Պատմության հայկական օրը. հուլիսի 8


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Հայ մանրաքանդակագործ Էդուարդ Ղազարյանի «Անապատի քարավանը» կոչվող ոսկյա մանրաքանդակը Ֆրանսիայում Կաննի աճուրդում վաճառվեց 460.000 եվրոյով։ 

  • Քանդակը ստեղծվել է 1986թ-ին։ Գնորդը չի ցանկացել հրապարակել իր անունը՝ հայտնելով միայն, որ այն կմնա երկրում։ 
  • Աշխարհահռչակ հայ միկրոքանդակագործ, այդ հազվագյուտ և բարդ արվեստի հիմնադիր Էդուարդ Ղազարյանը ստեղծել է շուրջ 1000 յուրօրինակ միկրոքանդակ: Անզեն աչքով անտեսանելի միկրոմարմինները շարժվում են` կատարելով ոչ սինխրոն շարժումներ` չկրկնելով դրանցից և ոչ մեկը: Այդ աշխատանքները մինչ օրս մնում են չգերազանցված, չնայած առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից անցել է ավելի քան երեսուն տարի:

2010 - Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում է պատմության մեջ հայտնաբերված ամենահին կոշիկը, որը գտնվել է Արենիի քարանձավում։

  • Այն 5 հազար 500 տարեկան է։ Ամբողջ աշխարհից Երևան են գալիս տեսնելու մինուճար կոշիկը, որը 2 հազար տարով մեծ է եգիպտական 18-րդ դինաստիայի փարավոն Թութանհամոնից։

2009 - Մինսկի խմբի միջնորդները այցելում են Երևան, ապա` Բաքու` կրկին շրջանցելով Ստեփանակերտը: Օրեր անց Ղարաբաղը խեղաթյուրված է որակում բանակցային գործընթացը։

  • Սա արդեն երրորդ դեպքն էր, երբ Մինսկի խմբի համանախագահները այցելում էին տարածաշրջան, բայց`չէին մեկնում Ղարաբաղ,պատճառաբանելով, թե եղանակը բարենպաստ չէ: «Ցանկացած համաձայնություն, որը շոշափում է Լեռնային Ղարաբաղի շահերը, ճակատագիրը եւ ապագան, չի կարող ընդունվել առանց այդ երկրի ժողովրդի եւ նրա ճակատագրի համար անմիջական պատասխանատվություն կրող ղեկավարության մասնակցության»,- հայտարարել էր Ղարաբաղի արտգործնախարարությունը, հավելելով` «անհրաժեշտ է վերաբեռնավորել աղավաղված բանակցային գործընթացը և Ղարաբաղը վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ»:
  • Շաբաթներ անց, պատասխանելով «Ազատության հարցին», Մինսկի խմբի ռուս համանախագահ Յ.Մերզլյակովը ասել էր`«Ղարաբաղյան կողմը կմիանա բանակցություններին, եթե համաձայնեցված լինեն Մադրիդյան բոլոր սկզբունքները»:

2005 - Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարությունից հստակ բացատրություն է պահանջում. վերավաճառվե՞լ, թե՞ չեն վերավաճառվել Հայաստանի բաշխիչ ցանցերը։

  • Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնն ասում է, թե այդ կապակցությամբ կառավարությունն առայժմ որևէ հայտարարություն չի արել:
  • «Սա Հայաստանի տնտեսության ամենակարևոր ոլորտներից է, սա ամենաշահութաբեր ընկերություններից մեկն է: Այն ռազմավարական նշանակություն ունի յուրաքանչյուր հայի համար, և, ես կարծում եմ, որ պետք է լինի մի պաշտոնական հայտարարություն, որով կասվի թե ընհանրապես ի՞նչ է տեղի ունենում»,- ասում է Ռոբինսոնը:

2003 - Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հերթական հանդիպումն են անցկացնում երկու երկրների սահմանին։

  • Նախագահներ Հ.Ալիևի ու Ռ.Քոչարյանի միջև հանդիպում տարվա ընթացքում այդպես էլ չի կայանում. Տարեսկզբին Քոչարյանը զբաղված էր նախագահական ընտրություններով, որոնք անցան երկու փուլով: Ապրիլին վատթարացավ 80 ամյա Հ.Ալիևի առողջությունը, հոկտեմբերյան ընտրություններում նրան փոխարինեց որդին: Ընտրություններից երկու ամիս անց`դեկտեմբերին հաղորդվեց Ալիև ավագի մահվան մասին:

2001 - «Շամիրամ» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Շողեր Մաթևոսյանը Հայաստանում մնացողներին առաջարկում է համախմբվել և տապալել Ռոբերտ Քոչարյանին, ցանկալի է՝ սահմանադրական եղանակով։  
1999 - Մայր Աթոռի բակում հողին է հանձնվում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգի Առաջինի մարմինը։

  • Նրան հուղարկավորեցին Վազգեն Առաջինի հարևանությամբ։
  • Հուղարկավորությանը ներկա էին Վատիկանի, ղպտի, վրացական, ռուսական և այլ քրիստոնեական ուղղությունների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև Հալեպի Շեյխը։

1992 - Հայաստանի Գերագույն խորհրդը որոշում է կայացնում ԼՂՀ-ում ստեղծված իրավիճակի մասին։

  • .Հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև ԼՂՀ անկախության մասին 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա,
  • հայտնելով ԼՂՀ և նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,
  • հավաստելով ԼՂՀ հիմնահարցի քաղաքական լուծման ուղուն իր հավատարմությունը,
  • նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի ԼՂՀ-ն,
  • անընդունելի համարելով մի շարք միջազգային փաստաթղթերում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի մաս ամրագրելու փորձերը`

Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում է.

  1. Հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
  2. Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում:
  3. Հայաստանի կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ` Բաբկեն Արարքցյան

1989 - 24-ամյա Ջոն Դիի նախաձեռնությամբ Լոնդոնի Metropolis Studios ստուդիայում ձայնագրվում է Deep Purple խմբի Smoke on the water հիթի «աստղային» տարբերակը Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

  • Rock Aid Armenia բարեգործական ծրագրի կազմակերպած ձայնագրությանը մասնակցում են բրիտանական ռոքի մեծագույն «աստղերը»՝ Queen, Pink Floyd, Deep Purple, Black Sabbath, Rush, Yes, Iron Maiden, ELP, Free խմբերի անդամները և Բրայան Ադամսը:

1979 - Երեք պայթյուններ Փարիզում՝ «Թրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակում, Թուրքիայի դեսպանատան բանվորական հարցերով գրասենյակում և Թուրքիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Փարիզում O.E.C.D. թրքական գրասենյակի առջև տեղադրված չորրորդ ռումբը չի պայթում։ Բոլոր գործողությունների պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկները»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1952 - Կարեն Շահնազարով (ծնվ. Կրասնոդար), ռեժիսոր, սցենարիստ

  • Շահնազարովի հայրական կողմով նախատատը Փիրումովների հայտնի տոհմից է (նա ցարական գեներալ Դանիել Բեկ-Փիրումովի քույրն էր, որը Սարդարապատի ճակատամարտում ջարդեց թուրքերին)։

1948 - Րաֆֆի Կավուկյան (ծնվ. Կահիրե), երգիչ, երգերի հեղինակ, էսսեիստ, երաժշտական պրոդյուսեր
1939 - Վլադիմիր Մուսայելյան (ծնվ. Մոսկվա), լուսանկարիչ, ֆոտոլրագրող, ֆոտոլրագրող, ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչը
1914 - Հրանտ Բագրազյան (ծնվ. Անդիժան, մ. 1995), հայ արձակագիր, դրամատուրգ
1895 - Բենջամին Ժամկոչյան (ծնվ. Թուրքիա, մ. 1984) մանկավարժ, մանկական գրող, հռետոր, հասարակական գործիչ
1877 - Կոնստանտին Սաղաթելով (ծնվ. Թիֆլիս, մ. 1955), բժիշկ-գինեկոլոգ; ժառանգական ազնվական
1827 - Գրիգոր Աղապիրյան (ծնվ. Աստրախան, մ. 1898), եպիսկոպոս

  • Գ. Աղապիրյանը տիրապետում էր հայերեն, ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն, ինչպես նաև անգլերեն, պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուներին:
  • Նա Կովկասյան Հայկական Բարեգործական Ընկերության հիմնադիրներից էր։