Պատմության հայկական օրը. 26 փետրվար


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2009 - Շփման գծում հրադադարը խախտվում է ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ։

  • Ըստ Ստեփանակերտի, Հորադիզի մոտակայքում նախատեսված մոնիտորինգի հենց սկզբից ադրբեջանական կողմից կրակոցներ էին արձակվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, պնդում է, թե կրակոցները հնչել էին հայկական կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կարգադրել էր դադարեցնել մոնիտորինգը:
  • Միջադեպից հետո, «Ազատության» հետ զրույցում, դեսպանը նշել էր`«միջադեպը բավական լուրջ էր, նաև այն առումով, որ տեղի է ունեցել հենց դիտարկման ժամանակ, երբ երկու կողմերը երաշխավորում են, որ ոչ մի կրակոց չի լինելու»:
  • Կասպրշիկը միաժամանակ խուսափել էր մատնանշել մեղավորին, պնդելով, թե խրամատներում դժվար է կողմնորոշվել` թե ով է իրականում կրակել եւ որտեղից. - «Եթե որեւէ մեկի ձեռքից չենք բռնել, եթե չի եղել քննություն, որ կողմերից մեկը իր վրա վերցներ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար, ապացույցներ ստանալը գործնականում անհնար է»,- ասել էր դիվանագետը, ով շփման գծում դիտորդական առաքելություն է իրականացնում 1996֊ից:

2008 - Հայաստանի իշխանությունների կազմակերպած ստիպողական հանրահավաքի 200 հազար մասնակիցները շարժվում են Ազատության հրապարակ և միանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին։

  • Որոշ խմբեր «Հի՛-մա՛, Հի՛-մա՛» կոչերով փորձում են Ազատության հրապարակում հավաքվածներին ուղղորդել դեպի Բաղրամյան 26՝ գրավելու նախագահական նստավայրը, որտեղ սպասում էին մինչև ատամները զինված ուժայինները։ Այս սադրանքը մեծ դժվարությամբ կանխվում է։

2001 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը դատավճռով Սամվել Բաբայանին զրկում է Արցախի հերոսի կոչումից և գեներալ լեյտենանտի զինվորական աստիճանից: 

  • Դատարանը Բաբայանին դատապարտում է 14 տարվա ազատազրկման ամբողջ գույքի բռնագրավումով: 

2001 - Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը և Ալբերտ Բազեյանը ստեղծում են ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը: 
2000 - «Աջակցություն Հարավային Կովկասի լրագրողներին» սեմինարի շրջանակներում Հայաստան են ժամանում ադրբեջանցի 6 լրագրող: 
1999 - Կարեն Դեմիրճյանի նախագահությամբ տեղի է ունենում Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջին համագումարը: 
1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ տեղի ունեցավ Խոջալուի արյունահեղությունը։
1988 - Միխայիլ Գորբաչովը ընդունեց հայ գրողներ Սիլվա Կապուտիկյանին և Զորի Բալայանին։
1828 -
Սկսվում է պարսկահայերի վերաբնակեցումը Արևելյան Հայաստան և Անդրկովկաս:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1971 - Էլեն Սեգարա (ծնվ. Սի-Ֆուր-Լե-Պլաժ, Ֆրանսիա), ֆրանսահայ երգչուհի իտալո-հայկական ծագմամբ

  • Հայրը ծագումով իտալացի է, մայրը՝ հայուհի Թերեզան։ Սեգարան իր հայկական արմատների մասին հաճախ է հիշում։ Նրա համար հայկական ժառանգությունh իրեն դրսևորելու հնարավորություն է։ Երգչուհու համար կարևոր է կապը պահպանել հայկական աշխարհի հետ։ Նա հաճախ է հանդիպում Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, մասնակցում Հայաստանին նվիրված բարեգործական ակցիաներին։

1948 - Արա Մաթևոսյան (ծնվ. Լենինական), դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
1922 - Նադեժդա Սիմոնյան (ծնվ. Դոնի Ռոստով, մ. 1997), կոմպոզիտոր, բալետների, սիմֆոնիկ և երգչախմբային ստեղծագործությունների, կանտատների, ջութակի և դաշնամուրային համերգների, դաշնամուրային մանրապատկերների, կինոերաժշտության հեղինակ

  • Ն. Սիմոնյանը համարձակ երաժիշտ-փորձարար է։ Օգտագործելով ռուսական, հայական, սկանդինավյան, լատինաամերիկյան, Աֆրիկյան և այլ բանահյուսությունները ստեղծել է անկրկնելի բնորոշիչ երաժշտական կերպարներ։ 
  • Ն. Սիմոնյանի դաշնամուրային ստեղծագործությունները կատարվել են ԽՍՀՄ-ում և արտերկրում ՝ Գերմանիայում, Բրազիլիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավսլավիայում։
  • Իր վերջին «Մարիա Ստյուարտ» բալետը (ըստ Շիլլերի) ավարտել է 75 տարեկանում։ Կյանքից հեռանալուց հետո նրա ամուսինը՝ Յու.Գ. Պրոկոֆևը, բալետի հիման վրա կատարել է համանուն նվագախմբային սյուիտ։

1900 - Սուսաննա Մառ (Սուսաննա Չալխուշյան, ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1965), բանաստեղծուհի, թարգմանիչ
1877 - Միքայել Մանվելյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1944), գրող, թատերական դերասան
1802 - Գաբրիել Պատկանյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1889), աստվածաբանության մագիստրոս, քարոզիչ, մանկավարժ, պատմաբան, Լուսավորիչ, բանաստեղծ, խմբագիր; «Արարատ» ամսագրի հրատարակիչը, Նոր Նախիջևան քաղաքի առաջին մատենագիրը

  • Նրա աշակերտների թվում հետագայում եղել են ամենահայտնի նախիջևանցիները՝ Միքայել Նալբանդյանը և իր որդին՝ Ռաֆայել Պատկանյանը։
  • Նա ծանոթացել է լեհ բանաստեղծ Ադամ Միցկևիչի հետ, ով այնքան հիացած էր հայ համեստ քահանայի խելքով և կրթությամբ, որ նրան նվիրել է իր սոնետներից մեկը: