Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 22


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Էներգետիկի օրը
Տոն ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Ս. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին՝ նրանք դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո՝ 303 թվականին, նահատակվում են:Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում՝ աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի, նահատակվել են 303 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-22, 2023-12-21, 2024-12-19, 2025-12-18, 2026-12-17, 2027-11-29, 2028-12-21, 2029-12-20, 2030-12-19։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Երևանի ավագանին արտահերթ նիստում անվստահություն հայտնեց 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն չկիսելու հարցում տարաձայնություններ ունեցող քաղաքապետ Հայկ Մարությանին։

  • «Երևանի քաղաքապետին առաջին անգամ էին անվստահություն հայտնում, ու դրա համար պետք է լինեին ծանրակշիռ պատճառներ»,- Երևանի ավագանու հատուկ նիստի իր ելույթում հայտարարեց Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանը։

2010 - ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ գազի գնի բարձրացումը ազդել է գազի սպառման ծավալների վրա։

  • «Նախնական տվյալներով սպառման ծավալների նվազումը 15-20 տոկոս է կազմում»։

2001 - Վանո Սիրադեղյանը գրեց հայերենի մասին։

  • «Հայերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան, պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը և Ասկերանի ռուսերենը։ Ինչ լավ է, գերեզման չունես, որ շուռ գաս գերեզմանում Խաչատուր Աբովյան: Պետական լեզուն սովորելու վրա սպիտակեց արտգործնախարարը, հայերեն բառեր արտաբերելու ջանքից ուր որ է չանի խեղվածք կստանա երկրի առաջին պաշտոնյան: Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից»:

1994 - Կոլումբիան և Հայաստանի Հանրապետությունը հաստատում են դիվանագիտական ​​հարաբերություններ։
1994 - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը Ռոբերտ Քոչարյանին ընտրեց «նախագահ»։
1993 - Դեկտեմբերի 21-22-ը ՌԴ ԱԳՆ, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի և Ալանդյան կղզիներում խաղաղության ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվեց սեմինար-հանդիպում Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունների մասնակցությամբ:
1993 - Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակներ է հղում Աֆղանստանի նախագահ Բրհան Էդ-Դին Ռաբանիին և վարչապետ Գոլբ Էդ-Դին Հեքմաթյարին, որոնցում մտահոգություն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների կազմում աֆղան մոջահեդների մասնակցության վերաբերյալ:

  • Լևոն Տեր-Պետրոսյանը հույս էր հայտնում, որ դա կատարվում է առանց Աֆղանստանի ղեկավարության գիտության և այդ փաստերը կարժանանան նրանց ուշադրությանը:
  • Ռաբանին պատասխան ուղերձում գրում է. «Ես ստացա և ուսումնասիրեցի Ձեր ուղերձը որոշ անպատասխանատու աֆղանցիների մասին, ովքեր մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Աֆղանական կողմը գիտակցում է Հայաստանի ղեկավարության մտահոգությունը: Մենք հավանություն չենք տալիս ԼՂ-ում ռազմական գործողություններին աֆղանցի քաղաքացիների մասնակցությունը... Մոջահեդների անվան տակ մի քանի վարձկանների մասնակցությունը չի կարող վատացնել բարեկամական հարաբերությունները Աֆղանստանի և Հայաստանի միջև»:

1941 - նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը հրաման է արձակվում արևելյան ժողովուրդներից բաղկացած չորս գումարտակների ստեղծման մասին, որոնց թվում էր նաև հայկական լեգեոնը։

  • Լեգեոնի ստեղծման մասին ավելի ճշգրիտ ցուցումներ տրվել են 1942 թվականի փետրվարի 8-ի հրամանով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Զավեն Բադոյան, հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1915 - Մարո Մարգարյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի
1882 - Արսեն Տերտերյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մ. 1953)