Պատմության հայկական օրը. ապրիլի 18


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարը կողմերին հրավիրել է Վաշինգտոն։

  • Էլմար Մամեդյարովն ասել էր, թե պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան խնդրում «ճեղքում» գրանցելու համար:Հայկական կողմը չի հերքում, բայց և չի հաստատում այս տեղեկությունը:

2018 - Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային գործողություններին է անդրադառնում Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական քարտուղարությունը, Human Rights Watch միջազգային կազմակերպությունը:

  • Առավոտյան բողոքի գործողությունները վերսկսվում են մայրաքաղաք Երևանում, Գյումրիում, Արմավիրում, Վանաձորում, Գավառում:
  • Երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում ցուցարարներն իրականացրեցին երթ դեպի ՀՀ վարչապետի նստավայր:

2016 - «Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի». Հարաբերական հրադադարից օրեր անց զինվորները սկսեցին մանրամասներ պատմել հայկական դիրքերի անմխիթար վիճակի, զենքի պակասի ու բահերով կռվելու մասին։

  • Քառօրյա պատերազմից մեկ տարի առաջ` 2015֊ի հունվարին, մինչդեռ, Հայաստանի նախագահը պնդում էր` «մեր բանակի մարտական պատրաստվածությունը բավականաչափ բարձր մակարդակի վրա է: « Մենք համալրում ենք, և որևէ մեկից ոչ պակաս ենք համալրում մեր զինանոցները, մեր ռազմական պահեստները, մեր սպառազինությունը, զինամթերքը, մեր տեխնիկան: Եվ ամեն անգամ զանգվածային կիրառման զինատեսակների հետ զուգահեռ մենք ձեռք ենք բերում նաև ժամանակակից և հատուկ դեպքերում կիրառվող զինատեսակներ: Մենք որևէ մեկից այդ մասով հետ չենք մնում: Այո, գումարները, որ դրված են մեր բյուջեում, այդքան շատ խոսուն չեն, միլիարդների չեն հասնում, բայց ես ձեզ հավատացնում եմ, որ մեր բանակը զենք-զինամթերքի շատ մեծ պակաս չունի»:

2002 - Եթեր է դուրս գալիս «9-րդ ալիք» հայկական մարզային ոչ պետական հեռուստառադիոընկերությունը:

  • Եթեր է հեռարձակվում 2002 թվականի ապրիլի 18-ից Վանաձոր քաղաքում 23 դեցիմետրային ալիքով:

1877 - Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Ա. Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը։

  • Այստեղ մնացած ռուսական փոքրաթիվ կայազորը, հայ կամավորների աջակցությամբ, հունվարի 6-28-ը հերոսաբար մաքառել է քաղաքը պաշարած թուրքական և քրդական գերակշիռ ուժերի դեմ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Յուրի Հայրապետյան (ծնվ. Երևան), շախմատի միջազգային գրոսմայստեր, գործարար
1979 - Քորթնի Քարդաշյան (ծնվ. Լոս Անջելես), ֆոտոմոդել, դերասանուհի

