Պատմության հայկական օրը. ապրիլի 26


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Երևանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը սկսել է խախտել հրադադարը նաև հայ֊ադրբեջանական սահմանին։

  • Գնդակոծումների հետևանքով վնասվել էր Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզը: Բաքուն իր հերթին պնդում էր, թե բանակը մեկ զոհ է տվել` հայկական զինուժի կրակոցից։

2010 - ԵԽԽՎ Հայաստանի հարցի զեկուցողներ Պրեսկոտի և Կոլումբիեի ներկայացրած փաստաթղթով Հայաստանի իշխանությունների առջև ժողովրդավարական բարեփոխումների ժամանակացույց կազմելու հստակ պահանջ էր դրված, ընդ որում պահանջվում էր, որ ժամանակացույցը կազմելիս հաշվի առնվի ընդդիմության կարծիքը։
2007 - Ռոբերտ Քոչարյանն ընդունում է ամերիկյան դիվանագետներին` ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրիի գլխավորությամբ:

  • Զրույցի մանրամասները հայտնի են դառնում «Վիկիլիքսի» բացահայտումների շնորհիվ: Կողմերը քննարկել են ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը և մասնավորապես անդրադարձել հանդիպումից կարճ ժամանակ առաջ տեղի ունեցած քաղաքական սկանդալին, երբ հրապարակվել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ու բրիտանացի դիվանագետի գաղտնի զրույցը: Քոչարյանը պատմել է, թե ինչպես է Արթուր Բաղդասարյանը ցանկացել կրկին հայտնվել իշխանության մեջ և այդ մասին համապատասխան խնդրանք փոխանցել նախագահական:

1999 - Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Վաշինգտոնում. բանակցությունների մեկնարկին ներկա էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մ. Օլբրայթը։

  • ՆԱՏՕ֊ի 50֊ամյակի առթիվ կազմակերպված գագաթնաժողովի ընթացքում Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիևը երկու ժամ զրուցում են ԱՄՆ պետդեպարտամենտի շենքում` փակ դռների ետևում: Ավարտին Քոչարյանը վերահաստատում է Հայաստանի աջակցությունը Մինսկի խմբի առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակին: Հ.Ալիևը նորից կրկնում է` այդ նախագիծն անընդունելի է Բաքվի համար:
  • Ավելի ուշ`ելույթ ունենալով Քարնեգիի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, Հ.Ալիևը հայտարարել էր`«մենք չենք ուզում, որ պատերազմը վերսկսի, թեև Ադրբեջանի ժողովուրդն արդեն կորցնում է համբերությունը...մարդիկ պահանջում են անցնել ռազմական գործողությունների, ասում են`կամ մենք կվերադարձնենք մեր հողերը, կամ`կմեռնենք: Մենք կանխում ենք այդ փորձերը, և կշարունակենք այդպես նաև ապագայում, սակայն, դա չի կարող հավերժ շարունակվել»:

1999 - Լուսավորության նախկին նախարար Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է և, որ իշխանությունը յուրացրած մարդկանց խումբը Հայաստանում կասեցրել է սահմանադրական կարգը։
1925 - Ցեղասպանությունից փրկված երեխաների համար ԱՄՆ հովանավորությամբ որբանոց է ստեղծվում ներկայի Լուկաշին գյուղի տարածքում, որտեղ գետնափոր կառույցներում որբացած մանուկներին էին տեղավորել:

  • Հենց այդ որբանոցում ապաստանած մանուկների ձեռքերով մեկ տասնյակ տարի անց կառուցվում է Լուկաշին գյուղատնտեսական մանկական գաղութը:
  • Երևանից ժամանած հյուրերի և 125 պատանի որբերի մասնակցությամբ գյուղի կենտրոնում հիմնարկեքի արարողության ժամանակ քարի մեջ մոտ 70 սմ խորությամբ փոսում դնում են հրանոթի պարկուճ, ներսում գյուղի հիմնադրման մասին արձանագրությունն էր` Լուկաշինի, Թամանյանի, Հակոբյանի, Զարուբյանի և Քարմամբյանի ստորագրություններով:
  • Գյուղի տարածքում թաղված փաստաթուղթը 61 տարի անց` 1986 թ. ապրիլի 28-ին` գյուղի գազիֆիկացման աշխատանքների ժամանակ, գտնում են որբերի ժառանգները:

1909 - Երիտթուրքերը լիովին վերահսկում են Կոստանդնու­պո­լիսը, քաղաքում ռազմական դրություն է հայտարարվում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Արթուր Դալալոյան (ծնվ. Տիրասպոլ), ռուս մարմնամարզիկ, 2020 թ. օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ:
1986 - Սուրեն Պապիկյան (ծնվ. Ստեփանավան), ՀՀ պաշտպանության նախարար
1954 - Լևոն Էյրամջյանց (մ. 2001), դիվանագետ

  • Աշխատել է արաբական երկրներում, Եվրոպայում, միջազգային կազմակերպություններում։

1925 - Ջերարդ Լևոն Գաֆէսճեան (ծնվ. Նյու Յորք, մ. 2013), գործարար և բարերար

  • Գաֆեսճյանը եղել է աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում և Հունգարիայում գինեգործական գործարանների համասեփականատերը, ինչպես նաև նշանակալի դիրք էր զբաղեցնում Ֆլորիդայի և Մինեսոտայի անշարժ գույքի շուկայում:

1914 - Հովհաննես Շիրազ (Հովհաննես Կարապետյան, ծնվ. Գյումրի, մ. 1984), ժողովրդական բանաստեղծ

  • 1935-ին լիրիկական բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրապարակումից հետո, Ատրպետը երիտասարդ Հովհաննեսին տվեց «Շիրազ» կեղծանունը՝ նրա պոեզիան համեմատելով պարսկական Շիրազի վարդերի հետ։
  • Շիրազը հայ պոեզիայի դասական է։ Նրա ստեղծագործության հիմնական թեմաները հայրենասիրությունն ու մայրությունն են։ Նա Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Թումանյանի քնարական ժողովրդական ավանդության շարունակողն է։
  • Աչքերիս մեջ գարնան օրեր, 
    Ճամփես` բախտիս սարերն ի վեր` 
    Ելնում եմ ես քարերն ի վեր, 
    Ելնում եմ ես սարերն ի վեր` 
    Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր: 
         
    Բախտս աստղերն են վեր պահել, 
    Ջահել եմ ես ու ձիս ջահել, 
    Չեմ նկատւմ քարեր ճամփիս, 
    Չեմ նկատում սարեր ճամփիս, 
    Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս: 
         
    Շանթն է բեկվում ճակտիս վրա, 
    Մահ չգիտեմ` կա թե չկա, 
    Ելնում եմ ես ահերն ի վեր, 
    Ելնում եմ ես մահերն ի վեր, 
    Ահե՜ր, մահե՜ր, գահե՜րն ի վեր: 
         
    Աչքերիս մեջ գարնան օրեր, 
    Ճամփես դեպի աստղերն անմեռ, 
    Ինձ ելնելու քարեր կան դեռ, 
    Ինձ ելնելու սարեր կան դեռ, 
    Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր կան դեռ:

1912 - Հովսեփ Մուրադյան (Օսիկ), հայ դերասան
1884 - Պողոս Մակինցյան (ծնվ. Նիժնի Ագուլիս, Ռուսաստան, մ. 1938), ՀԽՍՀ ներքին գործերի և լուսավորության նարկոմ (1921)

  • 20-ական թվականներին դիվանագիտական ծառայության մեջ գտնվելով արտասահմանում, Մակինցյանը մեծ ջանքեր է գործադրել, համոզելու համար գրողներ Շիրվանզադեին (Փարիզում բնակվող) և Ա. Իսահակյանին (Վենետիկ) վերադառնալ Հայաստան։ Իսահակյանին տեղափոխվելու որոշումը հատկապես հեշտ չէր, ինչի մասին վկայում են բանաստեղծ Մակինցյանի նամակի հեղինակի կողմից բերված տեղեկությունները։

1879 - Վահրամ Գայֆեջյան (ծնվ. Ախալցխա, մ. 1960), նկարիչ, հետազոտող և արվեստի հանրահռչակող, ՀԽՍՀ դպրոցի վաստակավոր ուսուցիչ (1943), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)

  • Վ. Գայֆեջյանը սկսել է աբստրակցիաներից. նրա աբստրակտ կոմպոզիցիաները թվագրվում են 1900-1906 թթ.:
  • Նա հայկական գրաֆիկայի միակ ներկայացուցիչն է, ով իր նկարներում հաջողությամբ բերում էր իմպրեսիոնիստական հագեցվածությունը, ուրվագծերի լղոզվածությունը։

1869 - Գեորգի Բուրջալով (Գեորգի Բուրջալյան, ծնվ. Աստրախան, մ. 1924), դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1864 - Հովհաննես Հովհաննիսյան (ծնվ. Վաղարշապատ, մ. 1929), բանաստեղծ, սիրո քնարերգության վարպետ և բնության երգիչ

Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս
Այդ սերն ինձ չէ խնդություն.
Դաժան վշտից խեղդված հոգիս
էլ չի առնի հարություն։

Ծածուկ կիրքը ինձ պիտ տանջե,
Ես չըկամիմ քեզ սիրել,
Բայց իմ սիրտը միշտ պիտ խնդրե
Քնքուշ սրտիդ մոտ լինել...

Եվ պատրաստ եմ քեզ հավիտյան
Լինել անկեղծ կարեկից.
Եվ թող բեռը քո տխրության
Չըհեռանա իմ սրտից։

Ինձ մի՛ սիրիր... թող ախտավոր,
Մաշող սիրո փոխարեն
Մտերմություն մեզ բախտավոր
Կապե կապով բոցեղեն։

1860 - Լեո (Առաքել Բաբախանյան, ծնվ. Շուշի, մ. 1932), հայտնի հայ պատմաբան, գրող, գրականագետ

  • Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

1856 - Հենրի Մորգենթաուն (ծնվ. Մանհեյմ, Գերմանիա, մ. 1967), Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան 1913-1916թթ.

  • 1916 թ. ԱՄՆ-ն առաջին անգամ դատապարտեց այդ ոճրագործությունը, որը 1918 թվականին հաստատվեց ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ, որը ստորագրվեց նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից: