Պատմության հայկական օրը. ապրիլի 2


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
  • Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11:9-10):
  • Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
  • Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ հալածեց խավարը: 
  • Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան Դրախտում: Եվ ինչպես առաջին ժամանակաշրջանում Կայենը նախանձից սպանեց Աբելին, այդպես էլ հրեաները, չարը խորհելով, սպանեցին Քրիստոսին ու դարձան Կայենի անեծքի ժառանգորդները:
  • Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս Իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ Ինքն է Աստծո Գառը, Ով կամենում է պատարագվել մեր փրկության համար: Քանզի, ըստ Օրենքի, հրեաները զատկական գառը Զատկի տոնից հինգ օր առաջ էին տուն տանում:
  • Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:
  • Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
  • Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր՝ Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, ազատելու գերիներին և տեսողություն պարգևելու կույրերին, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-02, 2024-03-24, 2025-04-13, 2026-03-29, 2027-03-21, 2028-04-09, 2029-03-25, 2030-04-14:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Արցախի ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի համար մղված մարտերում նահատակված ևս 52 հերոս զինծառայողների անունները
2021 - ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանության մասին իր ամենամյա զեկույցը, ուր առանձին անդրադարձ կա Հայաստանի՝ 2020 թ.-ի զարգացումներին
2016 - Լայնամասշտաբ ռազմական գործողություններ տեղի ունեցան Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը տևեց 4 օր և անվանվեց Ապրիլյան քառօրյա պատերազմ:

  • Ըստ ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի, հայկական կողմը կորցրել է 800 հա տարածք: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների, հայկական կողմի տարածքային կորուստները կազմում են ավելի քան 2000 հա, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության ներքո է անցել մարտավարական նշանակության ընդարձակ տարածք:
  • Ըստ որոշ հրապարակումների, հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ, ըստ ադրբեջանական մամուլի՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր:

2004 - Երևանի կենտրոնից դեպի Նորք բարձրացող ճոպանուղու վագոնը 15 մետր բարձրությունից ընկնում է Ամառանոցային փողոցի առանձնատներից մեկի բակի տարածքում: 

  • Վագոնի 11 ուղևորներից երկուսը տեղում մահանում են, մեկ այլ ուղևոր՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, չորրորդը՝ հիվանդանոցում:

2002 - Ռոբերտ Քոչարյանի նշանակած Հեռուստատեսության և ռադիոյի անկախ հանձնաժողովը «Ա1+»-ի զբաղեցրած 37-րդ կապուղին տալիս է ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը։ 

  • Եթերազրկման հաջորդ օրերին մայրաքաղաքում տեղի էին ունենում խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված հանրահավաքներ։ Միջազգային կառույցները հայտարարեցին, որ Հայաստանը վտանգավոր ճանապարհ է մտնում ազատ խոսքի վրա ձեռք բարձրացնելով։

1998 - Նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանը հայտնում է իր կասկածը նախագահի ընտրությունների օրինական ընթացքի մասին, սակայն «ինքը ժողովրդին փողոց հանող չէ», մնալու է քաղաքականության մեջ և պայքարելու է Սահմանադրության շրջանակներում։
1993 - Հայկական կողմը վերահսկողության տակ է առնում Քարվաճառի (Քելբաջար ) շրջանը։

  • Օրեր շարունակված ռազմական գործողությունը հնարավորություն է տալիս բացել Ղարաբաղը Հայաստանին կապող Մարտակերտ-Վարդենիս երկրորդ ցամաքային ճանապարհը։

1992 - Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ստորագրվեց առևտրային հարաբերությունների մասին  համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 1992 թ. ապրիլի 7-ին։

  • Նույն օրը ստորագրվեց նաև ներդրումների խրախուսման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավստորագրման պահից։

1918 - Ապրիլի 2-6-ը Շուշիում տեղի էր ունեցել հայ-թաթարական առաջին համագումարը հավասար` 45-ական պատգամավորների մասնակցությամբ։