  • Քիմ Քարդաշյանի քույրը։

1974 - Սեբաստիեն Դե Կուրտուա (ծնվ. Մոնպելյե), իրավաբան, լրագրող և պատմաբան, Հետազոտողների ֆրանսիական միության անդամ
1968 - Իգոր Դորֆման-Լազարև (ծնված. Մոսկվա), Միջերկրածովյան և Մերձավոր Արևելքի Դարեմի համալսարանի (Անգլիա) աստվածաբանության և կրոնի կենտրոնի ուսումնասիրության բաժնի  դասախոս 
1962 - Անահիտ Տոնապետյան (ծնվ. Լիոն), գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայագիտական հետազոտությունների միջազգային խորհրդի անդամ, Փարիզի լեզվաբանների միության նախագահ
1958 - Այդին Մորիկյան (ծնվ. Երևան, մ. 2009), հայ հասարակական գործիչ
1944 - Ալեքսանդր Քաջվորյան, կինոռեժիսոր, Հայաստանի Հեռուստառադիոպետկոմի և «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ռեժիսոր
1938 - Լևոն Մանվելյան (ծնվ. Երևան), նեյրոֆիզիոլոգ, ուղեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպության և Նյու Յորքի ԳԱ (ԱՄՆ)անդամ
1930 - Ժան Վանդոմ (Օհան Թուդարյան, ծնվ. Լիոն, մ. 2017), նկարիչ, ոսկերիչ, Պատվո լեգեոնի շքանշանակիր
1927 - Առնոլդ Գրիգորյան (ծնվ. Երևան, մ. 1999), գրող, սցենարիստ
1926 - Ջիմ Թորոսյան (ծնվ. Երևան, մ. 2014), ճարտարապետ
1922 - Կարին Կուշնարևա (Կարինե Կուշնարևա, ծնվ. Թիֆլիս, մ. 2006) հնագետ, Հարավային Կովկասի պատմության մասնագետ, պատմական գիտությունների դոկտոր
1918 - Թամարա Ավետիսյան (ծնվ. Տաշքենդ), երգչուհի, Հայաստանի Հանրապետության արվեստի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս, Ուկրաինայի վաստակավոր արտիստ
1909 - Նինա Տեր-Օսիպյան (ծնվ. Բաքու, մ. 2002), դերասանուհի, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1954); ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1972)
1904 - Անահիտ Մկրտումյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1970), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)
1897 - Ամասիա Մարտիրոսյան (ծնվ. Երևան, մ. 1971), կինոռեժիսոր, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)
1862 - Հենրի Ֆինիս Բլոս Լինչ (ծնվ. Լոնդոն, մ. 1913), իռլանդացի աշխարհագրագետ և ճանապարհորդ, հայագետ, հասարակական-քաղաքական գործիչ

  • Լինելով Անգլիայի խորհրդարանի անդամ, նա քննադատության է ենթարկել արտաքին գործերի նախարար է. Գրեյի քաղաքականությունը Հայկական հարցում, հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։
  • Մահվանից քիչ առաջ Լինչը անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ նվիրված հայկական բարեփոխումների նախագծին։
  • Մխիթարյանների «Բազմավեպ» ամսագիրը գրել է, որ նրա մայրը հայուհի էր, Հայկական Սոցիալիստական հանրագիտարանում ՝ տատիկը։

1858 - Ալեքսանդր Շիրվանզադե (ծնվ. Շեմախա, մ. 1935), հայ գրող, դրամատուրգ, հայկական ռեալիզմի հիմնադիրներից մեկը, Հայկական ԽՍՀ ժողովրդական գրող (1930), Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական գրող (1930)

  • Նրա մի շարք ստեղծագործություններ, որոնք գրվել են Բալզակի անվիճելի ազդեցության տակ, բացահայտում են բուրժուական հասարակության արատները։ Գրել է ավելի քան քառասուն գիրք՝ վեպեր, վիպակներ, դրամաներ։

1856 - Անտոն Դեմյանովիչ (ծնվ. Օդեսա, մ. 1916), Ռուսաստանի կայսրության պետական դումայի I, II, III և IV գումարումների պատգամավոր Բեսարաբայի նահանգից: 
1813 - Մակար Առաջին Տեր-Պետրոսյան (ծնվ. Թեղուտ, Հայաստան, մ. 1891), Ամենայն հայոց կաթողիկոս

  • Նրա ջանքերով 1885-ին ցարական կառավարությունը վերանայեց 1884 թ.հունվարի 27-ին ընդունված «Կովկասի հայ-Գրիգորյան եկեղեցական վարժարանների մասին» իր որոշումը, թույլատրեց վերաբացել հայկական դպրոցները և վերականգնել կաթողիկոսի իրավունքները։
  • Մակար Ա-ն զբաղվել է Էջմիածնի շինությունների նորոգմամբ, մասնավորապես, շքեղ շենքի կառուցմամբ, որտեղ տեղադրված են եղել տպարան և ձուլարան, ձեռք է բերել գերազանց տպագրական մեքենա: