Պատմության հայկական օրը. հունվարի 10


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - «Մարտի 1-ի» գործով մեղադրանք առաջադրվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:

  • Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցրել Է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

2005 - Պրահայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ:

  • «Մոսկվայում գոհունակությամբ են նշում, որ հայկական և ադրբեջանական կողմերի հանդիպումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ նախագահների մակարդակով և «Պրահյան գործընթացի» շրջանակներում, կանոնավոր բնույթ են ստացել», - նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

2001 - Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով հրաժարական է տալիս Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։

  • Երևանի քաղաքապետ նշանակում էներգետիկայի նախարարի տեղակալ Ռոբերտ Նազարյանը։ 

1998 - Ռոբերտ Քոչարյանի կառավարության որոշմամբ ուժի մեջ մտավ օդային տուրքի գանձումը: 

  • Հայաստանի օդային սահմանն անցնելիս յուրաքանչյուր ոք նախ պետք է մուծի 10 հազար դրամ, ապա նոր հեռանա երկրից կամ վերադառնա:

1990 - ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը փոփոխություն կատարեց Խորհրդային Հայաստանի Սահմանադրության 75-րդ հոդվածում։

  • Ըստ նոր փոփոխության, ՀԽՍՀ տարածքում հանրապետության շահերին առնչվող ԽՍՀՄ օրենքները գործում են միայն Գերագույն խորհրդի վավերացումից հետո։

1967 - Երևանում գործարկվեց Խորհրդային Միությունում ամենախոշոր՝ 6 միլիարդ էլեկտրոն-վոլտանոց արագացուցիչը՝ «Արուս»-ը:
1947 - Հայաստանում Գերագույն խորհրդի ընտրություններում Ստալինը որոշում է, որ ընտրվելու է Երևանի N1 ընտրական տեղամասում:

  • «Թանկագին Իոսիֆ Վիսարիոնովիչ, Անսահման բերկրանքի զգացմունքով Երևան քաղաքի Ստալինյան ռայոնի աշխատավորներն այսօր իմացան Ձեր համաձայնության մասին՝ քվեարկվելու N1 գործարանային ընտրական օկրուգում որպես Հայկական ՍՍՌ Գերագույն Սովետի դեպուտատ: Այս օրերին ամբողջ հայ ժողովուրդը ապրում է մեծ բերկրանք, ուրախություն և խանդավառություն»,- գրում էր «Գրական թերթը» 1947թ. հունվարի 10-ին: mediamax.am

1937 - Մոտ տասը օր ստորգետնյա ցնցումներ էին արձանագրվում Երևանում և հարակից մի շարք շրջաններում։

  • Առաջին երկրաշարժն արձանագրվում է հունվարի 10-ին, հաջորդը՝ 12-ին։ Այն ամենաուժեղն էր՝ 5.5 բալ, որի հետևանքով վնասվում են Երևանի, Էջմիածնի և Արմավիրի շրջանների գյուղերի որոշ տներ։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն լինում։ Այնուհետև ցնցումներ են լինում հունվարի 13-ին և 23-ին։ 

1923 - Անդրկովկասում սկսում է կիրառվել միասնական թղթադրամը՝ Անդրկովկասյան ռուբլին: Թղթադրամի կենտրոնում պատկերված էր Անդրկովկասյան ֆեդերացիայի տունը Թիֆլիսում և չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն ու ադրբեջաներեն գրառումներով:

  • Համաձայն Անդրկովկասյան ֆեդերացիայի խորհրդի հրամանի՝ շրջանառության մեջ էին դրվում 1000-ից մինչեւ մեկ միլիոն արժողությամբ թղթադրամներ:
  • Հանրապետություններում եղած փողը փոխելու համար տրվում էր երկու ամիս ժամանակ: Փոխանակման կուրսը տարբեր էր. եթե վրացական փողը փոխանակվում էր մեկին մեկ, ապա ադրբեջանական 100 ռուբլին համապատասխանում էր նոր թղթադրամի մեկ ռուբլուն: Հայաստանի դեպքում տարբերությունն ավելի մեծ էր՝ 150-ը մեկ ռուբլու դիմաց:

1916 - Սկսվեց Էրզրումի ճակատամարտը, որի ժամանակ գեներալ Նիկոլայ Յուդենիչի զորքը ոչնչացրեց թուրքական 3-րդ բանակը. III բանակ (Օսմանյան կայսրություն)։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Խորեն Հովհաննիսյան, հանրաճանաչ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ
1928 - Անդրեյ Ամատունի, հայ ֆիզիկոս-տեսաբան
1871 - Նիկողայոս Ադոնց, հայ պատմաբան, բանասեր
1846 - Սերովբե Տերվիշյան, հայ լեզվաբան, հնդեվրոպաբան
1283 - Օշին Ա (վ. 1320), Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր (1308-1320)։

  • Օշին Ա-ն Հեթում Բ-ի եղբայրն է։ Հաջորդել է Լևոն Դ-ին։ Ազգային ուժերի պահանջով Օշին Ա առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը, զբաղվել երկրի սահմանների ամրապնդմամբ ու շինարարական աշխատանքներով։
  • Մուսուլմանական պետությունների նոր սպառնալիքի և Հովհաննես XXII պապի ճնշման ներքո՝ Օշին Ա և լատինամետ կաթողիկոս Կոնստանդին Գ Կեսարացին Ադանայի ժողովում ընդունել են կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշում։ Սակայն ժողովրդի դիմադրությամբ չի իրագործվել այդ որոշումը։
  • Օշին Ա-ի արևմտամոլ վարքագիծը սրել է պառակտումները երկրում, թուլացրել կենտրոնական իշխանությունը։ 1318 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա։
  • Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի հրամատարությամբ, թշնամուն դուրս են մղել զգալի կորուստների գնով։ Հանկարծամահ եղած Օշին Ա-ին հաջորդել է նրա մանկահասակ որդի Լևոն Ե-ն։