  • Կարճ ժամանակ անց հիմնադրվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները։
  • Ադրբեջանի մայրաքաղաք դարձավ Ելիզավետպոլը (Գյանջա). թաթարները նահանգի ամբողջ տարածքին տիրելու հավակնություն ներկայացրին։ Նրանց աջակցեցին օսմանյան զորքերը՝ Նուրի փաշայի գլխավորությամբ։
  • Հայ-թաթարական մեկ այլ համագումար մայիսի 29-ին տեղի ունեցավ Ասկերանում, երբ հռչակվել էին երեք անդրկովկասյան հանրապետությունները, որի լուրը համագումարը հավանաբար դեռ չուներ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1958 - Հասմիկ Նուրիջանյան (ծնվ. Երևան), Լատվիայի հայերի կայքի հիմնադիր և խմբագիր Karap.lv
1949 - Վրեժ Իսրայելյան (ծնվ. Երևան), արձակագիր, դրամատուրգ
1938 - Լեոնիդ Միլ (ծնվ. Կաունաս, Լիտվա, մ. 1992), բանաստեղծ-թարգմանիչ, թարգմանել է Գրիգոր Նարեկացի
1928 - Ջոն Գիզիրյան (ծնվ. Ուայթինսվիլ, ԱՄՆ, մ. 2006), ԱՄՆ բանակի ռազմական հետախուզության փոխգնդապետ

  • Նրա մայրը՝ Մարիցան, և հայր Մեսրոպը ծնվել են Խարբերդում։

1913 - Արև Բաղդասարյան (ծնվ. Շուշի, մ. 1994), դերասանուհի, աշխարհի ժողովուրդների երգերի և պարերի կատարող, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961)

  • 1964 թ. Ինդոնեզիայում խորհրդային արվեստի առաջատար վարպետների հյուրախաղերի ժամանակ Հայաստանի ժողովրդական արտիստուհի Արև Բաղդասարյանը համերգներից առաջ տեղում պատրաստել էր ինդոնեզական ինքնատիպ երգ-պար՝ «Ողջ աշխարհը ես անցել եմ» և ելույթ ունեցել ինդոնեզացի հանդիսատեսի առջև։ Այդ համարն այնքան հաջող էր ստացվել, որ անկախության պետական պալատում համերգին դահլիճում ներկա այդ երկրի նախագահ Սուկարնոն, հիացած նրա գեղեցիկ կատարումներով, բեմ բարձրացավ և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո սկսեց պարել նրա հետ։
  • 1906 - Ստեփան Սպանդարյան (ծնվ. Մոսկվա, մ. 1987), բասկետբոլիստ, խորհրդային բասկետբոլի հիմնադիրներից; ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1943), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957), ԽՍՀՄ չեմպիոն (1937)
  • Գրական քննադատ, հրապարակախոս և ռուսական հեղափոխական շարժման գործիչ Սուրեն Սպանդարյանի որդին է։

1896 - Սողոմոն Թեհլերյան (ծնվ. Պակարիշ, Թուրքիա, մ. 1960), ազգային-ազատագրական շարժման գործիչ
Թեհլերյաինը «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային։ 

  • Համաշխարհային առաջին պատերազմը սկսվելուն պես նա ժամանել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։
  • 1915-ին` Ցեղասպանության ընթացքում, կորցրել է իր ողջ ընտանիքը` ծնողներին, եղբայրներին ու քույրերին: Ջարդերից հետո հրաշքով կենդանի է մնացել ու ապաստան գտել քրդերի մի ընտանիքում, որտեղից էլ փախել է Արևելյան Հայաստան: 
  • Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձաններ են կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում։

1893 - Գասպար Վարդազարյան (ծնվ. Էրիվան, մ. 1981), գործարար, հասարակական գործիչ, Փարիզի ռուսահայերի միության գանձապետ (1940-ական թթ.), նախկին կոմբատանտների հայ սպաների միության նախագահ (1954-ից)
1888 - Մարիետա Շահինյան (ծնվ. Մոսկվա, մ. 1982), գրող, հասարակական գործիչ

  • Հետաքրքիր փաստ է. 20-րդ դարի ամենատաղանդավոր ռուս վեց գրողներից (Մարինա Ցվետաևա, Աննա Ախմատովա, Թեֆի, Զինաիդա Հիպպիուս, Նինա Բերբերովա, Մարիետա Շահինյան) երկուսը հայ էին: Երկուսն էլ երկարակյացներ էին, իսկ նրանցից մեկը նաև չտեսնված գեղեցկուհի: 

1827 - Յուզեֆ Նիկորովիչ (ծնվ. Զբոյսկ, Ուկրաինա, մ. 1890), լեհահայ, կոմպոզիտոր և դաշնակահար

  • 1893 թ. Լեհաստանի գրական-գեղարվեստական ընկերությունը լեհական մշակույթի բնագավառում ունեցած հսկայական վաստակի համար Կրակովում թողարկել է արծաթե հուշամեդալ՝ ի պատիվ Յուզեֆ Նիկորովիչի և Կորնելիա Ուեյսկու:
  • 1927-ին կոմպոզիտորի հարյուրամյակի տոնակատարության օրերին Լվովի փողոցներից մեկին շնորհվեց Յուզեֆ Նիկորովիչի անունը: