Պատմության հայկական օրը. ապրիլի 12


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը  Ադրբեջանում և եվրոպական երկրներում կոռուպցիայի և փողերի լվացման մասին բանաձև է ընդունել:

  • «Կոռուպցիոն լվացքատուն՝ արձագանքում նոր մարտահրավերներին փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում» վերտառությամբ զեկույցը հեղինակել է հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենը:

2017 - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ստեղծողներին:
2016 - Եվրախորհրդարանի Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինքի իսպանացի ներկայացուցիչ Ժոզեֆ­ Մարիա Տերիկաբրասը ԵԽ լիագումար նիստի ելույթում պահանջեց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին ներառել Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում: 
2015 - Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված Ս. Պատարագի արարողության ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
2015 - Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված Պատարագի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը Սբ Գրիգոր Նարեկացուն պաշտոնապես «Եկեղեցու տիեզերական ուսուցիչ» հռչակեց։ 

  • 95 աղոթք ներառող «Մատյան ողբերգության» պոեմի հեղինակ, 10-րդ դարի հայ վանականը դարձավ կաթոլիկ «եկեղեցու դոկտորի» տիտղոսը կրող 36-րդ աստվածաբանը:

2015 - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Վատիկանից հետ կանչեց իր դեսպանին, այն բանից հետո, երբ Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագի ժամանակ 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը կոչեց «ցեղասպանություն»: 
2012 - Ընդդիմության առաջնորդները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ առաջինն այցելեցին Եղվարդ քաղաք, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: 

  • Առաջին նախագահը կարծիք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դադարել է լինել Սերժ Սարգսյանի կցորդը, և ԲՀԿ-ն փորձում է անկախ լինել: Ուստի հնարավորություն կա ապագայում ունենալ ավելի քաղաքակիրթ խորհրդարան, որը կարող է հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը: 
  • Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց քաղաքացիներին քվեարկել ցանկացած քաղաքական ուժի օգտին, բացի Հանրապետականից, և նրա կույրաղիքը հանդիսացող «Օրինաց Երկիր» կուսակցությունից:

1995 - Կազմավորվեցին Հայաստանի մարզերը։
1918Երեկոյան ժամը 9-ին առանց կրակոցի Կարս են մտնում թուրքական 11-րդ դիվիզիայի ներկայացուցիչները. Կարսում գտնվող հայկական զորքերի հրամանատարությունը՝ առանց դիմադրության քաղաքը հանձնում է թուրքերին։

  • Մինչ այդ հաջողությամբ դիմադրող հայկական զորքերին հրաման էր տրված  նահանջել Ալէքսանդրապոլ։
  • Կարսի հանձնումը Հայ ժողովրդի պատմության ամենախայտառակ էջերից է։ Ունենալով զորք, զենք զինամթերք հայկական զինվորական հրամանատարությունը չի պաշտպանում գերազանց պաշտպանական կառուցներ ունեցող Կարսը, այլ ենթարկվում են Անդրկովկասի նորաստեղծ հանրապետության վարչապետ Չխենկելու և պատերազմի նախարարի պաշտոնակատար Օդիշելիձեի Թիֆլիսից  հեռագրված հրամաններին, որտեղ պահանջում էին անհապաղ հանձնել Կարսը թուրքերին՝ ակնկալելով, որ թուրքերը կդադարեցնեն պատերազմական գործողությունները։

1915 - Կարսի Առաքելոց տաճարում ապրիլի 12-ին տեղի է ունեցել 1915-ի ոգեկոչում-հոգեհանգիստ:

  • Սա Հայոց ցեղասպանությունը հիշատակելու-ոգեկոչելու առաջին ձեռնարկներից է հայոց մեջ:

1204 - Խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները գրավեցին Կոստանդնուպոլիսը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Էմմի (Էմմա Բեջանյան, ծնվ. Երևան), հայ փոփ երգչուհի

  • Ծնվել է ջազային երգչուհի Նադեժդա Սարգսյանի և ջազային դաշնակահար Դավիթ Բեջանյանի ընտանիքում։

1953 - Բեռնար Չուլույան (ծնվ. Մարսել, մ. 2019), ձյուդոիստ, առաջին հայը, որը ձյուդոյի օլիմպիական մեդալ է նվաճել 1980-ին Մոսկվայում, աշխարհի առաջնություն (1979, արծաթե մեդալ, Փարիզ), աշխարհի առաջնություն (1981, ոսկե մեդալ, Մաաստրիխտ, Նիդեռլանդներ)
1933 - Մոնսերատ Կաբալյե (ծնվ. Բարսելոնա, մ. 2018), Իսպանիայի օպերային երգչուհի (սոպրանո) 20 դարի լավագույն սոպրանոներից

  • 1974 թվականին Կաբալյեն ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից։
  • 2013 թ. հունիսի 4-ին, հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ։ Ստեփանակերտում մեծն երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

1919 - Հովհաննես Չոլաքյան, Ստամբուլի հայ կաթողիկե արքեպիսկոպոս
1914 - Արմեն Ալչիան (ծնվ. Ֆրեզնո, մ. 2013), տնտեսագիտության դոկտոր, Ադամ Սմիթի մրցանակի դափնեկիր

  • Միակ հայը, որը պարգևատրվել է Ադամ Սմիթի հեղինակավոր մրցանակով՝ համաշխարհային տնտեսության առողջացման գործում ունեցած ակնառու վաստակի համար։
  • Արմեն Ալչիյանի անունը ներառված է ԱՄՆ-ի նշանավոր տնտեսագետների փառքի սրահում:

1913 - Նար Հովհաննիսյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1995), ժողովրդական երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)
1892 - Գաբրիել Գյուրջյան (ծնվ. Արտվին, մ. 1987), գեղանկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1945)
1884 - Վահան Գալստյան (ծնվ. Թիֆլիս), հայ խորհրդային դերասան, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1864 - Մկրտիչ Ավետիսյան-Թերլեմեզյան (ծնվ. Վան, մ. 1896), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ

  • 19-րդ դարի վերջին քառորդում, հատկապես 1877-78-ին ռուս-թուրքական պատերազմին հաջորդած տարիներին Վանում ազգանվեր գործին իր արժանավայել զորակցությունը բերեց Մկրտիչ Ավետիսյանը։ Մկրտիչ Ավետիսյանը Արմենական կուսակցության հիմնադիրներից է։ Մկրտիչ Պորտուգալյանի հետևորդներից էր, որի հետ Մարսելում հիմնել էր «Հայաստան» թերթը։
  • 1896-ի Համիդյան կոտորածների ժամանակ Մկրտիչը կազմակերպել է Վանի ինքնապաշտպանությունը, որտեղ և սպանվել է թուրք զինվորների կողմից։

1848 - Ամիրան Մանդինյան (մ. 1913), Կովկասի հայկական թատրոնների արտիստ