Պատմության հայկական օրը. հունվարի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2011 - ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում 150-ից իջել է 9-ի՝ շնորհիվ ՀԱԿ-ի բազմահազարանոց ցույցների ու պիկետների, որնք հրավիրեցին եվրոպացիների ուշադրությունը, ինչը վախեցրեց իշխանություններին։
2011 - Կրկին սրվում է իրավիճակը շփման գծում, հայկական կողմը հաղորդում է վիրավորված երկու զինվորների մասին։

  • Բախումներից առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր` «վստահ եմ, որ Ադրբեջանի բանակը ասելու է իր խոսքը Ղարաբաղյան կարգավորման մեջ: Կառավարության նիստում, ամփոփելով նախորդ տարվա արդյունքները, Իլհամ Ալիևը պնդել էր. «Մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը չի ցանկանում ազատել զավթած տարածքները, ձգտում է հնարավորինս երկար օկուպացման տակ պահել այդ հողերը: Եվ այդպիսով, դա օգտագործելով` Ադրբեջանից ստանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված իրենց ձեռնտու պայմաններ: Իսկ դա անհնար է»:

2005 - Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ հանրապետական պատգամավոր Վազգեն Խաչիկյանը նշանակվեց սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ:

  • 2011 թ. Խաչիկյանին առանձնապես խոշոր չափերով կազմակերպված խմբակային յուրացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք  առաջադրվեց։
  • 2012 թվականին կալանավորված, ապա 2014 թվականին 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը «պատժի լրիվ կրումով» ազատ է արձակվել 2017 թվականին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով։

2000 - Հայ և ռուս օդերևութաբանները ստորագրում պայմանագիր, որը պետք է նպաստի եղանակ կանխատեսող մեր մասնագետների որակի բարձրացմանը։

  • Հայ օդերևութաբանները պետք է վերապատրաստվեն Ռուսաստանում:

1993 - Հայկական հատուկ ծառայությունների գործողության արդյունքում Ադրբեջանի Դալյարի օդանավակայանից մարտական թռիչք կատարելու պատրվակով երկինք բարձրացած «ՄիԳ-25» ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

  • Գործողությանը նախապատրաստվելիս գործակալները Ռուսաստանում գտել էին նախկին ռազմական օդաչուի, որը պարգևավճարի դիմաց համաձայնել էր համագործակցել հայերի հետ։ Նրա առաջադրանքն էր պայմանագրային ծառայության անցնել Ադրբեջանի ՌՕՈւ-ում և առաջին իսկ թռիչքի ժամանակ մարտական ինքնաթիռը փախցնել Հայաստան, ինչն էլ բարեհաջող կատարվել է։ 
  • Դեպքի առիթով հայկական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանի օդային տարածք ներխուժելու փորձի ժամանակ Կրասնոսելսկի շրջանում (ներկայում՝ Ճամբարակ) խոցվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ՄիԳ-25» ինքնաթիռը, որը տեղի բնակչության շրջանում բազմաթիվ ականատեսների վկայությամբ ընկել է Սևանա լիճը։ Օդաչուն չի հասցրել կատապուլտի միջոցով լքել ինքնաթիռը։
  • Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ՄիԳ-25» կործանիչը, որը դեռ կրում էր խորհրդային ՌՕՈւ-ի կարմիր աստղն ու 04 համարը, երկինք բարձրացավ Գյանջայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Դալյարի ավիաբազայից, որը նախկինում օգտագործվում էր խորհրդային բանակի կողմից։ Օդաչուի ազգանունը, ըստ ադրբեջանական աղբյուրի, Ռևա էր, որը պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել ադրբեջանական բանակում։ Նրա առջևից ընթանում էր մեկ այլ վարձկանի՝ Ալեքսանդր Պլեշայի «ՄիԳ-25»-ը։ Դալյարից ինքնաթիռները թռել էին դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, որտեղ պիտի մարտական առաջադրանք կատարեին։ Երբ անցել էին Մռավի լեռնաշղթան և ուղղություն վերցրել դեպի Մարտակերտ, Պլեշան հանկարծ նկատել էր, որ հետևից եկող Ռևայի ինքնաթիռը չկա։
  • Այս միջադեպից հետո մինչև պատերազմի ավարտը ադրբեջանական ոչ մի ինքնաթիռ կամ ուղղաթիռ չհայտնվեց Արցախյան երկնքում։

  • «ՄիԳ-25» ինքնաթիռը մինչ օրս կանգնած է Հայաստանի ավիաբազաներից մեկում։

1992 - Դանիայի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Հայաստանը դեսպանատուն ունի Կոպենհագենում։
  • Հայաստանում Դանիայի դեսպանատունը գտնվում է Կիևում ունի հյուպատոսություն Երևանում։

1990 - Երևանում տեղի ունեցավ հանրահավաք, և «Ղարաբաղ» կոմի­տեի անդամ Վանո Սիրադեղյանը խոսեց ինքնապաշտպանական ջո­կատներ կազմելու անհրաժեշտության մասին:

  • Մինչ այդ ՀՀՇ-ն այդ գործն անում էր առանց հրապարակային հայտարարությունների:

1990 - Արարատի շրջանի Տիգրանաշեն գյուղն (Քյարքի) անցնում է հայկական ուժերի վերահսկողության տակ։
1982 - Երևանում անցկացվում է Հայաստանի ժուռնալիստների 6-րդ համագումարը, որին, լրագրողներից բացի, մասնակցում էին հանրապետության ղեկավար տարբեր օղակների ներկայացուցիչներ։
1982  - ASALA. Պայթյուն Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսարանի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

1975 - Չարաշահումներ՝ Զոդի ոսկու կորզման ֆաբրիկայում. «Սովետական Հայաստանը» գրում էր, որ Արարատ քաղաքի մոտ կառուցվող Զոդի կոմբինատի ոսկու կորզման ֆաբրիկայում աղմկահարույց խախտումներ ու չարաշահումներ էին հայտնաբերվել։ Մասնավորապես, շինարարությունում զգալի չափերի էր հասել գերածախսը և հավելագրումները։

  • «Պարզվում է, որ հողապատնեշում լցված է ոչ թե 1.4 միլիոն, այլ 726 հազար տոննա հող և ապար»,- գրում էր թերթը։ Բացի այդ, զգալիորեն ավելի շատ գումար էր «դուրս գրվել» հողային աշխատանքների համար։ Ըստ պայմանագրի՝ 348 հազար տոննա հողը տեղափոխելու համար ծախսվել էր 64 հազար ռուբլի, սակայն ստուգումները պարզել էին, որ տեղափոխվել է ընդամենը 22 հազար տոննա, իսկ մնացած գումարը յուրացվել էր։
  • Շատ էին նաև բարձր աշխատավարձ գրելու դեպքերը. «Շինվարչության մի շարք վարորդների, հող տեղափոխելու համար ամսական վճարվել է 540-600 ռուբլի, մինչդեռ, տեխնիկապես մեկ ամսում հնարավոր չէ այդքան գումարի աշխատանք կատարել»։

1969 - ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով ստեղծվում է Հայկական ԽՍՀ Մասիսի շրջանը, որի կենտրոնը Մասիս ավանն էր։

  • Շրջանը կազմվել էր Էջմիածնի և Արտաշատի շրջանների մի քանի գյուղերի, ինչպես նաև Երևանի Շորբուլաղի և Նոր Խարբերդի ավանների տարածքների միավորումով։
  • Մասիս քաղաքի` որպես առանձին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կապվում է երկաթուղային կիսակայարան Ուլուխանլուի հետ, որը XX դարի սկզբին բնակեցված է եղել մասամբ հայ և ռուս երկաթուղայինների ընտանիքներով, իսկ մեծամասամբ՝ թուրքական ծագման կիսաքոչվորներով: Գյուղի, ապա ավանի կարգավիճակ ունեցող բնակավայրը` որպես ինքնուրույն վարչական միավորի շրջկենտրոն, ունեցել է Զանգիբասար անունը, որի բնակչության գերակշիռ մասը կազմել են թուրքերը: Այն լուծարվել է 1953 թվականի մարտին, որից հետո բնակավայրը` Հրազդան անունով, Երևանի Շահումյան շրջանի մաս է կազմել:

1832 - Բացվեց Երևանի գավառական դպրոցը։

  • Երևանի գավառական դպրոցը հիմնադրվել է ցարական կառավարության որոշման և Կայսր Նիկոլայ I -ի հրամանի համաձայն և Երևանի կոմս Գեներալ-Ֆեդմարշալ Պասկևիչի միջնորդությամբ: Հիմնադրվել է որպես ռուսական տարրական դպրոց՝ հետագայում դառնալով միջնակարգ: Դպրոցի տնօրենը նշանակվում է Ռուսաստանից: 1843թ.-ին դպրոցի 6-րդ տնօրեն է նշանակվում Խ. Աբովյանը: Աշխատում է մինչ անհետանալը` 1843թ. ապրիլի 2-ը:
  • 1953-1963թթ. տնօրինել է վաստակավոր ուսուցիչ Գեղեց Տիտանյանը: Նրա օրոք բարձրանում է դպրոցի դերն  ու հեղինակությունը, նրան հաջորդում է Հ. Գասպարյանը: 60-ական թվականներին դպրոցում բացվում են անգլերեն թեքումով դասարաններ, որոնց շնորհիվ աճում է աշակերտների թիվը:
  • 1970-80-ական թվականներին դպրոցում ակնառու է դառնում մաթեմատիկայի բարձր դրվածքը, դպրոցն ստանում է ֆիզմաթ թեքում, ինչի շնորհիվ կրկին աճում է աշակերտների թիվը՝ հասնելով 700-1000-ի: Տնօրենն էր վաստակավոր ուսուցիչ Գուրգեն Մկրտչյանը, շարունակողը`   Սարգիս Հովսեփյանը (1986-1999թթ.):
  • Դպրոցի շենքը Գայի անվան սպայի տունն էր: Գավառական դպրոցի հիմքի վրա 1868թ. բացվում է լրիվ տարրական չորսդասյա դպրոց (պրոգիմնազիա): 1881թ. չորսդասյա հիմքի վրա դպրոցը դառնում է տարրական դասական գիմնազիա, որի շրջանավարտներն իրավունք ունեին ընդունվել բուհ:
  • Գիմնազիան ուներ գիշերօթիկ, նախապատրաստական դասարան և գործում էր հաստատված կանոնադրության համաձայն: Գիմնազիայում դասավանդել են նաև հայեր: Դասավանդվում էր լատիներեն, հունարեն, իսկ հայերի համար նաև հայերեն: 1913թ. գիմնազիան ուներ 707 սան: Ուսումը վճարովի էր, և միայն 10% էին կազմում աշխատավորական խավի երեխաները: 1918թ. գիմնազիան վերանվանվում է Հայկական դասական գիմնազիա: 1920թ. Խորհրդային Հայաստանում արմատապես փոխվում է 2-րդ աստիճանի դպրոցի հիմքը, և դպրոցը կոչվում է 2-րդ աստիճանի համար 2 դպրոց:
  • 1925թ. Երևանի քաղխորհրդի որոշմամբ դպրոցը ճանաչվում է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում Խ. Աբովյանի անվան: Դպրոցի տնօրեններ են եղել պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը, Միհրան Մանուկյանը, Սամվել Խաչատրյանը, Արմենակ Վարդապետյանը, Մելիթոս Կարապետյանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Վարդան Հակոբյան (ծնվ. Երևան), խաղարկային կինոյի ռեժիսոր
1973 - Արթուր Այվազյան (ծնվ. Երևան), հրաձգության սպորտի վաստակավոր վարպետ, Պեկինի 21-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն
1971 - Նարինե Աբգարյան (ծնվ. Բերդ), հայազգի ռուս գրող, բլոգեր
1962 - Պավել Սուկոսյան, հանդբոլիստ, ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն (1996), աշխարհի չեմպիոն (1993, 1997), Օլիմպիական խաղերի չեմպիոն (2000)
1947 - Սուրեն Աբրահամյան (ծնվ. Երևան), Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար (1999)

  • 1998-1999 թթ. եղել է Երևանի քաղաքապետ։ 1998-2002թթ.եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

1930 - Էդգար Հովհաննիսյան (ծնվ. Երևան, մ. 1998), հայ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1970), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1986)
1918 - Վահան Ղազարյան (ծնվ. Խնձորեսկ, մ. 2002), բուսաբան, բույսերի ֆիզիոլոգիայի մասնագետ
1908 - Արամ Նալբանդյան (ծնվ. Վանաձոր, մ. 1987 թ.), խորհրդային գիտնական քիմիական ֆիզիկայի բնագավառում, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս

  • 1988 թ. թողարկվեց ԽՍՀՄ փոստային նամականիշ նվիրված Արամ Նալբանդյանին։
  • 1993 թվականին ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին շնորհվեց Արամ Նալբանդյանի անունը։

1905 - Ֆերդինանդ Բժիկյան (ծնվ. Դուբնա, մ. 1969), թատերական ռեժիսոր, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1946)
1889 - Թամարա Դեյկարխանովա (ծնվ. Մոսկվա, մ. 1980), դերասանուհի, մանկավարժ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր
1884 - Գեորգի Յակուլով (Գևորգ Յակուլյան, ծն. Թիֆլիս, մ. 1928), թատերական նկարիչ

  • Բոլոր նրանք, ովքեր առնչվել են Յակուլովի հետ կյանքում, հայտնվել են նրա արտիստիզմի հմայքում և մշտապես հիացական են արտահայտվել նրա շնորհաշատ օժտվածության, անսպառ սրամտության, եռացող էներգիայի մասին։ Նա իր դարաշրջանի գեղարվեստական կյանքի մեջ մտավ ոչ միայն իր ստեղծագործություններով, այլև իր անհատականությամբ, վարքագծով, կարծես համալրելով իր ստեղծագործությունները։
  • 1967 թվականին, նրա մահից գրեթե քառասուն տարի անց, Փարիզում կազմակերպվեց «Գ.Յակուլովի բարեկամների միությունը», որը նպատակ դրեց հայրենիք վերադարձնել արտերկրում հայտնված նկարչի ստեղծագործությունները:

1873 - Վանո Խոջաբեկյան, թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ
1849 - Կարապետ Կոստանյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1920), արևելագետ, մանկավարժ, լուսավորիչ, Լազարյան ճեմարանի Արևելյան լեզուների պրոֆեսոր Մոսկվայում