Պատմության հայկական օրը. հունիսի 23


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Ս. Իսահակ և Ս. Հովսեփ իշխանների, Ս. Սարգիս և Ս. Բագոս վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը, և նրանց իբրև իսլամ հոր զավակներ ստիպում են նույն կրոնն ընդունել: Չնայած հոր՝ կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ և գլխատվում 808 թվականին:
  • Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, ովքեր կռապաշտական մի արարողության մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ և գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին:
  • Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստյան տոնից հետո երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլև հանդերձյալ աշխարհում աստվածային պարգևի արժանանալու համար:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-23, 2023-06-15, 2024-06-06, 2025-06-26, 2026-06-11, 2027-06-03, 2028-06-22, 2029-06-07, 2030-06-27։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2010 - Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։
2009 - «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից համաներումով ազատ է արձակվում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Գագիկ Ջհանգիրյանը։ 

  • Վերջինս առանձնապես հիացած չէ Սերժ Սարգսյանի համաներման հրամանագրով։ 

2008 - Մոսկվայում ռուսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կհրավիրի Աբդուլլահ Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը:

  • «Թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև»,- ասաց Սարգսյանը:

2004 - ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ 

  • «Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում։ Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու»,- Ստրասբուրգի ամբիոնից ասում է Ռոբերտ Քոչարյանը։

2000 - Իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանն ընդունում է կաթողիկոսին և Գերագույն Հոգևոր խորհրդի պատվիրակներին։ 
Հոգևորականները պարոն Քոչարյանին խնդրում են ներկայացնել Հայաստանի ներքաղաքական դրությունը։

  • Քոչարյանը սքեմավորներին վստահեցնում է՝ իրավիճակը կայուն է և վերահսկելի։

1998 - Հայ կանայք Ռոբերտ Քոչարյանից պահանջում են դադարեցնել պետական գույքի սեփականաշնորհումը, հատկապես կոնյակի գործարանը։
1997 - Դենվեր. «Մեծ ութնյակի» հանդիպմանը Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները առաջին համատեղ հայտարարությունն են տարածում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։

  • Գերտերությունների առաջնորդները փաստացի կոչ էին անում կողմերին ընդունել Մինսկի խմբի առաջարկած տարբերակն ու բանակցություններ սկսել` խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ողջունում ենք հրադադարի պահպանումը, այդուամենայնիվ, զինադադարն ինքնին բավարար չէ: Միջազգային հանրությունը շարունակաբար հորդորում է հասնել վերջնական կարգավորման, և մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը չպետք է ձգձվի»,֊հայտարարել էին Բ.Ելցինը, Բ. Քլինթոնը և Ժ.Շիրակը:

1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։ 

  • Զորամիավորումը վերջերս էր անցել Ռուսաստանի իրավասության տակ և անկախ Հայաստանի տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում ռեպրեսիվ գործողություններ չէր իրականացրել հայերի հանդեպ և հօգուտ հայերի չէր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։ 
  • Չնայած ռուսական զորամիավորումների հեռացմանը, սպասվում է, որ Անդրկովկասի երեք երկրներից Հայաստանն առաջինը Ռուսաստանի հետ կստորագրի փոխօգնության և բարեկամության պայմանագիր։

1960 - Երևանի Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի է ունենում ամերիկացի հռչակավոր դաշնակահար Վան Կլայբըռնի, որին ԽՍՀՄ-ում համառորեն «Կլիբեռն» էին անվանում, համերգը, որի ժամանակ նա կատարում է նաև Արամ Խաչատրյանի դաշնամուրի տոկատան:
1946 - Բեյրութից Բաթում է ուղևորվում «Տրանսիլվանիա» նավը, որը հայրենիք էր բերում առաջին հայերին։

  • Հունիսի 27-ին նավը հասնում է Բաթում։ Մի քանի օր անց՝ հուլիսի 2-ին, նրանք Երևան են ժամանում, որոնց մեծ շուքով դիմավորում են երկաթուղային կայարանում։
  • Հուլիսի երկրորդ կեսին սկսվում է ռումինահայերի, բուլղարահայերի, ապա Իրանում ապրող մեր հայրենակիցների հայրենադարձությունը։ 1946-ին Հայաստան է վերադառնում շուրջ 11 հազար ընտանիք՝ 50 հազար մարդ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Ժոր Մելոյան (ծնվ. Երևան), հայ ռեժիսոր
1957 - Արշակ Սանոյան (ծնվ. Մրգաշատ), ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Արշակ Սանոյանի որդին՝ Նարեկը, 2008-ին դարձել է Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության մրցանակակիր։

1955 - Բորիս Հայրապետյան (ծնվ. Երևան), խաղարկային կինոյի ռեժիսոր, սցենարիստ
1953 - Արմեն Սարգսյան (ծնվ. Երևան), ՀՀ նախագահ, ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ
1927 - Սարգիս Մուրադյան (ծնվ. Երևան, մ. 2007), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ: ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ (1982-1987)
1923 - Մանուել Սարգսյանց (ծնվ. Բաքու, մ. 2015), սոցիոլոգ, քաղաքագետ, պատմաբան, Հայդելբերգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր
1911 - Լիդիա Մոջորյան (ծնվ. Մոսկվա, մ. 1996), կին իրավաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1899 - Արտո Եղիազարյան (ծնվ. Վրաստան, մ. 1974), Հայկական ԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, պատմական գիտությունների դոկտոր
1879 - Ստեփան Ղամբարյան (ծնվ. Վրաստան, մ. 1948), հայ քիմիկոս, Հայկական Խորհրդային քիմիական դպրոցի հիմնադիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)