Պատմության հայկական օրը. ապրիլի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Մայրության և գեղեցկության օրը

  • Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ: «Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է`   Աստվածորդու մարդեղացման և փրկության ուղու բացման ավետումը: Շատ երկրներում այս տոնը հիմնականում առնչվում է կրոնին և վերափոխվել է Սբ. Մարիամին, իսկ մահմեդական երկրներում` Մուհամեդի աղջկա ծննդյան օրվան նվիրված տոնի:
  • Հայաստանում  ապրիլի 7-ին նշանակվել է հայոց եկեղեցու անշարժ տոներից մեկը` Ավետման տոնի օրը: Ըստ Աստվածաշնչի՝ այդ օրը Գաբրիել հրեշտակապետն ավետում է կույս Մարիամին, որ նա որդի է ունենալու:

Ավետումն Սբ. Աստվածածնի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • «Օրհնյալ ես դու ի կանայս, և օրհնյալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)
  • Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:
  • Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
  • Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
  • «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. 1:38): Սա է ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-07, 2024-04-07, 2025-04-07, 2026-04-07, 2027-04-07, 2028-04-07, 2029-04-07, 2030-04-07:

Ավագ ուրբաթ (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:
  • Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը: Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
  • Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-07, 2024-03-29, 2025-04-18, 2026-04-03, 2027-03-26, 2028-04-14, 2029-03-30, 2030-04-19:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2009 - Ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ջավախքահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյան:

  • Ազատ է արձակվել 2013թ. հունվարի 24-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն:

2010 - Երևանում անցկացվում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որն ուղեկցվում է հայ իրավապաշտպանների բազմաբնույթ բողոքի ակցիաներով՝ դահլիճում, «Մարիոթ» և «Էրեբունի» հյուրանոցների մուտքերի մոտ, ուր ընթանում էին նիստերը և Երևանի փողոցներում։ 
1995 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը հանդիպեց Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կորնելիո Սոմարուգայի հետ:
1995 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարություն է տարածում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ` կողմերից պահանջելով քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել` առանց նախապայմանների:

  • «Կողմերը պետք է գործի դնեն ուղիղ շփումների`այս տարի ավելի վաղ համաձայնեցված մեխանիզմը`հրադադարի խախտման հնարավոր միջադեպերը հարթելու համար»,֊ընդգծում է փաստաթուղթը` հավելելով`«Զիջումների գնալու հարցում կողմերի դժկամությունը մտահոգում է ԵԱՀԿ անդամ երկրներին, և բացասաբար ազդում խաղաղապահ առաքելություն տեղակայելու նախապատրաստությունների վրա»:

1994 - Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Մայրության և գեղեցկության տոնի առիթով  Հանրապետության հրապարակում շնորհավորում է կին պետավտոտեսուչներին։
1992 - Ուժի մեջ է մտավ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ապրիլի 2-ին ստորագրված առևտրային հարաբերությունների մասին համաձայնագիրը։
1992 - Հայկական զորամիավորումներն ազատագրեցին Մարտակերտի շրջանի Աղդաբան գյուղը։
1992 - Մինսկում կայանալիք խորհրդաժողովի նախագահ է նշանակվում իտալացի Մարիո Ռաֆֆայելին։

  • Իտալիայի նախկին փոխարտգործնախարարն ավելի վաղ նկատելի առաջընթացի էր հասել Մոզամբիկի ներքաղաքական հակամարտությունը կարգավորելու հարցում. հենց նրա միջնորդությամբ էին կողմերը խաղաղության համաձայնագիր ստորագրել`16 տարվա պատերազմից հետո:
  • Ղարաբաղյան հարցում, սակայն, Ռաֆայելլիին չհաջողվեց բեկում մտցնել:

1864 - Հիմնվել է Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոցը, հայ աղջիկների համար բացված հնագույն դպրոցներից է, որը կանանց կրթության սկիզբն է դրել Արցախում։

  • Դպրոցը հիմնադրվել է Պետրոս Շանշյանի, Պերճ Պռոշյանի ջանքերով և տեղացի Հախումյան ընտանիքի օգնությամբ։ 
  • Հայտնի է, որ  1912 թ. շուշեցի մեծահարուստ Աբրահամ, Արշակ, Հակոբ և Պողոս Ղուկասյան եղբայրներն իրենց վաղամեռիկ քրոջ՝ Մարիամի հիշատակը հավերժացնելու նպատակով դիմել են կաթողիկոսին և խնդրել թույլ տալ Շուշիի «Մարիամյան» իգական դպրոցը վերանվանելու «Մարիամ Ղուկասյան»: Այդ գործի իրականացման համար նրանք նվիրաբերում են մեծ գումարներ և իրենց առանձնատունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Սաբինա Մուրադյան (Լիսենկովա, ծնվ. Բաքու), երգչուհի և կոմպոզիտոր

  • Սաբինա Մուրադյանի կյանքից շատ հետաքրքիր փաստ է նրա ելույթը Եկատերինբուրգի պալատի գահակալության դահլիճում։ Նման ելույթի առանձնահատկությունն այն է, որ այս դահլիճում ելույթ են ունենում միայն դասական երաժշտություն կատարողները։ Բացառություն էին միայն երկու արտիստներ՝ Էլթոն Ջոնն ու Սաբինա Մուրադյանը։

1973 - Ալեքսանդր Այվազով (ծնվ. Մոսկվա), երգիչ, կոմպոզիտոր, սոնգրայթեր, դերասան
1946 - Եվգենի Ղազարյան (ծնվ. Մոսկվա, մ. 2015), ջազ կատարող հարվածային գործիքների վրա
1933 - Իոսիֆ Անդրիասով (Իոսիֆ Անդրիասյան, ծնվ. Մոսկվա, մ. 2000), կոմպոզիտոր, սիմֆոնիկ, նվագախմբային, գործիքային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ:

  • Կոմպոզիտորի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել Ճապոնական «Ասահի Նեշնլ Բրոդկաստինգ» ընկերությունը։
  • Հարստացրել է երաժշտությունը նոր երաժշտափիլիսոփայական բովանդակությամբ։

1923 - Ռոպեր Գյուլբենկյան (ծնվ. Ալժիր), պատմաբան, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի սպա (1983)

  • Հիմնական աշխատանքները նվիրված են հայ-պորտուգալական միջնադարյան կապերին, Եվրոպայի հայ վաճառականների գործունեությանը, Արևելագիտության, մասնավորապես, Իրանի, Հնդկաստանի պատմությանը:

1910 - Ալեքսանդր Անանով (ծնվ. Թիֆլիս, մ. 1992), տիեզերագնաց, փորձագետ-արվեստաբան, ֆրանսիական տիեզերագնացության հիմնադիրներից, տիեզերագնացության առաջին կոնֆերանսի կազմակերպիչը (1928)
1908 - Գեորգի Տիգրանյանց (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, մ. 1991), երաժշտագետ, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945), ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
1908 - Միխայիլ Չամանյան, կինոդրամատուրգ, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)
1902 - Արա Սարգսյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1969), հայ քանդակագործ, ժամանակակից հայկական քանդակի հիմնադիրներից, փորագրող, գեղանկարիչ և թատերական նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1950), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1963), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1854 - Աշխեն Հովակիմյան (Ագնես Ջոակիմ, ծնվ. Սինգապուր, մ. 1899), ծաղկաբույծ, Սինգապուրի ազգային ծաղկի ստեղծողը

  • Աշխեն Հովակիմյանը, ով հայտնի է նաև Ագնես Ջոակիմ անունով, ծնվել է Սինգապուրում բնակվող հայկական ընտանիքում: Հենց նա է ստեղծել խոլորձի այն տեսակը, որը դարձել Է Սինգապուրի ազգային ծաղիկը։
  • Դեռ մանուկ հասակում Հովակիմյանն իր մեջ բուսաբանության և այգեգործության հանդեպ կիրք էր հայտնաբերել։ Ընտանիքի մյուս անդամները նույնպես բարձր էին գնահատում նման զբաղմունքները։ Աշխենի հայրը Սինգապուրի բուսաբանական այգու հոգաբարձուների խորհրդի անդամ էր, իսկ մայրը ՝ մոլի այգեգործ:
  • Հովակիմյանները պարբերաբար մասնակցում էին սինգապուրյան Ծաղկահանդեսին, և նրանցից շատերը, այդ թվում Աշխենը, դառնում էին մրցույթի հաղթողներ:
  • 1893-1895թթ. նա երեք տարի սինգապուրյան ցուցահանդեսներում ընդհանուր առմամբ 27 անգամ նվաճել է առաջին, տասնհինգ անգամ՝ երկրորդ տեղերը։
  • Համբավ ձեռք է բերել 1899 թվականին, երբ ծաղկային ցուցահանդեսում ներկայացրել իր աճեցրած խոլորձը, որն ավելի ուշ ստացել է իր ստեղծողի՝ «Վանդա Միսս Ջոակիմի» ("Wanda miss Joakim") անունը։ 1947 թվականին ծաղիկն ընտրվել է Առաջադիմական կուսակցության խորհրդանշանը, իսկ 1981 թվականին՝ ազգային ծաղիկ՝ Սինգապուրի խորհրդանիշը։
  • 2015 թվականին նրա անունը ներառվել է Սինգապուրի Կանանց փառքի պատկերասրահում:
  • Աշխեն Հովակիմյանը թաղված է Սինգապուրի հայկական եկեղեցու գերեզմանատանը: