Պատմության հայկական օրը. ապրիլի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ավագ երկուշաբթի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ավագ երկուշաբթին խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդ. 5:21-24):
  • Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին՝ վկայելով՝ «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22): Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-03, 2024-03-25, 2025-04-14, 2026-03-30, 2027-03-22, 2028-04-10, 2029-03-26, 2030-04-15:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 54 զինծառայողի անուն։
2019 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, վկայի կարգավիճակով, ցուցմունք էր տալիս՝ աննախադեպ իրադարձություն հետխորհրդային երկրներում։
2009 - Հայաստանն ու Իրանը ստորագրում են երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիր։ 

  • Նախնական հաշվարկներով, 470 կիլոմետր (որից 410-ը` Հայաստանի տարածքում) երկարությամբ երկաթուղու կառուցման համար կպահանջվի 1,2 միլիարդ դոլար:  

2007 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական Միության շահերը չեն հակասում միմյանց, ինչպես նաև կողմերի դիրքորոշումներին»:
2001 - Քի Ուեսթում սկսվում են Ալիևի և Քոչարյանի ուղղակի թվով 16-րդ բանակցությունները։ 

  • Համանախագահները, հատկապես`ամերիկյան կողմը, ակնհայտ լավատեսությամբ էին խոսում հնարավոր հաշտեցման մասին, և լրջորեն էին պատրաստվել այդ հանդիպմանը:
  • Ըստ այդ օրերին Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանի, ամերիկյան կողմը հատուկ տեխնիկական սարքեր էր բերել կղզի` հնարավորություն տալով կողմերին համակարգչով` եռաչափ (3D) տարբերակով դիտարկել բանակցությունների առարկա հանդիսացող տեղանքը: Բացի այդ, հանդիպումը բացել էր անձամբ ԱՄՆ պետքարտուղար Ք. Փաուելը`ընդգծելով դրա կարևորությունն ու կշիռը:
  • «Ես հազարավոր կմ. հեռվից Ֆլորիդա չեմ եկել, որ քարոզչական հայտարարություններ անեմ, կամ `սովորեցնեմ համանախագահներին, թե ինչպես պետք է վարեն իրենց միջնորդական առաքելությունը:Ես եկել եմ կառուցողական աշխատելու»,֊հայտարարել էր Ռ.Քոչարյանը: Հ.Ալիևը,մինչդեռ, բանակցությունները չսկսած` սառը ջուր էր լցրել դրական ակնկալիքների վրա:«Այս դժվարին բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես կոշտ ու ապակառուցողական դիրքորոշում է որդեգրում: Մենք համաձայնության չենք հասնում հայկական կողմի թյուր պատկերացման պատճառով, թե իրենք առավելություն ունեն, քանի որ գրավել են Ադրբեջանի տարածքների քսան տոկոսը», ֊հանդիպման մեկնարկին հայտարարել էր Հեյդար Ալիևը:

2000 - Հայաստանից հարկադրաբար հեռացավ ականավոր պետական-քաղաքական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանը։

  • Ըստ որոշակի լուրերի, Վանո Սիրադեղյանին 17 ժամ տվեց երկիրը լքելու համար, այլապես ողջ գերդաստանը կդատապարտվեր:
  • Երկիրը ստիպված լքելուց հետո Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց։
  • «Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ»,- մի առիթով ասել էր Վանո Սիրադեղյանը։

1981 - ASALA. Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ընկերային հարաբերությունների կցորդ Ջավեթ Դեմիրը վիրավորվում է։

  • Հարձակման պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակ «Հայ Ժողովրդի Կազմակերպություն»-ը և «հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ»-ը։

1962 - ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը Կոմկուսի կենտկոմի պլենումում ներկայացրեց Խորհրդային Հայաստանի գյուղատնտեսական արդյունքները, որոնք ոգևորիչ չէին: Ահա մի քանի դրույթ, որոնք նա կարևորում էր.

  • «Ցավոք սրտի, մեր ռեսպուբլիկայում միանգամայն անբավարար ուշադրություն է նվիրվում եգիպտացորենին և մյուս արժեքավոր կերի կուլտուրաներին: Վճռականորեն վերջ տալ եգիպտացորենի, կերի շաքարի ճակնդեղի, ոլոռի և մյուս արժեքավոր կերակուլտուրաների թերագնահատմանը և լայն ճանապահ բացել դրանց համար:
  • Մենք պետք է սեր և հարգանք պատվաստենք կերի այդ արժեքավոր կուլտուրաների նկատմամբ և առաջավորների փորձով մեր կադրերին սովորեցնենք ստանալ բարձր բերք: Դա... մսի, կաթի, բրդի ու ձվի արտադրությունը շեշտակիորեն ավելացնելու կարևորագույն պայմաններից մեկն է»:
  • Զարոբյանն անդրադառնում է նաև գիտությանը՝ նշելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել գիտաշխատողների որակավորման բարձրացմանը: Բացի այդ, գիտության նոր նվաճումները պետք է ծառայեին արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը, ինչը, կարելի է ենթադրել, միշտ չէր, որ ստացվում էր: «Հարկավոր է որքան կարելի է արագ հաղթահարել գյուղատնտեսական գիտահետազոտական հիմնարկների աշխատանքի լուրջ թերությունները»,- ասում էր նա:
  • Ըստ էության, Զարոբյանը Սովետական Հայաստանում տարածում էր Նիկիտա Խրուշչովի եգիպտացորենային քաղաքականությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1997 - Սամվել Ղազարյան (ծնվ. Բլագովեշչենսկ, Ռուսաստան), սամբոյի աշխարհի չեմպիոն
1967 - Գնել Մեժլումյան (ծնվ. Բերդ, մ. 2005), ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն (1988, 1989), երիտասարդների աշխարհի չեմպիոն (1987), Եվրոպայի չեմպիոն (1986, 1987), մեծահասակների Եվրոպայի չեմպիոն (1989), միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ

  • Բերդ քաղաքի մարզադպրոցը և հարակից փողոցը 2005 թվականի հուլիսի 20-ին վերանվանվել են նրա անունով։

1951 - Վալերի Ծատուրյան (ծնվ. Բաքու), հայկական ծագմամբ ռուս շախմատիստ
1950 - Ահմեդ Աբաքայ (ծնվ. Սիվաս, Թուրքիա), լրագրող, Թուրքիայի առաջադեմ լրագրողների ասոցիացիայի ղեկավար, Թուրքիայի մամուլի նախարարի խորհրդական

  • 2013 թ. Աբաքայը հրատարակել է «Հոշանայի վերջին խոսքերը» գիրքը, որում նկարագրել է իր մոր՝ Հոշանայի կյանքը։ Իր մահվանից մեկ շաբաթ առաջ մայրը պատմել է նրան, որ իրականում հայ է։ Նա 82 տարի շարունակ թաքցրել է իր ինքնությունը, ինչը, Ահմեդ Աբաքայի կարծիքով, տեղի է ունեցել այն պատճառով, որ «նա ապրել է վախի մեջ»: Ավելին, Հոշանան խնդրել է որդուն ոչ ոքի չպատմել նրա պատմությունը։ «13 տարի առաջ մայրս ինձ պատմեց իր պատմությունը, իսկ շուտով մահացավ, և ես կարողացա այդ մասին գրել միայն մեկ տասնամյակ անց, որովհետև վարանեցի: Ես շատ ուրախ եմ, որ իմ մայրն ինձ հետ է»։

1937 - Ռիչարդ Հակոբյան (ծնվ. Ֆաուլեր, ԱՄՆ), կլարնետիստ, ուդիստ

  • Հակոբյանը հայտնի է դարձել 1960-70-ականներին Kef Time Band խմբի հետ։
  • Հակոբյանը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի ողջ տարածքում և վարպետության դասեր է ունեցել Մանհեթենի երաժշտության դպրոցում, ինչպես նաև Կալիֆորնիայի համալսարանում։

1924 - Մարիուս Յուզբաշյան (ծնվ. Բաթում, մ. 1993), ՀԽՍՀ ՊԱԿ նախագահ (1978-1988), պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ (1984)
1911 - Կոնստանտին Աճեմով (ծնվ. Մոսկվա, մ. 1985), դաշնակահար, երաժշտագետ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)
1898 - Գրիգորի Մադաթով (ծնվ. Բաքու, մ. 1968), իր ժամանակի առաջատար խորհրդային ֆլեյտահար, պրոֆեսոր, Վրաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1846 - Անատոլ Լերուա-Բոլե (ծնվ. Փարիզ, մ.1912), քաղաքական գիտությունների բարձրագույն դպրոցի տնօրեն, Ֆրանսիայի ինստիտուտի անդամ

  • 1903 թ., գտնվելով ԱՄՆ-ում, Բոստոնում դասախոսություն է կարդացել, որում ափսոսանք է հայտնել, որ այս քաղաքի բնակիչները, ովքեր այդքան հետաքրքրված են փիլիսոփայական, կրոնական և հումանիտար հարցերով, այնքան քիչ են տեղեկացված Հայկական հարցի մասին:

1700 - Աղազար Լազարյան (Լազար Լազարև, ծնվ. Նոր Ջուլֆա, Իրան), հայ հասարակական գործիչ, վաճառական, Լազարևների տոհմի հիմնադիր