Պատմության հայկական օրը. հունվարի 12


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - Եղեռնագործություն Գյումրիում։ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողը հրազենով և սվինով սպանեց Ավետիսյանների ընտանիքին:

Սպանվել են տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները։ Սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Տեղում սպանվել էին՝

  • Սերյոժա Կարապետի Ավետիսյանը (1961 թ․ ծնված, ընտանիքի հայրը),
  • Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը (1959 թ․ ծնված, ընտանիքի մայրը),
  • Արմեն Սերյոժայի Ավետիսյանը (1981 թ․ ծնված, նրանց որդին),
  • Արաքս Անդրանիկի Ավետիսյանը (1990 թ․ ծնված, ընտանիքի հարսը),
  • Աիդա Սերյոժայի Ավետիսյանը (1979 թ․ ծնված, դուստրը),
  • Հասմիկ Արմենի Ավետիսյանը (2012 թ․ ծնված, 2 տարեկան երեխա)։

Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Արմենի Ավետիսյանը, տեղափոխվել էր հիվանդանոց, ծանր առողջական վիճակում, ենթարկվել վիրահատության։ Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ հիվանդանոցում (ժամը 17։02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ)։
2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանը Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

1990 - Մանաշիդի վրա հարձակման անցած ադրբեջանական մեծաքանակ հրոսակախմբերը հայկական ինքնապաշտպանական ուժերի ջախջախիչ հակահարվածով հետ շպրտվեցին գյուղի մատույցներից:
1990 - Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Վեզիրովի ելույթը ադրբեջանական հեռուստատեսությամբ:

  • Նա կոչ էր անում հայկական բնակչության նկատմամբ վճռական գործողություններ սկսել:

1989 - ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում դադարեցվում է ԼՂԻՄ-ի պետական և կուսակցական մարմինների գործունեությունը և ստեղծվում հատուկ կառավարման կոմիտե, որը հետագայում ստանում է «Վոլսկու կոմիտե» անունը։ Այս որոշմամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դրվում էր Մոսկվայի ուղիղ ենթակայության տակ։

  • Հրամանագրի 2-րդ հոդվածում նշված էր, որ ԼՂԻՄ ՀԿԿ-ն «ենթարկվում է անմիջականորեն ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին, լրիվ ծավալով օժտված է ինքնավար մարզի պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններով, իսկ Կոմիտեի նախագահը՝ ժողպատգամավորների մարզային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի իրավունքներով ու պարտականություններով»։

1963 - Հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ Հայաստանում վարչատարածքային մի շարք փոփոխություններ են արվում։

  • Քաղաքի կարգավիճակ են ստանում Աբովյանը և  Աշտարակը:
  • Ստեղծվում են Անիի, Արտաշատի, Ղուկասյանի, Մարտունու, Սպիտակի գյուղշրջանները, որոնք միավորում էին համապատասխանաբար Անիի և Արթիկի, Արտաշատի և Վեդիի, Ղուկասյանի և Ամասիայի, Մարտունու և Կամոյի, Սևանի և Հրազդանի, Սպիտակի և Կիրովականի շրջանները։

1945 - Բացվեց Հայաստանի կոմպոզիտորների 1-ին համագումարը։
1945 - Երևանում բացվեց Հայաստանի ստեղծագործողների առաջին համագումարը։
1933 - Երևանում գործարկվեց առաջին տրամվայը։

  • Այդ «Ավանգարդ» թերթը լույս է տեսնում առաջին էջին պատկերված տրամվայի լուսանկարով և ազդարարելով՝ «Այսօր տրամվայի ռելսերը կզրնգան Երևանի փողոցներում»։
  • Տրամվայի կառուցումն սկսվեց 1932 թվականի մարտին, և լիովին ավարտվեց մինչև դեկտեմբերի 15-ը։
  • Եթե 1933-ին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա երեսուն տարի անց այն հասավ 85 կիլոմետրի, իսկ վագոնների քանակը՝ 222-ի։

1846 - Թիֆլիսում Հակոբ Վարդապետ Կարինյանի և Պ. Միքայելի նախաձեռնությամբ հրատարակվեց ռուսահայոց երկրորդ«Կովկաս» լրագիրը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Բաղդասար Խաչիկյան (ծնվ. Կրասնոդար), երգիչ, մենակատար-կոնտրտենոր

  • Բաղդասարը մենահամերգով (ինչպես նաև համակուրսեցի Աննա Վիկինայի հետ) հանդես է գալիս Կրասնոդարի տարբեր համերգային հարթակներում՝ կատարելով Վ.Ա. Մոցարտի, Ջ. Ա. Մոցարտի ստեղծագործությունները:Ռոսինիի, Ժ. Օֆֆենբախի, Ա. Վիվալդիի, Պ. Ի. Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

1956 - Սարգիս Համալբաշյան, գեղակարիչ
1955 - Վարտկես Քնաջյան (ծնվ. Եթովպիա), հայկական ոսկերչական միության ղեկավար, Backes & Strauss-ի կառավարիչ տնօրեն

  • Վարտկեսի հայրը Եթովպիայի կայսեր անձնական ժամագործն է։

1949 - Դավիթ Զադոյան, պետական գործիչ
1941 - Ռուբեն Մաթևոսյան, հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1942 - Միշել Մայոր (ծնվ. Շվեյցարիա), ժամանակակից ականավոր աստղաֆիզիկոս 

  • Վիկտոր Համբարձումյանի անվան Միջազգային մրցանակի առաջին դափնեկիրը՞

1940 - Սուրեն Բաղդասարյան (ծնվ. Ստեփանակերտ), մարզական մեկնաբան, «Ֆուտբոլ+» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող
1934 - Օլվի Լեոն Մանգասարյան (ծնվ. ԱՄՆ), մաթեմատիկոս գիտնական, պրոֆեսոր, վարիչ, Վիսկոնսինի համալսարանի մաթեմատիկայի ամբիոն
1901 - Ավրորա (Արշալույս) Մարտիկանյան, գրող, դերասանուհի, Ավրորա մրցանակը կոչվում է ի պատիվ այս գեղեցկուհու։

  • Ավրորա Մարտիկանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածագ գյուղում:
  • Նրա հայրը հարուստ դրամագործ էր և ճանաչված անձնավորություն։ Արշալույսն ուներ չորս եղբայր և երեք քույր:
  • 1915թ.-ին Արշալույսը, ով ընդամենը 14 տարեկան աղջնակ էր, իր աչքերով տեսնում է հոր, մոր, եղբայրների և քույրերի դաժան սպանությունը: Արշալույսն առևանգվում է գաղթի ճանապարհին, 85 ցենտով վաճառվում Մալաթիայի և Ուրֆայի ստրկավաճառների շուկաներում: Անցնելով դժոխքի միջով՝ նրան հաջողվում է փախչել հարեմից, անցնել ռազմաճակատի գիծը և Զորավար Անդրանիկի միջնորդությամբ տեղափոխվել ԱՄՆ:
  • Նա մեկնեց այդ երկիր` ոչ միայն փրկվելու, այլև հասցնելու մեծն Զորավարի հայտնի ուղերձը ամերիկացիներին: Նա պետք է աշխարհին հաղորդակից դարձներ հայերի դեմ իրագործած ցեղասպանության մասին: Այդ առաքելությունը նա փայլուն կատարեց: 1918թ.-ին ԱՄՆ-ում հրատարակվեց նրա հուշագրությունը՝ «Հոշոտված Հայաստան» (Ravished Armenia) գիրքը:
  • 1918թ.-ին նկարահանվեց Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը` Ravished Armenia, որի սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարն Արշալույս Մարտիկանյանն էր: Բացառիկ դիտելիություն է ունենում ֆիլմն ամբողջ աշխարհում՝ բերելով 30 միլիոն դոլարի եկամուտ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի 60 հազար հայ որբերի կենսամակարդակի ապահովմանը:
  • Ավրորայի պատմությունն ու ֆիլմը շուտով փակի տակ դրվեց և մոռացվեց, արգելափակված ֆիլմի հետ մոռացվեց նաև Ավրորան, ով մահացավ 1994թ.-ին՝ 93 տարեկան հասակում: Մահացավ մոռացության մեջ, մերժված բոլորի կողմից, սակայն նա կրկին պետք է հայտնվի նոր առաքելությամբ ու նոր պատգամով…

1891 - Արամ Ամիրբեկյան (մ. 1971), դերասան

  • Ամիրբեկյանի լավագույն աշխատանքներն են Շորորը՝ «Շորն ու Շորշորը» (1927), Արամը՝ «Մեքսիկացի դիվանագետները» (1932) ֆիլմերում:

1867 - Նիկոլ Դուման, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ (մ. 1914)
1853 - Վարդան Վարդանով, հայ ֆիզիոլոգ