Պատմության հայկական օրը. հոկտեմբերի 10


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Քիմիական զորքերի օրը

  • 1992 թվականի հոկտեմբերի 10-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը, իսկ 1996 թվականից ամեն տարի հոկտեմբերի 10-ին Հայաստանում նշվում է Քիմիական զորքերի օրը։
  • Քիմիական զորքերի հիմնական նշանակությունը բնակչության և թիկունքի օբյեկտների պաշտպանության կազմակերպումն է քիմիական վտանգից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ։
  • Բացի քիմիական վերահսկողության իրականացման հետ կապված խնդիրներից, քիմիապես վտանգավոր օբյեկտների վթարների հետևանքների վերացումից, ներկայումս քիմիական զորքերի ստորաբաժանումները նոր խնդիր ունեն՝ բնապահպանական աղետների հետևանքների վերացումը։

Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Գրիգորիս հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Ս. Գրիգորիս եկեղեցում:  
  • Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք:
  • Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Ս. Սահակի և Ս. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են Աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Ս. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, ում Ս. Թաթուլն առաջնորդ է կարգում և ինքն առանձնանում  է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում:
  • Վարոսը ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է գյուտի մենաստանը` ի հիշատակ նրա նշխարների գյուտի:
  • Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Ս. Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր Ս. Գրիգորը Տարոնում քանդել է Իննակնյա բարձունքի վրա գտնվող Գիսանեի կուռքը, նույն տեղում կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին, որտեղ հաստատվել են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Ս. Անտոնը և Ս. Կրոնիդեսը կնքել են իրենց մահկանացուն 4-րդ դարի երկրորդ քառորդում:
  • Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներն էին, ովքեր 584 թվականին Տարոնի Գլակա կամ Ս. Կարապետ եկեղեցի եկան և բնակվեցին Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները` Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս: 
  • Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը՝ թալանի: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Ս. Խոտաճարակներից, ովքեր ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքը 604 թվականին հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով՝ հուսախաբ լինում և գլխատում յոթ խոտաճարակներին: Երեք օր հետո հեռացած միաբանները գալիս և թաղում են նրանց մարմինները Ս. Անտոնի և Ս. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-10-10, 2023-10-16, 2024-10-14, 2025-10-13, 2026-10-12, 2027-10-11, 2028-10-16, 2029-10-15, 2030-10-14:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. քրոնիկոն։
2020 - ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. Նախորդ օրը ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման  Հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտվեց Ադրբեջանի կողմից 12։05-ին՝ գրոհելով Կարախամբեյլի կոչվող տեղամասի ուղղությամբ։ 
2019 - Տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչների և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպումը` վերջինիս նախաձեռնությամբ:

  • Հանդիպման ընթացքում դեսպանի խնդրանքով Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումները Հայաստանի ներքաղաքական հարցերի վերաբերյալ` մասնավորապես անդրադարձ կատարեց Հայաստանի տնտեսական զարգացման, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ օրինականության հաստատման հարցերին:

2019 - Դավիթ Մաթևոսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսօր հրապարակված վճռով  ճանաչվել են արդար դատաքննության և խաղաղ հավաքների իրավունքների խախտումներ։

  • Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նա  դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով, հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․ Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։

2018 - Երևան ժամանեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ 
2018 - Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն անցավ իր լիազորությունների կատարմանը:
2017 - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսեց Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին։

  • «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»- նշել է Ալիևը:

2016 -  «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ բացվեց Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ 73» ֆուտբոլային թիմի արձանախումբը: 
2015 - «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից վտանգավոր ռազմական պատասխանի»- հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
2015 - Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը  համերգը:
2014 - Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:
2013 - Հայաստանն ընդգրկվեց Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկում: 
2012 - ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց վաղաժամկետ դադարեցնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի լիազորությունները:
2011 - Ազատության հրապարակում գիշերող հազարավոր նվիրյալներին Հայ Ազգային Կոնգրեսն առաջարկեց ժամանակավորապես դադարեցնել միջոցառումը և պահանջված պահին պատրաստ լինել անժամկետ նստացույցի։

  • Ամփոփիչ բանաձևում Հայ Ազգային Կոնգրեսը շուրջօրյա նստացույց-հանրահավաքի կայացումը համարում է չորս տարի առաջ սկիզբ առած համաժողովրդական շարժման ամենանշանակալի հանգրվաններից մեկը, որի ներգործությունն զգացվելու է ողջ հետագա պայքարի ընթացքում։ 

2010 - Հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանն պարզաբանեց, թե ինչու իր ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը։

  • «1998 թվականին իմ ղեկավարած վարչակազմը համարյա միահամուռ զիջեց իշխանությունը, որովհետև կորցնելու բան չուներ։ Եթե որևէ մարդ կարողանա Հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել իմ վարչակազմի անդամներից թեկուզ մեկի անունը, ես ետ կվերցնեմ իմ խոսքերը։
  • Իշխանությունը մեզ համար բոլորովին այլ բան էր նշանակում. ո՛չ թե տիրելու, բռնանալու կամ հարստանալու միջոց, այլ սեփական համոզմունքներն իրականացնելու հնարավորություն»։

2009 - Հայաստանն ու Թուրքիան Ցյուրիխում ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները: 

  • Ստորագրման արարողությանը ներկա էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Հիլարի Քլինթոնը և Բեռնար Կուշները, ինչպես նաև Եվրոպական միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան:
  • Արարողությունն ավելի քան երեք ժամով հետաձգվեց, և կարող էր ձախողվել, եթե չլիներ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտությունը: 
  • Քլինթոնը նախանշված ժամին մոտենալով Ցյուրիխի համալսարանին` տեղեկանում է, որ հայկական կողմը առարկություն ունի արձանագրություններին հաջորդող թուրքական հայտարարության բովանդակության հետ և հրաժարվում է ժամանել: Պետքարտուղարի ավտոմեքենան շրջադարձ է կատարում և ուղղվում դեպի այն հյուրանոցը, որտեղ հայկական պատվիրակությունն է: Քլինթոնը չի իջնում իր սև գույնի BMW մեքենայից և մոտ մեկ ժամ երկու հեռախոսներով խոսում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ: Վերջապես, նա իջնում է մեքենայից, մտնում հյուրանոց և Նալբանդյանին առաջարկում միասին գնալ համալսարան, որտեղ նրան սպասում էր Դավութօղլուն:
  • Ու մինչ տիկին Քլինթոնը փրկում էր արարողության տապալումն ու հայ-թուրքական գործընթացը, այդ ընթացքում Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշները և Խավիեր Սոլանան միասին դիտում էին Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը: Տեղեկանալով իրադրությանը` Լավրովը Նալբանդյանին փոխանցում է հակիրճ գրություն. «Էդվա’րդ, արարողությանը համաձայնվիր առանց հայտարարության»: Գրության տակ, բացի Լավրովը, իրենց ստորագրությունն են դնում նաև Սոլանան և Քուշները:
  • Նալբանդյանն ու Դավութօղլուն ստորագրում են փաստաթղթերը: Նրանց ետևում կանգնած դիվանագետները լայն, անհոգ ժպտում են, հրճվում, քմծիծաղ տալիս: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները իրար ձեռք են սեղմում: Դավութօղլուի դեմքին երջանկության շողշողուն ժպիտն է, թուրք դիվանագետը չի կարողանում և չի ուզում զսպել հրճվանքը: Նալբանդյանը նույնպես ժպտում է, բայց այդ ժպիտի տակ լարվածություն, բարկություն ու անհանգստություն կա:

1997 - Հ. Ալիև - Տեր-Պետրոսյան բանակցություններ` Եվրախորհրդի գագաթնաժողովի շրջանակներում։

  • Բանակցություններից հետո կողմերը հայտարարում են, թե հավատարիմ են խաղաղությանը և հանձնառու` լուծումը գտնել բանակցային ճանապարհով: Երկու առաջնորդները ընդծում են` Մինսկի խմբի ներկայացրած կարգավորման առաջարկներն ընդունում են որպես հիմք ` հետագա բանակցությունների համար:

1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ քիմիական զորամասի ձևավորումը: 

  • 1996 թվականից հոկտեմբերի 10-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Քիմիական զորքերի օր:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Արամե (Արամ Եղիազարյան), փոփ երգիչ
1937 - Ռոմեն Դավթյան (ծնվ. Կիսլովոդսկ), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1931 - Մարատ Խարազյան (մ. 1931), պատմաբան-միջազգայնագետ
1929 - Արկադի Կարապետյան (մ. 1987), օպերային երգիչ (բարիտոն), մանկավարժ
1918 - Սուրեն Բաբլոև (մ. 1979), երգչախմբային դիրիժոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1909 - Հայկազ Ժամկոչյան (մ. 1981), պատմաբան
1908 - Աննա Տեր-Ավետիքյան, Հայաստանի առաջին կին ճարտարապետը
1903 - Աշիկ Մանուկյան, հայ խորհրդային տնտեսագետ
1874 - Ալեքսանդր Ասլանով (Ալեքսանդր Ասլանյան, մ. 1960), կոմպոզիտոր, դիրիժոր, Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար
1861 - Ֆրիտյոֆ Նանսեն (ծնվ. Քրիստիանա, Նորվեգիա, մ. 1930), օվկիանոսագետ, Արկտիկայի հետազոտող, Հայոց ցեղասպանության զոհերին օգնություն ցուցաբերած հասարակական գործիչ

  • 1938-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել Ժնևի Փախստականների հարցերով Նանսենյան միջազգային գործակալությունը (հիմնադրվել է 1931-ին)։
  • Հայաստանում Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրում է Գյումրիի մանկատունը, Դիլիջանի հատուկ գիշերօթիկ դպրոցը, Արմավիրի, Երևանի, Սպիտակի, Ստեփանավանի դպրոցները:

1848 - Ռոթեոս Պերպերյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1907), բանաստեղծ, լուսավորիչ, հրապարակախոս, տնտեսագետ, մանկավարժ, Կոստանդնուպոլսի տղամարդկանց միջնակարգ դպրոցի ստեղծողը