Պատմության հայկական օրը. ապրիլի 23


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է 

Աշխարհամատրան կիրակի (Կանաչ կիրակի) Հայ Առաքելական եկեղեցի

  • Հիսուս Քրիստոսի Հարության` Ս. Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կիրակի՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այս եկեղեցին համարվում է Սիոնի վերնատունը, որտեղ Հիսուս Քրիստոս հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը: Աշխարհամատրան կիրակին կոչվում է նաև Կանաչ կիրակի, որն ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ տոնի ժողովրդական անվանումն է, կապված բնության, գարնանային զարթոնքի հետ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-23, 2024-04-14, 2025-05-04, 2026-04-19, 2027-04-11, 2028-04-30,  2029-04-15, 2030-05-05:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն:

  • Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:

2018 - Ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

  • Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:
  • Ուղերձ է հղում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. «Ես ողջունում եմ ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ եմ անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը»։
  • ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց. «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու ու պահպանելու հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասությունների, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։
  • ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին հայտարարեց. «ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցելու Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին»:

2013 - Երևանի տարբեր թաղամասերում ոստիկանների աչքի առջև անարգել ծեծի էին ենթարկվում ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ։ 

  • Նոր Նորքում Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապոյանը հարվածել էր ընդդիմադիր լրագրող Հակոբ Կարապետյանին, ով փորձում էր տեսագրել Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում հանրապետականների ընտրական հանդիպումը։ 
  • Իսկ 17-րդ թաղամասում ծեծի էր ենթարկվել ՀԱԿ քարոզչական թերթիկները տարածող Ալեքսանդր Հախվերդյանը։

2013 - Նախագահականի առջև չդրոշմապիտակված սկվառակների վաճառքի արգելքի դեմ բողոքի ակցիա էր։
2002 - Բողոքի ակցիա տեղի ունեցավ «Առագաստ» սրճարանի մոտ՝ ջազ փառատոնի փակման ժամանակ` Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից 2001թ սեպտեմբերի 24-ին Պողոս Պողոսյանի սպանության առիթով։
2000 - Ապագա Հյուսիսային պողոտայի տարածքում բնակվող մոտ 500 ընտանիքներ բողոքում էին, թե հայրենի կառավարությունն իրենց բռնի տեղահանության է ենթարկում։ 
1999 - Հայ հեղափոխական դաշնակցությունն սկիզբ է դնում ջահերով երթի ավանդույթին։ 

  • Երեկոյան ջահերով երթ է տեղի ունենում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր։ Միջոցառման պարտադիր ատրիբուտներից է Թուրքիայի դրոշի այրումը։

1998 - Երիտասարդական կուսակցությունը պահանջում էր ԱՄՆ Կոնգրեսից ընդունել հայոց ցեղասպանության փաստը ճանաչող և դատապարտող բանաձև։ 
1982 - Տեղի ունեցավ «Հին օրերի երգը» հայկական ֆիլմի պրեմիերան:
1955 - Համերգային ծրագրով Լեհաստանում էր Գոհար Գասպարյանը։

  • «Ապրիլի 23-ին իմ առաջին անհատական համերգն էր... Կատարեցի 17 համար և մոտ մեկ տասնյակ երգ էլ կրկնեցի։ Վարշավայում և մյուս քաղաքներում ես երգեցի Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյան, Ռախմանինով, Վառլամով, Բախ, Մոցարտ, Շուբերտ... Երաժշտագետ Կարլ Բորովսկին խնդրեց կատարել Կոմիտասի «Քելե, քելեն»։ Դահլիճը ջերմորեն ընդունեց։ Ծաղիկներ, շատ ծաղիկներ ստացավ մեր մեծ Կոմիտասը»,- պատմում էր երգչուհին։
  • Լեհական մամուլը գրում էր. «Սովետական Հայաստանում է լիովին դրսևորվել նրա մեծ տաղանդը, այնտեղ է երգչուհին ձեռք բերել կատարողական մեծ վարպետությունը։ Նրա առջև բաց են Սովետական Միության բոլոր համերգային դահլիճների ու էստրադաների դռները»։

​​​​​1923 - Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը:

  • Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.
  • «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
  • Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:
  • Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջավադ Ղազեմյան (ծնվ. Կաշան, Սպահան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան

  • Մասնակցել է ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի ԱՖԿ գոտու մրցաշարին:

1951 - Էմիլ Տեր-Ստեփանյան (ծնվ. Կարաունջ), Վիեննայի համալսարանի պրոֆեսոր; Բիզնեսի ակադեմիայի իսկական անդամ; Ուկրաինայի տրանսպորտի ակադեմիայի իսկական անդամ
1937 - Սերգեյ Այդինյան (ծնվ. Ղրիմ, մ. 2021), հունահռոմեական ոճի ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վարպետ
1931 - Էդուարդ Ասլամազով (ծնվ. Պյատիգորսկ, մ. 2018), ուրոլոգ վիրաբույժ, անդրոլոգ; Ռուսաստանի վաստակավոր բժիշկ, ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի ղեկավարներից մեկը
1931 - Գարեգին Կարապետյան (ծնվ. Լենինգրադ, մ. 2017), ապակու օպտիկայի և սպեկտրոսկոպիայի մասնագետ; ՌԴ Գիտության վաստակավոր գործիչ
1926 - Արամ Ավագյան (ծնվ. Նյու Յորք, մ. 1987), մոնտաժող, ռեժիսոր, դերասան, սցենարիստ
1925 - Ակնունի Աստվածատրյան (ծնվ. Լենինգրադ, մ. 2010), ապակենկարիչ; ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ
1925 - Աիդա Մանասարովա (ծնվ. Վոլոգժա, մ. 1986), ռեժիսոր, սցենարիստ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1980)
1918 - Վահրամ Եղշատյան (ծնվ. Ղարաքիլիսա, մ. 2008) հայ դերասան, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1897 - Արամ Ռաֆայելյանց (ծնվ. Թիֆլիս, մ. 1961), ավիակոնստրուկտոր, աշխարհում առաջին ուղղահայաց թռիչքով ռեակտիվ ինքնաթիռի ստեղծողը 
1865 - Ալեքսանդր Ծատուրյան (ծնվ. Զակատալի, մ. 1917), բանաստեղծ, թարգմանիչ

  • Նրա շատ բանաստեղծություններ դարձել են ժողովրդական երգեր։

1857 - Էմանուել Մաղդեսյան (ծնվ. Արմյանսկ, Ղրիմ, մ. 1908), ծովանկարիչ

  • Նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում պահպանվել են նրա ընդամենը մի քանի տասնյակ նկարներ, որոնցից շատերը գտնվում են մասնավոր հավաքածուներում։