Պատմության հայկական օրը. ապրիլի 4


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ավագ երեքշաբթի. հիշատակ տասը կույսերի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):
  • Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11):
  • Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
  • Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-04, 2024-03-26, 2025-04-15, 2026-03-31, 2027-03-23, 2028-04-11, 2029-03-27, 2030-04-16:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 -  Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

  • ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կնքվել է Բրյուսելում 2017-ի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը պետք է վավերացվի ԵՄ անդամ 28 երկրների կողմից: Այն արդեն վավերացրել են Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը, Դանիան, Մալթան, ինչպես նաև Եվրոպայի Խորհուրդը։

2000 - ՀՀ դատախազ Բորիս Նազարյանը Ազգային Ժողովից ստանում է Վանո Սիրադեղյանին կալանավորելու մասին որոշումը, սակայն նախկին նախարարն արդեն Հայաստանում չէր։

  • Վանո Սիրադեղյանին 17 ժամ տրվեց երկիրը լքելու համար, այլապես ողջ գերդաստանը կդատապարտվեր:
  • Երկիրը ստիպված լքելուց հետո Վանո Սիրադեղյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվեց։

1995 - Վազգեն Առաջին Կաթողիկոսի մահից մոտ 8 ամիս անց` 1995 թվականի ապրիլի 4-ին, երկար վեճերից ու քննարկումներից հետո Էջմիածնում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Ամենայն Հայոց Կաթողիկոս է ընտրվում Գարեգին Առաջինը (մինչ այդ` Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Բ): 

  • Նորընտիր Կաթողիկոսին շնորհավորելու համար նույն օրը Էջմիածին է այցելում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանն իր խոսքը եզրափակում է հետևյալ տողերով.
  • «Դուք` որպես հայ ժողովրդի հոգևոր հովիվ, ես` որպես ՀՀ նախագահ, ձեռք ձեռքի տված պետք է մեր գլուխը մատաղ անենք հայ ժողովրդին»:

1850 - Լոս Անջելեսը դարձավ քաղաք։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Աննա Ավետիսյան (ծնվ. Երևան), նկարչուհի, լուսանկարիչ
1971 - Արամ Թալալյան (ծնվ. Երևան), թավջութակահար, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ
1968 - Կրիկոր Կիրկորով (ծնվ. Բուլղարիա), բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիայի բազմակի չեմպիոն
1956 - Ստեփան Ռոստոմյան (ծնվ. Վանաձոր), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2009)

  • 20-րդ դարի երկրորդ կեսի 500 առաջատար կոմպոզիտորներից, որի կենսագրական և ստեղծագործական տվյալները ներկայացված են «Ժամանակակից կոմպոզիտորներ» տեղեկատվական տեղեկագրում (Gale Research International):

1952 - Էդուարդ Հախվերդյան (ծնվ. Թեհրան, Իրան), բանաստեղծ, թարգմանիչ
1947 - Լեանդրո Դեսպուի (ծնվ. Սան Լուիս, Արգենտինա), դիվանագետ, փաստաբան, իրավապաշտպան

  • Լեանդրո Դեսպուին համոզված է, որ Հայոց ցեղասպանությունն անվիճելի փաստ է, և դրա ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ աշխարհի խնդիրն է: 

1938 - Մարտին Վարդազարյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, դաշնակահար, բենդ-լիդեր
1910 - Չարլզ Դեդեյան (ծնվ. Իզմիր, մ. 2003) ֆրանսահայ լեզվաբան և գրականագետ, Ֆրանսիայի պատվավոր լեգիոեր
1909 - Ավեդիս Բոգոս Դերունյան (Ջոն Ռոյ Կարլսոն, ծնվ. Ալեքսանդրուպոլիս, Հունաստան, մ. 1991), լրագրող, որը մասնագիտացած է ԱՄՆ-ում "նացիստական քարոզչության" բացահայտման մեջ

  • Նրա հարազատ եղբայրը՝ Սթիվ Դերունյանը, կոնգրեսական է։

1879 - Հովհաննես Զարիֆյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1937), դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ

  • 1920-ին արտագաղթել է արտասահման: Խաղացել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Ռումինիայի, Բուլղարիայի հայկական խմբերում։ Մահացել է Բոստոնում (ԱՄՆ)։

1855 - Թովմաս Նազարբեկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1931), հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության գեներալ-լեյտենանտ, Սարդարապատի ճակատամարտի հերոս
1868 - Բաբկեն I, Բաբկեն Կյուլեսերյան (ծնվ. Այնթափ, Թուրքիա, մ. 1936), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս
1820 - Խրիմյան Հայրիկ, Մկրտիչ I Վանեցի (ծնվ. Վան, Թուրքիա, մ. 1907), Հայ Առաքելական եկեղեցու 125-րդ Կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական և գրող

  • Ջերմորեն պաշտպանում էր ժողովրդի իրավունքներն ու շահերը, հիմնում դպրոցներ, թանգարաններ, ամսագրեր։ Նրա էներգիան և անսահման բարությունը նրան հազվագյուտ ժողովրդականություն են ստեղծել այն ժողովրդի շրջանում, որը նրան տվել է «Հայրիկ» մականունը։