Պատմության հայկական օրը. հունիսի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-06-19, 2023-06-11, 2024-06-02, 2025-06-22, 2026-06-07, 2027-05-30, 2028-06-18, 2029-06-03, 2030-06-23։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2017 -  Համանախագահները հորդորում են Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել` լարվածության հետագա սրացումից խուսափելու համար:

  • Նույն կոչով,միջնորդները դիմում են ոչ միայն Հայաստանի, այլև Ղարաբաղի «փաստացի իշխանություններին»: Պաշտոնական Ստեփանակերտը համանախագահների հայտարարությունը դրական էր գնահատել, փաստելով` միջնորդները «հերթականությունը պահել են՝ առաջինն Ադրբեջանին կոչ անելով չսրել իրավիճակը»։

2013 - ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ չի կարող ասել, թե ինչու են որոշել «Հայռուսգազարդի»՝ Հայաստանի բաժին 20 տոկոսը հանձնել ռուսներին։

  • Նա հրաժարվեց նաև ասել, թե ում նախաձեռնությամբ է որոշվել «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը հանձնել «Գազպրոմին» և վստահեցրեց, որ Մաքսային միությանը միանալ-չմիանալու հարցը 20 տոկոսից հրաժարվելու հետ կապ չունի։

2012 - Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը նախատում են` մինչ օրս կողմերը չեն իրականացրել մեկ տարի առաջ Դովիլում առաջարկված քայլերը:

  • Ափսոսանք հայտնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչ օրս առաջընթաց չեն արձանագրել խնդրի կարգավորման շուրջ վերջնական համաձայնության գալու հարցում, նախագահներ Բ. Օբաման, Ֆ.Օլանդն ու Վ.Պուտինը միաժամանակ նշել էին. «Այդուհանդերձ, ձեռք բերված առաջընթացը հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու համար»։

2009 - ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտա­րա­րե­լու մասին» որոշում, որով կալանավայրերից ազատ­վե­ց մոտ 30 քաղբանտարկյալ։
1964 - Թբիլիսիից Երևան է ժամանում Իրանի շահի քույրը՝ արքայադուստր Աշրաֆ Փեհլևին։

  • Նա Մոսկվա էր ժամանել խորհրդային կառավարության հրավերով և վերադարձի ճանապարհին այցելել էր Հայաստան։ Արքայադուստրը եկել էր ամուսնու՝ դոկտոր Մեհդի Բուշեհրի, որդու՝ Շահրամի և իրանական ու խորհրդային այլ պաշտոնյաների հետ։ 
  • Երևանում Աշրաֆ Փեհլևին հանդիպում է Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Նագուշ Հարությունյանին։ Պաշտոնական նախաճաշի ժամանակ արքայադուստրն ասում է. «Ես ուրախ եմ, որ այցելեցի Հայաստան՝ մեր հարևան բարեկամ երկիրը։ Ես համոզված եմ, որ Իրանի ու Սովետական Միության բարեկամությունն է՛լ ավելի կամրապնդվի։ Օգտվելով առիթից՝ կցանկանայի իմ շնորհավորանքները հաղորդել բոլոր այն հայերին, որոնք Իրանից վերադարձել են իրենց իսկական հայրենիքը՝ Հայաստան»։

1920 - Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորեց Խան Մահմադովին՝ Բաքվի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։
979 - Տեղի ունեցավ Պանկալիայի ճակատամարտը՝ Սատրապական Հայաստանի XII ապստամբության նշանավոր ճակատամարտերից մեկը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Նարեկ Բայանդուրյան, դերասան
1953 - Քեն Դավթյան (ծնվ. Լոս Անջելես), կինոդերասան
1947 - Երվանդ Երզնկյան (ծնվ. Երևան), կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ

  • Հարյուրից ավելի երգերի, համերգների, սիմֆոնիկ պոեմների, քառյակների հեղինակ է։ «Մուսա լեռ» սիմֆոնիկ պոեմի և բազմաթիվ կամերային և էստրադային ստեղծագործությունների հեղինակ է:

1936 - Ռուդոլֆ Մուրադյան (ծնվ. Երևան), ֆիզիկոս-տեսաբան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս