Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 1

 Հայեր  01/10/2021   10:00    40
Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 1

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Խաշի սեզոնի բացման ոչ պաշտոնական օրը

  • Խաշն ավանդաբար ուտում են վաղ առավոտյան՝ մինչև նախաճաշը։ Ուտեստի հետ մատուցվում է մանրացրած սխտոր, աղ, կտրտած բողկ։ Խաշը ուտում են լավաշի, բողկի և տարատեսակ կանաչիների հետ։ Հայաստանի որոշ շրջաններում այն ուտում են ձեռքերով՝ նախապես նրա մեջ բրդելով չոր լավաշ։ Պնակը ծածկում են լավաշով և ուտելու ընթացքում բացելով փոքրիկ անկյուն, լավաշի կտորով հանում են կերակուրը։ Հիմնականում խաշ եփելու նախապատրաստական արարողությունը սկսում են երեկոյան, որպեսզի առավոտ վաղ այն մատուցվի։ Ավանդաբար խաշն ուտում են տարվա ցուրտ եղանակին՝ ձմռանը։
  • Ըստ հայ «խաշիստների», խաշ ուտելու արարողությունը տոնակատարության հավասար միջոցառում է, ուստի անարդար էր, որ այն օրացույցում չուներ իր հստակ օրը։ Այսպես, 1990-ականներին գործող «Այսօր» թերթի խմբագրակազմը որոշեց ամեն տարի հոկտեմբերի 1-ը՝ ցրտերն սկսելու պայմանական օրը, գործնականորեն նշել խաշի բացման սեզոնը։ Ճիշտ է, սկզբում տոնի նշումը սարկազմիկ բնույթ ուներ, բայց, այնուամենայնիվ տոնակատարությանը հաճույքով էին մասնակցում։ Տարիների ընթացքում խաշի սեզոնի բացման օրն սկսեց տարածում գտնել։
  • Առաջարկվել է նաև ամեն տարի մարտի 31-ը հայտարարել «Խաշի սեզոնի փակման» ոչ պաշտոնական օր։ Ավանդույթները շարունակվում են։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2012 - Փողերի լվացման մեջ մեղադրվող Վարդան Օսկանյանը Ազգային Ժողովում պաշտպանվում է իր անձեռնմխելիության հետևից եկած գլխավոր դատախազից։  
2009 - Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական արձանագրությունների մասին լսումների ժամանակ ելույթ ունեցողները իշխանություններին մեղադրում են դավաճանության և անզորության մեջ։ 
2000 - Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը Արկադի Ղուկասյանի դեմ մահափարձի գործով մի շարք վկաների պարտադրում է ցուցմունքներ տալ իրենց հարազատների դեմ։ 

  • Սամվել Բաբայանի փաստաբանը դատավորին տեղեկացնում է, որ Ղարաբաղն, ըստ Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի մաս է, որի Սահմանադրությունն արգելում է նման բաները։ Դատավորը հակադարձում է՝ մենք առաջնորդվում ենք խորհրդային միության Սահմանադրությամբ։

1997 - ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը Պարույր Հայրիկյանին մեղադրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի հանդիպելու համար։ 

  • Հայրիկյանը հակադարձեց՝ ես նրա հետ գաղտնի հանդիպելու կարիք չունեմ։

1989 - Գանձասարի վանքում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց առաջին պատարագը:
1983 - ASALA. Պայթյուն Մարսելի միջազգային առևտրական տոնավաճառի խորհրդային, ամերիկյան և ալժիրական տաղավարների մոտ։ 

  • Մեկ սպանված, 26 վիրավոր։ Գործողությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպությանը», իսկ այլ տվյալներով «3 Մարտ Կազմակերպությանը»։

1982 - Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղարներ Կարեն Դեմիրճյանը, Էդուարդ Շևարդնաձեն և Հեյդար Ալիևը այցելում են կոշիկի «Մասիս» արտադրական միավորում, որն արժանացել էր Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանին։

  • Ավելին՝ Բրեժնևն իր զեկույցներից մեկում անդրադարձել էր հայկական կոշկագործների հաջողությանը։
  • Արտադրական միավորումում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Հեյդար Ալիեւն ասել էր․ «Ձեր միավորման հաջողությունների մեջ վառ կերպով արտացոլված են սոցիալիստական Հայաստանի նվաճումները։ Եղբայրական հայ ժողովուրդը սովետական իշխանության տարիներին անցել է մեծ ուղի, աննախադեպ բարձունքների հասել կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք՝ ձեր եղբայրները, Անդրկովկասի ժողովուրդները, անկեղծորեն ուրախանում ենք ձեր նվաճումներով, այն հաջողություններով, որոնցով դուք դիմավորում եք ԽՍՀՄ կազմավորման փառապանծ 60-ամյակը»։

1978 - ASALA. Հուժկու պայթյուն Ստամբուլի Սուլթան Ահմեդ հրապարակում գտնվող համանուն մզկիթի մոտ։ 

  • Առաջին պայթյունին հաջորդում է երկրորդը՝ առաջին պայթյունի վայրից քիչ հեռու։ Երրորդ պայթյունը ցնցում է Ստամբուլի Սիրքեջի երկաթուղային կայարանի հրապարակը։ Մեկ այլ ռումբ ոստիկանությանը հաջողվում է վնասազերծել։
  • Բոլոր հարվածների պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

1968 - Երևան է այցելում Իրանի շահնշահ Մոհամեդ Ռեզա Փեհլևին, որը պաշտոնական այցով Սովետական միությունում էր։

  • Շահնշահին օդանավակայանում դիմավորում են Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանը և մինիստրների սովետի նախագահ Բադալ Մուրադյանը։

1387 - Երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը վերադառնում է Սամարղանդ։

ԾՆՎԵԼ ԵՆ

1966 - Մաքսիմ Աթայանց (ծնվ. Ռյազան), նկարիչ, ճարտարապետ

  • Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու գյուղապետ, Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ:

1940 - Ալեքսանդր Ալոյանց, Հյուսիսային Օսեթիայի աթլետիկայի ԽՍՀՄ-ում առաջին ֆեդերացիայի հիմնադիրը, բոդիբիլդինգի միջազգային ասոցիացիայի մրցավար և մարզիչ (Լոնդոն)
1928 - Անդրեյ Ամատունի (ծնվ. Լենինգրադ, մ. 1999), ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ
1925 - Մարիա Ղամբարյան, դաշնակահարուհի, երաժշտական մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՌԴ վաստակավոր արտիստ
1924 - Շահեն Թաթիկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1992), սցենարիստ, գրող
1924 - Թամարա Կալուստյան (ծնվ. Կիև), կամերային և համերգային երգչուհի (մեցցո-սոպրանո), Ուկրաինական համերգի և Կիևի ֆիլհարմոնիայի մենակատար, երաժշտական մանկավարժ
1883 - Ռոմանոս Մելիքյան (ծնվ. Կիզլյար, Ռուսաստան, մ. 1935), կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ

  • 1921 թվականին հիմնադրել է երաժշտական ստուդիա Երևանում, որը 1923 թվականին դարձել է կոնսերվատորիա։
  • Ռոմանոս Մելիքյանի անունը շնորհվել է Երևանի երաժշտական ուսումնարանին։

1878 - Ստեփան Շահումյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1918), Անդրկովկասում խորհրդային իշխանության կազմակերպիչներից, Բաքվի կոմունայի ղեկավարը

  • Ըստ պատմական տվյալների՝ հուղարկավորվել է Բաքվում, որտեղ տեղադրվել է 26 կոմիսարների հուշարձանը։ 2009 թ. հունվարի 12-ին սկսվել են Բաքվի 26 կոմիսարների պեղումները՝ դրանք վերահուղարկավորելու նպատակով: 2009 թվականի հունվարի 26-ին հայտնաբերվել են միայն 23 կոմիսարների մնացորդներ։ Ստեփան Շահումյանի և ևս երկու մարդու աճյուններ չեն հայտնաբերվել։ Թոռնուհին՝ Եկատերինա Շահումյանը հրաժարվել է հավատալ պապի աճյունի բացակայությանը և առաջարկել է ԴՆԹ թեստ անցկացնել՝ իրավիճակը պարզելու համար, սակայն այն չի անցկացվել այն պատճառով, որ Շահումյանի աճյունի բացակայության մասին հայտարարվել է վերահուղարկավորման օրը: Ըստ նրա, արխիվներում կան 26 մնացորդների հուղարկավորության կինոխրոնիկա, Բացի այդ, հուղարկավորությանը ներկա են եղել հեղափոխականների մտերիմ հարազատները: Խոսելով աճյունների հնարավոր անհետացման մասին՝ գլխավոր հանձնակատարի թոռնուհին նշել է, որ աճյունների հետ կարող էր ինչ-որ բան տեղի ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության սրման ժամանակ։ 

1866 - Արշակ Ֆեթվաջյան (ծնվ. Տրապիզոն, Օսմանյան կայսրություն, մ0 1947), նկարիչ, գրաֆիկ, դիզայներ

  • Հայաստանի դեմոկրատական հանրապետության ղեկավարությունը 1919 թվականին Արշակ Ֆեթվաջյանին հանձնարարել է պատրաստել ազգային դրամի և փոստային նամականիշների նմուշներ:
  • Մինչ Հայաստանը Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն հռչակելը Անգլիայից հասցրել էին ստանալ 189 միլիոն ռուբլու դրամանիշերի խմբաքանակ։ 1921 թվականի փետրվար-մարտ ամիսներին այդ գումարները շրջանառության մեջ դրվեցին դաշնակցական կառավարության կողմից։
  • 1956 թվականին տեղի է ունեցել Արշակ Ֆեթվաջյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը Երևանի պետական պատկերասրահում։
  • Արշակ Ֆեթվաջյանը մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 10-ին Մասաչուսեթսի Մեդֆորդում, ավելի ուշ նրա աճյունը վերահուղարկավորվել է Երևանում։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0