վերջին հրաժեշտն է տալիս 75 տարի առաջ մահացած զորավար Անդրանիկ Օզանյանին: 

  • Հաջորդ օրը զորավարի աճյունը տեղափոխվում է Մայր Աթոռ, որտեղ տեղի է ունենում հոգեհանգստյան պատարագ։
  • Նույն օրը զորավարի աճյունն ամփոփվում է Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի գերեզմանի կողքը:

1998 - Պետական համալսարանում նշում են ղարաբաղյան շարժման 10-ամյակը: 

  • Ամբիոնի առջև ելույթ ունեցողներից մեկը ուսանողական շարժման նախկին առաջնորդ Նաիրի Հունանյանն է: Նրան ունկնդրողներից է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: 
  • Նրանից հետո ամբիոնին է մոտենում Վազգեն Սարգսյանը: Նաիրիի դեմքին լայն ժպիտ է:
  • Վազգեն Սարգսյանը հայտարարում է, որ հրաժարվում է «Զինապարտության մասին» օրենքի իր տարբերակից, ըստ որի 18 տարին լրանալուն պես բանակ պետք է գնան բոլորը, ներառյալ ուսանողները:

1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց պատվիրակություն գործուղել Հռոմ ՝ ԵԱՀԽ Մինսկի խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:
1992 - Ղարաբաղում ավելի քան 20 մարդ է զոհվում հուժկու գնդակոծություններից։

  • Ըստ հայկական կողմի, հակառակորդը գործի էր դնում ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ Գրադ հրթիռահրետանային համազարկային կայանք, որը միջազգային համաձայնագրով արգելված էր կիրառել խաղաղ բնակչության դեմ:
  • Ծանր հրետանու հարվածներից վնասվում է նաև Ստեփանակերտի խորհրդարանի շենքը։

1992 - Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ 
1988 - Ղարաբաղի հարցով առաջին հանրահավաքը Բաքվում։
1988 - Ղարաբաղի հիմնախնդիրը մտավ ԽՍՀՄ ԳԱ նստաշրջանի օրա­կարգ և քննարկվեց փակ նիստում:

  • Որոշումը քվեարկվեց և հրա­տարակվեց մարտի 5-ին, որը, սակայն, ոչնչով չթեթևացրեց լարված իրավիճակը:

1919 - Շուշիում գումարվեց արցախահայության չորրորդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու համար։

  • Բրիտանական առաքելությունը հանդես եկավ պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ համարեց վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։
  • Հունվարի 15-ին Ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել էր Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։
  • Հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Ղարաբաղ-Զանգեզուրից. այդ ընթացքում տեղի ունեցան արցախահայության ևս երկու համագումարներ։
  • Օգոստոսի 13-ին հրավիրված արցախահայերի յոթերորդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջը, լուծումն Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։

1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Արսեն Գալստյան (ծնվ. Ներքին Կարմիր Աղբյուր), ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն - 2009, աշխարհի առաջնության մրցանակակիր - 2010, 2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն
1963 - Ջեկ Կաչկարյան (ծնվ. Դամասկոս), խոշորագույն դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն, բարերար

  • 1999 թ. նա հիմնադրում է սեփական դեղագործական ընկերությունը, որն այսօր աշխարհի խոշորագույն ընկերություններից է։ 2000 թ. գնում է "Karver Holdings" անդրազգային կորպորացիայի և "Inyx Inc"միջազգային դեղագործական ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։ 2003 թ. նրանց է միանում Կանադական "Miza Pharmaceuticals Inc" դեղագործական ընկերությունը։
  • Ջեք Կաչկարյանը համարվում է Կանադայի ամենահարուստ մարդկանցից մեկը։

1948 - Արմեն Ավետիսյան (ծնվ. Կիրովական, մ. 2003), գեղանկարիչ, գրաֆիկ, 1970-ական թթ Սանկտ Պետերբուրգի անդերգրաունդի ներկայացուցիչ

  • 1975-ին առաջին անգամ բարձրացրել է Լենինգրադի հայկական տաճարների վերականգնման հարցը։
  • Առաջարկել է վերակենդանացնել Զատկի տոնին բանտարկյալներին ներկած ձվեր նվիրելու հին ռուսական ավանդույթը և 90-ականների սկզբին այդ գաղափարն իրականացրեց «Կրեստի» բանտում, դարձավ «Կրեստի» հասարակական բարեգործական հիմնադրամի գեղարվեստական ղեկավարը և այնտեղ կազմակերպեց առաջին գեղարվեստական ցուցահանդեսը:

1944 - Հիլբերտ Բիբերյան (ծնվ. Ստամբուլ), կիթառահար և կոմպոզիտոր, կիթառի պրոֆեսոր

  • Բիբերյանի ստեղծագործությունները կիթառի համար հարստացրել են այդ գործիքի երգացանկը և ամուր տեղ են գտել աշխարհի շատ կիթառահարների երգացանկում։

1933 - Գուրգեն Փաշինյան (ծնվ. Կիրովական), դատական բժիշկ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ

  • Դատական ատամնաբուժության աշխարհում առաջին դասագրքի հեղինակ է։

1921 - Զավեն Նագաշյան (ծնվ. Երևան, մ. 1991), փայտի որմնանկարիչ, Հայաստանի ժողովրդական վարպետ
1907 - Սարգիս Սարգսյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1992), խորհրդային արտիստ, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1895 - Սեմյոն Սարկիսով (մ. 1971), նեյրոֆիզիոլոգ

  • ԽՍՀՄ-ում առաջիններից է, որ սկսեց ուսումնասիրել կենտրոնական նյարդային համակարգի էլեկտրական ակտիվությունը։
  • Կազմակերպել է ԽՍՀՄ-ում առաջին էլեկտրոէնցեֆալոգրաֆիական լաբորատորիան։

1876 - Իսահակ Ալիխանյան (ծնվ. Դուշեթի, մ. 1946), դերասան, ռեժիսոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1923), Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

  • Առաջին հայ դերասանն է, որ արժանացել է «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» կոչմանը։
  • Նրա անունով փողոց է անվանակոչվել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում։

1869 - Հովհաննես Թումանյան (ծնվ. Դսեղ, մ. 1923), բանաստեղծ, հրապարակախոս, գրող, հասարակական գործիչ

  • 1899-ին նրա ղեկավարությամբ Թիֆլիսում կազմավորվեց «Վերնատուն» գրական խմբակը, որտեղ գալիս էին այնպիսի նշանավոր հայ գրողներ, ինչպիսիք են Ավետիք Իսահակյանը, Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն։
  • Մի խումբ հայտնի հայ գրողների (Լեո, Շանթ, Վ.Փափազյան) հետ հայկական դպրոցների համար կազմել և հրատարակել է «Լուսաբեր» այբբենարանն ու ընթերցանության գիրքը, ինչպես նաև «Հայ գրողներ» գրական քրեստոմատիան:
  • Հովհաննես Թումանյանն ամուսնացել է 19 տարեկանում, ունեցել է ամուր և մեծ ընտանիք (10 երեխա՝ 4 որդի և 6 դուստր, որոնցից մի քանիսը հետագայում դարձել են հայտնի հասարակական գործիչներ)։ Թումանյանի որդիներից Արտավազդը (1894-1918) զոհվել է 1918 թ. Կովկասյան ճակատում թուրքական զորքերի հարձակման ժամանակ։ Մյուս երեք որդիները՝ Մուշեղը (1889-1938), Ամլիկը (1896-1937) և Արեգը (1900-1938) բռնադատվել և գնդակահարվել են ստալինիզմի դարաշրջանում։ Սեդա և Անուշ Թումանյանները հայտնի թումանյանագետներ են։

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1820 - Հովսեփ Գաթրճյանը, պատմաբան, հայագետ 




avatar