Պատմության հայկական օրը. հունիսի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Պետական դրոշի օրը 

  • «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունել է Գերագույն Խորհուրդը 1990թ.-ի օգոստոսի 24-ին, իսկ 2006թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
  • Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։
    ՀՀ դրոշի սկզբնական տարբերակում նարնջագույնի փոխարեն դեղին գույնն է եղել, սակայն դրոշը ներկայացնելուց հետո դեղին գույնը փոխվել է նարնջագույնի, քանի որ կարմիր, կապույտ և նարնջագույն գույների համադրությունը համարվել է առավել հաջող:
  • Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերությանը:
2011 - Ֆրանսիացի համանախագահը Եվրախորհրդարանում զեկուցում է` բանակցային սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ։

  • Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում Բեռնար Ֆասիեն հայտարարել էր`սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ՝ հիմնարար 14 դրույթներով։
  • Համանախագահը նաև նշել էր` խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթացել են 3 փուլով: «Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում և դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։
  • Երկրորդ փուլում՝ 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, բայց դա իհարկե տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։
  • Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ, նախ՝ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս` երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել»։

2011 - Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում հանձնվում են Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի «Ազատ մամուլ» մրցանակները, որնց թվում է «Ա1+» հեռուստաընկերությունը։
2008 - Գլենդելում հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը՝ կքանստած բարձրացնելով 95.600 ֆունտ, ինչը 50.000-ով ավելի է նախորդ համաշխարհային ռեկորդից, գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:
2006 - Ընդունվեց Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին նոր օրենքը:
1999 - Հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը հաստատեց կառավարության նոր կառուցվածքը, ըստ որի միմյանցից անջատվեցին ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը, ինչպես նաև ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները։ 

  • Նույն հրամանագրով ստեղծվեց նաև նոր՝ պետեկամուտների նախարարություն։

1998 - Կույրերի միավորման ժողգործիքների համույթը նշում էր ստեղծման 20-րդ ամյակը։
1993 - Հեյդար Ալիևն ընտրվում է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ։
1991 - Մեծաքանակ օդուժի և զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահամեքենա) գրավեցին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղը:

  • Նախորդ օրը ընկել էին Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը:

1990 - ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը արտա­կարգ դրություն հայ­տա­րարեց Լեռնային Ղարաբաղում, հարակից շրջան­նե­րում և ՀԽՍՀ Գորիսի շրջանում և խորհրդա-իրանական սահմանի ադրբե­ջա­նա­կան տեղամա­սում:
1988 - Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը կողմ է քվեարկում ԼՂԻՄ-ը Հայաստանի կազմ մտցնելու որոշմանը։
1935 - Առաջին անգամ ցուցադրվեց Հայֆիլմի նկարահանած առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն»:
1925 - Ֆրիտյոֆ Նանսենը
հասնում է Թիֆլիս, որտեղ հանդիպում է Անդրկովկասյան Դաշնության ղեկավարության ներկայացուցիչների հետ։
1925 - Խորհրդային Հայաստանի հողժողկոմ Արամայիս Երզնկյանը «Խորհրդային Հայաստան» թերթում անդրադառնում է հայ գաղթականների խնդրին՝ նշելով, որ Հունաստանի կառավարությունն առաջարկել էր հայերին թողնել Հունաստանը։

  • «Որովհետև հունահայ գաղթականությունը ցանկություն է հայտնել տեղավորվելու Խորհրդային Հայաստանում, ուստի [Ազգերի լիգայի] Աշխատանքի բյուրոն որոշել է Հայաստան ուղարկել իր ներկայացուցիչներին՝ Նանսենի ղեկավարությամբ, պարզելու գաղթականներին Հայաստանում տեղավորելու պայմանները»,- ասել էր նա։
  • Երզնկյանը նաև պարզաբանել էր, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ընդունել գաղթականներին՝ պայմանով, որ «տեղավորման, իրիգացիոն և գաղթականությանը տնտեսության հետ կապելու ծախքերն իրենց վրա վերցնեն արտասահմանյան կազմակերպությունները»։

1915 - Կ. Պոլսում կախաղան բարձրացվեց Փարամազը (Մատթես Սարգիսյան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1980 - Բենժամեն Վարոնյան (ծնվ. Նիցա), ֆրանսիացի մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր մրցումներում (2000)

