Պատմության հայկական օրը. ապրիլի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2009 - Սփյուռքահայությունը մեղադրում է ԱՄՆ նախագահ Բա­րաք Օբամային նախընտրական խոստումը՝ հայոց ցե­ղա­սպա­նության ճանաչումը չկատարելու մեջ։
1983 - Հարավսլավական Զագրեբ քաղաքի Միջազգային բիենալեում առաջին անգամ հնչում է Ավետ Տերտերյանի 6-րդ սիմֆոնիան, որը կոմպոզիտորը գրել էր 1981-ին։

  • Տերտերյանն ասում էր, որ 6-րդ սիմֆոնիան «տիեզերական պատարագ է»։
  • «Այստեղ կյանքը, մահը և ծնունդը կարծես միաձուլված են։ Ես ձգտում էի հասնել մշտական հիշողության մարմնացմանը՝ մենք զգում ենք անցավորների ներկայությունը, հիշատակը նրանց մասին ապրում է մեր մեջ, մեր արվեստում, մարդկության հանրային գիտակցության մեջ»,- բացատրում էր Տերտերյանը»։

1947 - Երևանի Պիոներների պալատի դահլիճում տեղի է ունենում հայրենադարձ հայերի ժողով, որի առիթը Անկարայի ռադիոյի և թուրքական որոշ լրատվամիջոցների հակասովետական քարոզչությանը հակադարձելն էր։

  • Նրանք հաղորդումներ էին հեռարձակում՝ փորձելով հետ պահել հայերին Խորհրդային միություն վերադառնալուց։ Խորհրդային Հայաստանից հնչեց բավականին կոշտ ու վճռական պատասխան։
  • «Հանգամանքների տարօրինակ բերումով, Անկարայի ռադիոն և թուրքական մամուլը ցուցաբերեցին իրենց «հոգացողությունը» հայերի նկատմամբ 1915 թվի ապրիլյան եղեռնալից դեպքերի հենց տարելիցին։ Բայց գաղութահայությունը չի դառնա նրանց պրովոկացիայի զոհը։ Անկարայի ստախոսները կարող են դիմել ամեն տեսակի լպիրշ միջոցների, որովհետև այդ նրանց սիրած զբաղմունքն է, բայց հասնել նպատակներին՝ չեն կարող»,- գրում էր «Սովետական Հայաստան» ամսագիրը։

1930 - Սկսվում է Երևան, Լենինական, Կիրովական քաղաքների մարդահամարը։ Ցուցակագիրները շրջում էին քաղաքի բոլոր շրջաններում և գրանցում իրականում քաղաքում ապրող մարդկանց, բացի զորամասերից։

  • Քաղաքային բնակչության հաշվառումը պայմանավորված էր արդյունաբերական զարգացմամբ և բնակչության թվի ավելացումով։ Եթե 1914թ. Երևանում ապրում էր 29 հազար մարդ, ապա 1930-ին այդ թիվը մոտ երեք անգամ ավելացել էր՝ հասնելով 86 հազարի։

1909 - Ադանայում տեղի է ունենում քրիստոնյաների կոտորածի երկ­րորդ ալիքը։

  • Հայերը, որոնց նախօրոք զինաթափել էին, չեն կարողանում դիմադրություն ցույց տալ։ Արդ­յուն­քում՝ 2000 սպանված։

775 - Մեծ Հայքի Բագրևանդ գավառի Արծնի գյուղում, Արածանիի ափին տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը, հայկական և արաբական զորքերի միջև:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Կարեն Ղազարյան (ծնվ. Երևան), «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն
1959 - Վարուժան Փամբուկչյան (ծնվ. Բուխարեստ) Ռումինիայի հասարակական և քաղաքական գործիչ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր

  • 1989թ. ստեղծել է Ռումինիայի հայերի միությունը։

1951 - Հայկ Հարությունյան (ծնվ. Նոյեմբերյան) աստղագետ, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
1949 - Էլիզա Չախոյան (ծնվ. Երևան), տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու
1935 - Սթիվեն Հանեսյան (ծնվ. Ալեքսանդրիա), Մոնրեալի համալսարանի քիմիայի պրոֆեսոր
1924 - Վլադիլեն Բալյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, երգչախմբի դիրիժոր, հասարակական գործիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)

  • 1966-1972 թթ. ստեղծել է կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը Երևանում։

1918 - Հարություն Հակոբյան (ծնվ. Իգդիր, մ. 2005), էստրադայի արտիստ, աճպարար-մանիպուլյատոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1950), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)

  • Ի տարբերություն իր բազմաթիվ գործընկերների, ովքեր լայնորեն օգտագործում են ժամանակակից տեխնիկան, նրա գործիքները զարմանալիորեն պլաստիկ և խելացի ձեռքերն են։ Խորհրդային կրկեսի պատմության մեջ նա առաջինն է արժանացել «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» կոչմանը։
  • Հարություն Հակոբյանի որդին՝ Հմայակ Հակոբյանը, նույնպես հայտնի աճպարար է։

1907 - Գուսան Աշոտ (Աշոտ Դադալյան, ծնվ. Գորիս, մ. 1989), հայ նշանավոր գուսան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1967)

  • Գուսան Աշոտի երգերը կատարել են հայ ժողովրդական երգի լավագույն վարպետները՝ Շարա Տալյանը, Վաղարշակ Սահակյանը, Հովհաննես Բադալյանը, Արև Բաղդասարյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Բելլա Դարբինյանը և ուրիշներ:

1904 - Լև Շահումյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1971), խորհրդային մեծ հանրագիտարանի խմբագիր

  • Ստեփան Շահումյանի որդին:

1903 - Միքայել Մալունյանց (ծնվ. Բաքու, մ. 1973), դիրիժոր, մանկավարժ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)
1897 - Արո Ստեփանյան (ծնվ. Գանձակ, մ. 1966), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)