Պատմության հայկական օրը. հունիսի 28


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Կոստանդիանոս կայսրը Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին:
  • Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, ով մշտապես հաղթել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթում: Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:
  • Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն՝ բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների:
  • Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է կառուցել տալիս։ Մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-28, 2023-06-20, 2024-06-11, 2025-07-01, 2026-06-16, 2027-06-08, 2028-06-27, 2029-06-12, 2030-07-02։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Մարտակերտի շրջանի Մատաղիսի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվում։ 
1994 - ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանի գլխավորությամբ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հրավերով այցելեց Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրամիության հանձնաժողովի աշխատանքներին և քննարկելու Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների հետ արտաքին կապերին վերաբերող հարցեր:
1993 - ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը երկօրյա մարտերի ընթացքում ազատագրեցին ուղիղ մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը:

  • Միաժամանակ թշնամուց հետ խլվեց շրջանի 6 հայկական գյուղ:

1992 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը։
1981 - ASALA. Պայթյուն Թեհրանում շվեյցարական Սուիս-Էյր օդանավային ընկերության գրասենյակի առջև։ Նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1970 - Վովա փղի փախուստը Երևանի կենդանաբանական այգուց։

  • Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր:

1292 - Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը գրավեց կաթողիկոսի նստավայրը՝ Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվեց դեպի Սիս։

ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Էլմիրա Անտոնյան (ծնվ. Երևան), խորհրդային մարզուհի, ԽՍՀՄ յոթակի անհատական, զուգախաղի և խառը զուգախաղի ԽՍՀՄ չեմպիոն, թիմային մրցումներում Եվրոպայի կրկնակի չեմպիոն, սեղանի թենիսի զուգախաղի և խառը զուգախաղի աշխարհի առաջնության կրկնակի մրցանակակիր, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ
1951 - Ալբերտ Ասրիյան (ծնվ. Բաքու, մ. 2007), ջութակահար, կոմպոզիտոր, գործիքավորող

  • 2007-ի դեկտեմբերի 7-ին ամերիկյան New York Daily News հոդված է հրապարակել Ալբերտ Ասրիյանի կյանքի ու ստեղծագործության մասին:

1941 - Շալիկո Փալթաջյան (ծնվ. Հայաստան), Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ
1936 - Մանուել Դերմենջյան (ծնվ. Փարիզ), ճարտարապետ, Փարիզի Հայ միջպրոֆեսիոնալ միջազգային ասոցիացիայի (GIIA) և Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական կենտրոնի (CFACI) նախագահ
1926 - Արտյոմ Կարապետյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2011), թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով
1924 - Ասյա Ժամկոչյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2011), Վրաստանի ժողովրդական արտիստ