Պատմության հայկական օրը. հունիսի 25


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Ս. Ներսես Մեծ Հայրապետի և Խադ եպիսկոպոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայ բազմաշնորհ կաթողիկոսներից է Ս. Ներսես Հայրապետը (353-373թթ.), որին իրավամբ տրվել է Մեծ անունը: Ըստ պատմական աղբյուրների՝ նա Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմից է, Հուսիկ Հայրապետի թոռը: Փառեն կաթողիկոսի մահվանից հետո հայոց Արշակ թագավորի սենեկապան Ներսեսը, դեռևս աշխարհական, նկատվում է կաթողիկոսական գահի ամենաարժանի թեկնածու և արքայի պարտադրմամբ ձեռնադրվում է կաթողիկոս: Հետագայում հայրապետական աթոռի գահակալը դառնում է Հայ Առաքելական Եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը և իր ժողովրդի մեծանուն բարերարը: Նրա նախաձեռնությամբ գումարված Աշտիշատի ազգային-եկեղեցական ժողովում (354թ.) առաջին անգամ ընդունվում են որոշումներ, որոնք կանոնակարգում են հոգևոր-եկեղեցական կյանքը, սահմանում ընտանիքի բարոյական սկզբունքները: Ներսես Մեծ Հայրապետի նախաձեռնությամբ հիմնվում են վանքեր ու դպրոցներ, բոլոր անտունների ու աղքատների համար կառուցվում ապաստաններ ու հիվանդանոցներ: Հայրապետն իր ժողովրդի կողքին է եղել միշտ և ամենուր: Ձիրավի ճակատամարտի հաղթանակը ձեռք է բերվել նաև Ս. Ներսես Հայրապետի շնորհիվ, ով ողջ ճակատամարտի ընթացքում մոտակա լեռան վրա բազկատարած աղոթել է հայոց բանակի հաղթության համար: Ազգաշեն ու եկեղեցաշեն այս գործունեության համար էլ Ս. Ներսես Հայրապետին կոչել են նաև «Լուսավորիչ սրտից»: Հայրապետի բոլոր այս ձեռնարկներին աջակից ու գործակից է եղել Խադ եպիսկոպոսը, որին պատմիչ Փավստոս Բյուզանդը կոչել է նաև Ներսես Հայրապետի աթոռակից: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի շարքը դասելով իր երկու նվիրյալ զավակներին՝ նրանց հիշատակը միասնաբար տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-25, 2023-06-17, 2024-06-08, 2025-06-28, 2026-06-13, 2027-06-05, 2028-06-24, 2029-06-09, 2030-06-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ «Իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը»։

  • «Հիմնվելով վերոշարադրյալ արձանագրումների վրա, հայտարարում ենք, որ հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։ Չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով Հայաստանի ժողովրդավարական զարգացման ճանապարհը»։

1999 - Հայաստանում կտրուկ աճել են խոզուկով հիվանդանալու դեպքերը։ Միայն մայիսին՝ 1995 դեպք։ 

  • Նախարար Հայկ Նիկողոսյանը դա բացատրում է նրանով, որ արդեն 5 տարի հակախոզուկային պատվաստումներ չեն արվել։ Այս տարի ձեռք են բերել 50 հազար պատվաստանյութ, սակայն հիվանդությունն արդեն իր տարերքի մեջ էր, վարակվում են նույնիսկ մեծահասակները, մինչդեռ ընդունված է կարծել, որ այն մանկական հիվանդություն է:

1992 - ՀՀ Կառավարության որոշումով ստեղծվեց ՀՀ ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչություն` արտաբյուջետային ֆինանսավորման սկզբունքով:
1992 - Մեղրիի շրջանում ադրբեջանական զինուժի կուտակումներ կան, սպասում են աննախադեպ ագրեսիայի։ 

  • Շրջանը երկու կողմից սահմանակից է Ադրբեջանին՝ Զանգելանին և Նախիջևանին։ Շաբաթվա սկզբից Հայաստանի նախագահի հրամանագրով Մեղրիի շրջանում հայտարարվել է պարետային ժամ`   երեկոյան 10-ից մինչև առավոտյան 6-ը։ Ռմբակոծության է ենթարկվում Հայաստանն Իրանին կապող Արաքս գետի վրա գտնվող ժամանակավոր կամուրջը, որը չի վնասվում։ Իրանցիներն անհանգիստ են։

1992 - Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով հիմնադրվեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը:
1964 
- Երևանում տեղի է ունենում սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի հիմնադիր համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդական կազմակերպություններ, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ։

  • Համաժողովում կոմիտեի նախագահ է ընտրվում Վարդգես Համազասպյանը։ 

1907 - Թիֆլիսում կողոպտվեց ինկասացիոն կառքը, որ կազ­մա­կերպ­ել էր Ստալինը և իրականացրել Կամոն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1999 - Անաստասիա Գալուստյան (ծնվ. Մոսկվա), մենասահորդ գեղասահորդուհի, Հայաստանի եռակի չեմպիոն
1957 - Կարինե Խոդիկյան (ծնվ. Ախալքալաք), դրամատուրգ, հրապարակախոս
1948 - Լեոն Կակոֆ (Լեոն Չադարևյան, ծնվ. Հալեպ, մ. 2011), բրազիլացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ և կինոքննադատ, Սան Պաուլուի միջազգային կինոփառատոնի հիմնադիրը
1926 - Վլաս Չուվարայան (մ. 2006), դիրիժոր և կոմպոզիտոր; Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
1911 - Գրիգորի Աղաբաբյան (ծնվ. Գյումրի, մ. 1977), ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ
1903 - Արտաշես Ատովմյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1979), ԽՍՀՄ ռազմական նավատորմի գործիքաշինության հիմնադիրներից, ԽՍՀՄ վաստակավոր կոնստրուկտոր, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, «ԱԳԱԹ» ԳՀԻ գլխավոր կոնստրուկտոր

  • Ավելի քան 50 հայտնագործությունների հեղինակ է։
  • Նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել և արտադրվել են կայունացված տեսադաշտային և ալեհավաք դիտակետերը՝ 1940-1970-ին ԽՍՀՄ ռազմանավերի դիտարկման հիմնական միջոցը։ (антенные посты наблюдения)
  • Ուռուցքաբանական հիվանդությունների բուժման բժշկական սարքավորումների, մասնավորապես «Rokus» գամմա-թերապևտիկ սարքերի ստեղծողներից մեկը (դրանցով հագեցած էին բազմաթիվ հայրենական և արտասահմանյան կլինիկաներ):

1901 - Ժիրայր Օրաքյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1962), նկարիչ

  • Նկարչի խոստովանությամբ, չնայած այն փաստին, որ իր կյանքի 40 տարին անցկացրել է Եվրոպայում, որի հետ կապված է նրա կյանքի լավագույն տարիները, այդ թվում նրա կրթությունը, նա իր սրտում պահպանել է սերը Հայաստանի հանդեպ և իրեն համարել հայ նկարիչ: 1966 թվականին տեղի է ունեցել նրա հետմահու անհատական ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում։ Նկարիչն իր բոլոր աշխատանքները կտակել է Հայաստանին։ Նրա աշխատանքների մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

1899 - Ակսել Բակունց (Ալեքսանդր Թևոսյան, ծնվ. Գորիս, մ. 1937), գրող, փայլուն նովելների հեղինակ

  • Բռնադատվել է 1937 թվականին և գնդակահարվել հակախորհրդային գործունեության մեղադրանքով։ 1955 թվականին հետմահու արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով։
  • 1957 թվականին այն տանը, որտեղ մեծացել է, բացվել է նրա տուն-թանգարանը։