Պատմության հայկական օրը. 9 փետրվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում:
  • Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց:
  • Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-02-09, 2024-02-01, 2025-02-20, 2026-02-05, 2027-01-28, 2028-02-17, 2029-02-01, 2030-02-21։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - «Այսօր ես լսեցի այս ձեռքերին, որոնք ժամանակին երկիրն անկախության են առաջնորդել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: 

  • Նա նաև հրապարակել էր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի լուսանկարները։

2020 - Ամերիկյան Կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի 2020 թվականի «Օսկար» մրցանակների «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում առաջադրվեց ամերիկահայ սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Սթիվեն Զաիլյանը, ով գրել է «Իռլանդացին» ֆիլմի սցենարը։

  • «Իռլանդացին» քրեական դրաման, որը նկարահանվել Է Մարտին Սկորսեզեի կողմից Զաիլյանի սցենարով, պատմում է ծերանոցի ծերունու պատմությունը, որը 1950-ականներին երիտասարդ տարիքում քրեական հեղինակություն է դառնում «իռլանդացի» մականունով: Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն։

2012 - Խորհրդարանի նիստում հանրապետականները օրինագծերի ընդունման համար զանգվածաբար քվեարկում են բացակա ընկերների փոխարեն:
2001 - Բաղրամյան 26-ի մոտ հավաքված միտինգավորները պահանջում են Պարույր Հայրիկյանի հրաժարականը Քոչարյանին առընթեր հանձնաժողովի նախագահի պաշտոնից:  

  • Հայրիկյանը հայտնել էր, որ Նաիրի Հունանյանի և իր ընկերների թիկունքում ոչ ոք չկա: 

1999 - Աղմկահարույց սպանություններ. Պաշտոնական վարկածով երկու կրակոցով՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում ինքնասպանություն է գործել ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը:

  • Նախորդ տարվա հունվարի 21-ին նույնպես կրակոցներ էին կատարվել Արծրուն Մարգարյանի վրա: 

1998 - Ռոբերտ Քոչարյանը «իրավիճակի փոփոխման» պատճառաբանությամբ, առանց դատարանի որոշման բանտից ազատ արձակեց ՀՅԴ ներկայացուցիչներին:
1963 - Խորհրդային Հայաստան է ժամանում իրանահայ հայրենադարձների հերթական խումբը։

  • Իրանահայերի ներգաղթի ծրագիրը սկսվել էր 1962-ին, սակայն Հայաստան էր եկել ընդամենը մի քանի տասնյակ մարդ։ 1963-ից ներգաղթի ծավալն ավելանում է, և տարվա ընթացքում հայրենիք է վերադառնում 2000-ից ավելի հայ։
  • Երևանի կայարանում իրանահայերի խմբին դիմավորում է Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ Գուրգեն Գևորգյանը։

1924 - Նախիջևանի ինքնավար մարզի ձևավորումը ԽՍՀՄ-ի կազմում։
1921 - Հայաստանի Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն՝ անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
1916 - ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին։

  • 1915 թվականին հայ քաղաքական և հասարակական գործիչ Վահան Քարդաշյանը հիմնում է Հայաստանի անկախությանը նպաստող Ամերիկյան կոմիտե: Հետաքրքրական է այն փաստը, որ կոմիտեի բոլոր անդամները , բացառությամբ Քարդաշյանի, ամերիկացիներ էին:
  • Կոմիտեի անդամներ դարձան ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործիչներ. 72 սենատորներ և Եվրոպայում գտնվող 9 ներկայացուցիչներ, այդ թվում Ջեյմս Ջերարը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գլխավոր խորհրդական Չառլզ Էվանս Հյուզը: Կարճ ժամանակում կազմակերպությունը ներկայացուցչություններ բացեց եկրի 22 նահանգներում, որոնք ակտիվ աշխատանք էին տանում Հայաստանի անկախության ճանաչման համար: Հենց նույն ժամանակաշրջանում Ամերիկյան կոմիտեին հաջողվեց հասնել նրան, որ երկրի 24 նահանգներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: 
  • Նույն աշխատանքներն էին տարվում նաև 1916 թվականին: Թիվ 12 որոշման մեջ ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց.
  • «Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին`օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և անպատմելի տառապանք»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1935 - Էռնեստ Հարությունյան, կենդանաբան
1939 - Երվանդ Թերզյան, աստղագիտության դոկտոր-պրոֆեսոր 

  • Երվանդ Թերզյանը ծնվել է 1939 թ. Ալեքսանդրիայում։ 1968-ից եղել է Ամերիկայի Կորնելի համալսարանի ռադիֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների փոխտնօրեն: Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը: 1960-ից բնակվում է ԱՄՆ-ում, 1967-ից աշխատում է Կորնելի համալսարանում: 1965-ին արժանացել է աստղագիտության դոկտորի, 1977-ին՝ ուսուցչապետի աստիճանների: Եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա մարմնավորում է մեր գիտության ինտեգրումը միջազգայիի գիտական հանրությանը: 1967-ից Աստղագետների միջազգային միության անդամ է:
  • Հիմնական աշխատությունները վերաբերում են ռադիոաստղագիտական մեթոդներով մոլորակաձև միգամածությունների, միջաստղային նյութի, ուլտրամանուշակագույն ավելցուկ ունեցող գալակտիկաների ֆիզիկական հետազոտություններին: Անդամակցում է մի շարք գիտական ընկերություների` ԳԱԱ արտաս. անդամ (1990) Միջազգային Աստղագիտական միություն 1967,Ամերիկյան աստղագիտական Ընկերություն, Sigma Xi (Գիտահետազոտական ընկերություն) Նյու Յորքի աստղագիտական միություն, Գիտական ՈՒսումնասիրությունների ընկերություն, Հունական Աստղագիտական Ընկերություն, Գիտության Զարգացմանը խթանող Ամերիկյան Ընկերություն., Հայկական աստղագիտական միության հիմնադիրներից (ArAS, 2001):

1913 - Վալենտին Լալայանց, նկարիչ-բեմադրող, անիմատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր 

  • Գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1934-ին որոշ ժամանակ ազատ արվեստագետի կարգավիճակ ուներ, աշխատում էր պայմանագրերով։ Մեկ տարի անց ընդունվում է «Մոսֆիլմ» կինոստուդիա։ 1937-ին տեղափոխվում է «Սոյուզմուլտֆիլմ», որտեղ նա աշխատել է ընդմիջումներով, որոնցից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանակում ծառայելն էր։
  • Արդյունավետ աշխատել է նաև Բրումբերգ քույրերի հետ, իսկ մինչ՝ այդ Ալեքսանդր Վասիլևիչ Իվանովի ՝ խորհրդային մուլտիպլիկացիայի ավագանու հետ։

1903 - Վազգեն Շուշանյան, հայ գրող (վ. 1941)
1888 - Երվանդ Կողբետլյանց, ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար (վ. 1974)
1886 - Ալեքսանդր Մյասնիկյան, քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ 

  • Ծնվել է 1886թ. Նոր Նախիջևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին: 1917թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում: 1917թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա` նահանգային կոմիտեի քարտուղար: 1921թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ: 1922թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Զոհվել է 1925թ. ավիավթարից:

1885 - Վահան Տերյան (մ. 1920), բանաստեղծ, հասարակական գործիչ 

ՄԻ ԽԱՌՆԵՔ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: 

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե'ս-
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա'
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո'չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի'ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի'ր, սի'րտ իմ, ե'լ հավատով տոկուն,
Կանգնի'ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

1872 - Արմեն Գարո, քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից 




avatar