Պատմության հայկական օրը. ապրիլի 9


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սբ. Հարության տոն (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
  • Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
  • Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
  • Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
  • Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
  • Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-09, 2024-03-31, 2025-04-20, 2026-04-05, 2027-03-28, 2028-04-16, 2029-04-01, 2030-04-21:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ջրականի շրջանում Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն:

  • Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:

2016 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալեց Սերժ Սարգսյանին: 

  • Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: 
  • Հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հանդիպման վերաբերյալ հարցազրույցում հնչեցրած հետևյալ միտքը. «Հիմա սխալների ու բացթողումների համար իշխանություններին մեղադրելու և նրանցից հաշիվ պահանջելու ժամանակը չէ։ Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Բանակցությունների սեղանի շուրջ Սերժ Սարգսյանը պետք է իրեն ուժեղ զգա՝ ունենալով իր ժողովրդի աջակցությունը։»:

2013 - Հայաստանի հանրապետությունում տեղի է ունենում ՀՀ նախագահի երդմնակալության արարողություն, մեկը՝ Մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանն էր, մյուսը՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը: 
2008 - Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը։ 

  • Այս նույն օրը, սակայն, լրանում էր նաև մարտի 1-ի զոհերի մահվան քառասուներորդ օրը, և Մյասնիկյանի արձանի մոտ բողոքի բազմամարդ ակցիա էր։

2003 - Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը։

  • Տարածք տանող բոլոր ճանապարհները փակված էին փշալարերով, չէր աշխատում քաղաքային տրանսպորտը, մետրոյի գնացքները «Հանրապետություն» կայարանում կանգառ չէին անում։ 
  • Ընդդիմության հանրահավաքը մեկնարկեց Մատենադարանի մոտից, ապա երթով շարժվեց կառավարության նիստերի դահլիճի ուղղությամբ՝ Մելիք Ադամյան։ Իշխանությունը ցուցարարների, այդ թվում՝ քաղաքական գործիչների նկատմամբ ուժ կիրառեց։

1998 - Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում տեղի ունեցավ արտահերթ նախագահի ընտրությունների արդյունքով հաղթող ճանաչված Ռոբերտ Քոչարյանի երդմնակալությունը։ 

  • Արարողակարգին ներկա չէր Քոչարյանի հիմնական մրցակից թեկնածուն` Կարեն Դեմիրճյանը։ 
  • ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ճեմասրահում հանդիպեց և շնորհավորեց Ռոբերտ Քոչարյանին։

1997 - Շփման գծում երկու ադրբեջանցի զինվոր է զոհվում: «Ասոշիեյթեդ պրեսը» հաղորդել էր` սա մարդկային կորուստների առաջին դեպքն է վերջին մեկ տարվա մեջ։

  • Այդ օրերին Ադրբեջանի խորհրդարանը նամակ էր հղել ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովին`բողոքելով, թե Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին: Բաքուն պնդել էր`այդ քայլը ապացուցում է, որ Մոսկվան չի կարող անկողմնակալ լինել իր միջնորդական ջանքերում: Տասնամյակներ անց նույն քննադատությունը սկսեց հնչեցնել Երևանը` բողոքելով Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման դեմ:

1993 - Ռուսաստանի արտգործնախարարության միջնորդությամբ Մոսկվայում եռակողմ խորհրդապահական բանակցություններ` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։

  • Երևանը ներկայացնում էր ՀՀՇ անդամ, պատգամավոր Դավիթ Շահնազարյանը, Բաքուն՝ Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիզադեն, Ստեփանակերտը՝ Ղարաբաղի ԳԽ պատգամավոր, հետագայում`արտգործնախարար Արկադի Ղուկասյանը:
  • Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, դեսպան Վ.Կազիմիրովն իր գրքում հետագայում պատմել էր` «Հակամարտության ընդարձակմանը զուգընթաց,հատկապես, երբ ռազմի դաշտում անբարենպաստ իրավիճակ էր ստեղծվում, Ադրբեջանը գնում էր ուղիղ շփումների Ղարաբաղի առաջնորդների հետ: Ավելի ուշ՝Հեյդար Ալիևի իշխանավարման ժամանակ, Բաքուն ի՛նքն էր նախաձեռնում այդ հանդիպումները՝հաճախ շրջանցելով Ռուսաստանի արտգործնախարարությունը: Հակամարտության այս երկու կողմերը՝(Ղարաբաղն ու Ադրբեջանը), հետզհետե սկսեցին շփվել հեռախոսով կամ` ֆաքսով: Այդ շփումները ավելի հաճախ լինում էին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ. ղարաբաղցիները ավելի հազվադեպ էին կապի դուրս գալիս, որպեսզի տպավորություն չստեղծվեր, թե խնդրողի դերում են»: Վ.Կազիմիրով. «Խաղաղություն Ղարաբաղին»

1991 - Վրաս­տա­նի Գե­րա­գույն Խոր­հուր­դը ըն­դու­նում է Ակտ ան­կա­խու­թյան վե­րա­կանգ­նման մա­սին:
1989 - Թբիլիսիում ցրում են հակառուսական հանրահավաքը. զով­հվում է 19 ցուցարար։
1932 - Բացվեց Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը (հիմնադիրն, ղեկավար՝ Լևոն Քալանթար
1932 - ՀԿ (բ)Կ կենտկոմի որոշումով լուծարվում են մի շարք գրական, մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանի պրոլետգրողների կազմակերպությունը։

  • Որոշման նախագծում նշվում էր, որ այս կազմակերպություններում առկա էր «գրական խորթ տարրերի աչքի ընկնող ազդեցությունը»։ Փոխարենը ստեղծվում է նոր կազմակերպություն՝ Հայաստանի խորհրդային գրողների միությունը։ Նույն սկզբունքով վերափոխվում էին Հայաստանի նկարիչների, կերպարվեստի աշխատողների և ճարտարապետների միությունները։
  • Նոր միությունները կազմակերպելու համար ստեղծվում էին հանձնաժողովներ՝ կազմված ոլորտի մասնագետներից։

1928 - Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվում իսլամը։
1917 -
Հայ ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանն ուղարկվեց Ռուսաստանի Կովկասյան ռազմաճակատի շտաբ՝ բանակի զորամասերն ազգայնացնելու նպատակով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Քրիստինա Թումասյան, Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի
1965 - Գագիկ Զաքարյան, Ռուսական «Յունիբանկի» նախագահը
1957 - Անդրե Մանուկյան (ծնվ. Լիոն), կոմպոզիտոր, գործիքավորող, ջազ դաշնակահար
1935 - Վոլֆգանգ Գուստ (ծնվ. Հանովեր), գերմանացի լրագրող և գրող, «Շպիգել» թերթի քաղաքական խմբագիր

  • Տարիներ շարունակ աշխատել է Հայոց ցեղասպանության խնդրի վրա։

1930 - Հարություն Քեհեյան (ծնվ. Աթենք), ֆուտբոլիստ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), հայկական ֆուտբոլի լավագույն վարպետներից մեկը

  • ԽՍՀՄ Բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Դինամոյում», Մոսկվայի «Սպարտակում», Երևանի «Սպարտակում:
  • 1971 և 1973 թվականներին եղել է Երևանի «Արարատի» մարզչական կազմում՝ փոխչեմպիոն, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր:

1927 - Ռոմ Վարշամով (ծնվ. Թիֆլիս, մ. 1999), մաթեմատիկոս