  • 20-րդ դարի 90-ական թթ. Ֆրանսիայի ուժեղագույն մարմնամարզիկներից։

1977 - Լուիզա Ղամբարյան (ծնվ. Երևան), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2014)
1965 - Անուշ Եղիազարյան (ծնվ. Երևան), գոբելենի նկարչուհի

  • Անուշ Եղիազարյանը գոբելենի արվեստի հիմնադիր Կարապետ Եղիազարյանի դուստրն է։
  • Անուշ Եղիազարյանը ժամանակակից տեքստիլ ավանգարդի վառ ներկայացուցիչն է Հայաստանում, թեև նրան խորթ չեն ոչ հայկական ավանդական գորգը, ոչ դասական արևմտաեվրոպական շպալերան։ 

1957 - Մարտին Վան Լինտ Թեո (ծնվ. Դելֆթ), հոլանդացի գիտնական-պատմաբան, հայագետ, Օքսֆորդի համալսարանում հայկական հետազոտությունների և Արևելյան քրիստոնեության բաժանմունքի պրոֆեսոր
1947 - Գրիգոր Խուրդայան (ծնվ. Չալտիր), Ռոստովի ֆիլհարմոնիայի «Դոն» ռուսական ժողովրդական գործիքների նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ
1937 - Մարտին Մարդիկ (ծնվ. Իրան), հայտնի հոլիվուդյան կինոսցենարիստ

  • Սցենարիստի դասընթացն ընտրած Մարդիկի դասախոս է դարձել նրա հայրենակից Հայկ Մանուգյանը։ Այնտեղ նա ընկերացել է սկսնակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ։
  • «Այն, ինչ մենք արագ ընդհանուր լեզու գտանք, մեծամասամբ կապված է մեր արմատների հետ,- շատ տարիներ անց հիշում էր Սկորսեզեն։ - Ընտանիքս փոքրիկ գյուղից Սիցիլիա էր եկել, Մարդիկը՝ Հայաստանից։ Մեզ՝ հեռավոր փոքր վայրերից եկածներիս, Նյու Յորքում շատ հարմարավետ էր միասին»։

1936 - Էդվարդ Ավեդիսյան (ծնվ. Լոուվել, ԱՄՆ, մ. 2007), աբստրակցիոնիստ նկարիչ
1927 - Լևոն Բրուտյան (ծնվ. Լենինական, մ. 1986), կլարնետիստ, մանկավարժ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր
1925 - Էմիլ Հովհաննիսյան (մ. 1989), հաշվողական տեխնիկայի կիսահաղորդչային համակարգերի մասնագետ

  • Առաջիններից էր, որ առաջատար էներգետիկների խմբի հետ Սերգեյ Մերգելյանը հրավիրեց աշխատել նոր կազմակերպված Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։
  • Նրա ընկերները եղել են և տեխնիկայի մարդիկ, և երաժիշտները, որոնց հետ նա ընկերություն էր անում մանկությունից՝ Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և այլն:

1918 - Տերկ Վան Լեյք (Վանիգ Ռուբեն Հովսեփյան, ծնվ. Բոստոն, մ. 2001), ջազ երաժիշտ, պրոֆեսոր

  • 60-ականներից Տերկ Վան Լեյքը հանդես է եկել այնպիսի հայտնի երգչուհիների հետ, ինչպիսիք են Միրիամ Մակեբան և Նենսի Ուիլսոնը, աշխատել է հանրաճանաչ ֆլեյտահար Հերբի Մենի հետ:

1913 - Արտյոմ Ջալալյան (ծնվ. Երևան, մ. 1985), կինոօպերատոր, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1966)
1899 - Երվանդ Քոչար (ծնվ. Թիֆլիս, մ. 1979), քանդակագործ, գեղանկարիչ, Գծանկար, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)

  • Երվանդ Քոչարի անունով Երևանում փողոց է անվանակոչվել։
  • Երևանում բացվել է Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, որը ներկայացնում է նկարչի ողջ ստեղծագործական ուղին: Միայն Ե. Քոչարի թանգարանում և Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել «տարածական գեղանկարչություն» շարքի աշխատանքները։

1809 - Անդոն Բեդրոս Հասունյան (Հասունյան Անդոն Բեդրոս, ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1884), առաջին հայ Կարդինալ, Կիլիկիայի Պատրիարք

  • 1847-ին հիմնադրել է «Անարատ բեղմնավորման Հայ քույրերի Միաբանությունը»: