Պատմության հայկական օրը. հունվարի 1


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Կաղանդ, Տարեմուտ (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Այժմ բոլոր քրիստոնյա ազգերը Տարեմուտը տոնում են հունվարի 1-ին: «Հունվար» բառը նշանակում է ծնունդ: Մինչև Քրիստոսի աշխարհ գալն ամբողջ մարդկությունը գերի էր չարի իշխանությանը: Քրիստոսի ծննդյամբ և Տիրոջ երկրային կյանքի փրկարար  առաքելությամբ քանդվեց դժոխքը, մարդկությունն ազատվեց հավիտենական մահից և հնարավուրություն ունեցավ Երկնքի արքայությունը ժառանգելու: Այդ պատճառով հունվարը դարձավ ամիսների սկիզբ: Հունվարի 1-ը մեր Փրկչի ծննդյան թվականի առաջին ամսվա առաջին օրն է: Հունվարի 1-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում:
  • Տոնը կոչվում է Կաղանդ, որը նշանակում է ամսագլուխ: Հայերն այն անվանում են Ամանոր, որը բուն հայկական բառ է, «ամ» նշանակում է տարի, այսինքն՝ նոր տարի: Ըստ ժողովրդական սովորության՝ Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի Կենաց ծառի խորհուրդն ունի:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-01, 2024-01-01, 2025-01-01, 2026-01-01, 2027-01-01, 2028-01-01, 2029-01-01, 2030-01-01։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1997 - Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման Մինսկի խմբում Ֆինլանդիային փոխարինում է Ֆրանսիան։

  • Մինսկի խմբում հաստատվում է եռանախագահություն, ձևաչափ, որ գործում է մինչ այժմ։
  • Տարեսկզբից ԵԱՀԿ֊ի նախագահությունն անցել էր Ֆրանսիային, որի միջնորդական ջանքերի հարցում Ադրբեջանը առարկություններ ուներ և պնդում էր, թե Փարիզը հայանպաստ քաղաքականություն է վարում: Այդ մտահոգությունները չեզոքացնելու համար փետրվարի 14֊ին Միացյալ Նահանգները ստանձնում է միջնորդական խմբի երրորդ անդամի պարտականությունները:

1992 - Աղդամի գումարտակը` Յակուբ Ռազաևի հրամանատարությամբ, տանկերով հարձակվում է հայկական Խրամորթ գյուղի վրա։

  • 800֊ից ավելի բնակիչ ունեցող գյուղը մի քանի օրում դատարկվում է ու անցնում ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ: Հայկական կողմը բնակավայրը հետ է վերցնում մեկուկես տարի անց միայն:

1989 - Ռոնալդ Ռեյգանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղում Միխայիլ Գորբաչովին, որը սկսում է Հայաստանի երկրաշարժի մասին հիշատակելով.

  • «Ամերիկայի ժողովրդի անունից ուղարկում եմ շնորհավորանքներս՝ Նոր Տարվա կապակցությամբ: Ձեր և իմ երկրում Ամանորը հույսի և վերածննդի ժամանակ է: Ոգու այս որակները երբեք չեն եղել այդքան անհրաժեշտ, որքան հիմա, երբ Խորհրդային Հայաստանը սկսում է բժշկել իր վերքերը: Դուք վայելում եք մեր խորին կարեկցանքը: Մենք աղոթում ենք ձեզ համար: Ես և Նենսին հուսով ենք, որ ավերվածը վերականգնելու ջանքերում դուք կգտնեք ձեր սփոփանքը»:

1972 - Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոցում, և հրո ճարակ է դառնում տաղանդավոր նկարչի շուրջ 300 գործ։

  • Դրանց մի մասը նա պետք է տաներ Ֆրանսիա՝ իր անհատական ցուցահանդեսին։

1933 - Հովհաննես Քաջազնունին Երևանից նամակ է գրում որդուն՝ Ռուբենին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Դավիթ Նալբանդյան (Գերվասիո Էստեբան Դավիթ Եզեկիլ Նալբանդյան, ծնվ. Կորդոբա, Արգենտինա) արգենտինացի թենիսիստ, աշխարհի նախկին երրորդ ռակետ, Մեծ սաղավարտի 1-ին մրցաշարի եզրափակիչի մասնակից (Ուիմբլդոն-2002)
1953 - Դերենիկ Դումանյան, ՀՀ առողջապահության նախարար (2012-2014), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1950 - Ռուբեն Հախվերդյան, հեղինակային երգիչ, երգահան, կիթառահար

  • «Երևանի գիշերներում», «Մեր սիրո աշունը», «Փոքրիկ նավակ» և այլ երգերի հեղինակն է:

1947 - Հրաչյա Սարուխան (մ. 2016), բանաստեղծ, թարգմանիչ
1945 - Լևոն Մալխասյան, հայ ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2013)
1945 - Լիզ Սարգսյան, լիբանանահայ դերասանուհի
1939 - Յուրի Մկրտումյան, հայ ազգագրագետ, դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան
1938 - Ալեքսանդր Մելիք-Փաշայան, հայ զինվորական բժիշկ, հոգեբույժ, առողջապահության կազմակերպիչ
1937 - Ալեքսանդր Դեմուրջյան (ծնվ. Խարկով, մ. 1992) թավջութակահար, մանկավարժ
1937 - Պետրոս Մարկարիս (ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), հույն գրող, սցենարիստ, դերասան

  • Լինելով հայ փոքրամասնության անդամ, Պետրոս Մարգարիսը երկար տարիներ ոչ մի քաղաքացիություն չի ունեցել և հունական քաղաքացիություն տացել է միայն 1974-ից հետո։

1934 - Ռոբերտ Մարտիրոսյան (մ. 1989), խորհրդային հետախուզության ռեզիդենտ Մերձավոր Արևելքի երկրներում
1933 - Լեոն Կուկուլյան (ծնվ. Մոսկվա), դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ (2006), Ռուսաստանի վաստակավոր արտիստ
1931 - Սերգեյ Ադյան, մաթեմատիկոս, մաթեմատիկական տրամաբանության, ալգորիթմների տեսության և հանրահաշվի կիրառման մասնագետ
1928 - Արամ Աղաբեկյան, հայ ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն
1927 - Ռաֆայել Մանգասարյան, հայ խորհրդային դիրիժոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
1915 - Վալենտինա Արաքսմանյան (ծնվ. Վան, Թուրքիա, մ. 1995թ.), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի: ՀԽՍՀ վաստակավոր տարտիստ

  • Ամուսինը՝ դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն է, կրտսեր որդին՝ դերասան Գուժ Մանուկյանը։

1911 - Պարսամ Սիմոնյան, նկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1939), Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1970)
1908 - Արամ Նալբանդյան, ականավոր քիմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր
1907 - Գառզու (Գառնիկ Զուլմանյան, ծն. Հալեպ, Սիրիա, մ. 2000) արվեստաբան, նկարիչ, գրաֆիկ, վիմագիր

  • Հազվագյուտ նկարիչներից է, որը կենդանության օրոք արժանացել է իր թանգարանի բացման պատվին, դասվել Ֆրանսիայի քառասուն անմահների թվին։

1897 - Անա-Վասիլիկիա Ասլան (ծն. Բրեիլա, Ռումինիա, մ. 1988թ.), ռումինահայ բժիշկ-գերոնտոլոգ, կենսաբան, հայտնաբերել է նովոկաինի երիտասարդացնող էֆեկտները

  • Նրան են դիմել բազմաթիվ նշանավոր գործիչներ՝ Շառլ դը Գոլը, Նիկիտա Խրուշչովը, Կոնրադ Ադենհաուերը, Չարլզ Չապլինը, Ինդիրա Գանդին, Բրոզ Տիտոն, Էլիզաբեթ Թեյլորը, Հո Շի Մինը, Մառլեն Դիտրիխը, Քըրք Դուգլասը, Սալվադոր Դալին:
  • Ասլանի մասին բազմաթիվ գրքեր են գրվել տարբեր լեզուներով։ Առաջիններից մեկը ամերիկացի հայտնի բժիշկ Հենրի Մարքսի «H3-ն ընդդեմ ծերության» (1960) գիրքն է։
  • Նրա մասին պատմում է նաև իտալական «Մեր ժամանակի նշանավոր կանայք» ֆիլմի սյուժեներից մեկը (1971)։
  • 1983 թվականին Գերմանիայում ստեղծվել է նրա անվան մրցանակ ։

1892 - Մագդալինա Շահինյան (ծնվ. Մոսկվա, մ. 1961), քանդակագործ, պատմաբան, մանկավարժ, կոմպոզիտոր

  • Մարիետա Շահինյանի քույրը։

1891 - Շահան Պերպերյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1956), հայ մանկավարժ, երաժշտագետ, դիրիժոր, հոգեբան, փիլիսոփա
1886 - Գարեգին Նժդեհ (Գարեգին Տեր-Հարությունյան), հայ պետական և ռազմական գործիչ
1868 - Հովհաննես Քաջազնունի (ծնվ. Ախալքալաք, Վրաստան, մ. 1938), ՀՀ առաջին վարչապետ (30.07.1918-28.05.1919)

  • Անգնահատելի է նրա դերը 7560 բառ-հոդվածներից բաղկացած 1928 թ. «Ռուս-հայերեն շինարարական բառարանի» ստեղծման գործում։ 

1879 - Ղևոնդ Թուրյան (ծնվ. Ստամբուլ, մ. 1933), Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդարանի արքեպիսկոպոս

  • Մանհեթենի Վաշինգտոնի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Ծննդյան նախօրեին արքեպիսկոպոսը սպանվել է ՀՅԴ անդամների կողմից:
  • Սպանությունից հետո Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները բաժանվեցին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոսության (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) և Կիլիկիայի կաթողիկոսության հետ կապված եկեղեցիների միջև:

1878 - Արտաշես Աբեղյան (ծնվ. Աստապատ, մ. 1955), հայ և գերմանացի պատմաբան, բանասեր մանկավարժ և քաղաքական գործիչ

  • Անձամբ ծանոթ է եղել է III ռեյխի նացիստական գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգի հետ։ Աբեղյանի առաջարկով Ռոզենբերգի անմիջական համակարգությամբ ձևավորվեց գիտնականների խումբ, որին հանձնարարվեց ուսումնասիրել հայ ժողովրդի մարդաբանության և նրա պատմության հարցերը։ Հինգ տարի անց Հիտլերի սեղանին դրված էր Ռոզենբերգի զեկուցագիրը, որում գիտական աղբյուրների հղումներով ճանաչվում էր հայերի արիական ծագումը, որն ավելի վաղ ապացուցել էր Արտաշես Աբեղյանը «Ֆելքիշեր բեոբախտեր» թերթում:

1863 - Հովսեփ Արղության («Իշխան», Հովսեփ Արգուտինսկի-Դոլգորուկի, ծն. Թիֆլիս, մ. 1925), ազգային-ազատագրական շարժման գործիչ, գնդապետ, իշխան, «Դաշնակցություն» կուսակցության հիմնադիրներից 

  • Անդրանիկ Օզանյանի, Դրաստամատ Կանայանի, Համազասպ Սրվանձտյանցի, Արշակ Գաֆավյանի (Քեռի), Գրիգոր Աֆշարովի հետ մասնակցել է Կովկասյան ճակատում ռուսական կանոնավոր զորքերի գործողություններին:
  • 1917 թ. դեկտեմբերին, Ազգային խորհրդի որոշմամբ, փոխգնդապետ Արգուտինսկի-Դոլգորուկովը նշանակվել է հայկական 8-րդ հրաձգային գնդի հրամանատար՝ առանձին հայկական ազգային կորպուսի կազմում՝ գեներալ-մայոր Նազարբեկովի հրամանատարությամբ: 1918-1919 թթ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 1919-1921 թթ.՝ Հայաստանի դեսպանը Իրանում։

1826 - Յակով Ալխազով (Հակոբ Ալխազյան, ծն. Վրաստան, մ. 1896), ինֆանտերիայի գեներալ, Ռուսական կայսրության ռազմական խորհրդի անդամ (1894)

  • Կարսում փողոցներից մեկը նրա պատվին անվանակոչվել է «Ալխազովսկի»։

1791 - Վասիլի Բեյբուտով (Վասիլի Բեյբության, ծն. Թիֆլիս, մ. 1858), իշխան, ինֆանտերիայի գեներալ




Արձագանքներ (1)

    avatar
    0
    1 armenlur • 22:16, 31.12.2021
    Գրեք կարծիքներ հրապարակման վերաբերյալ