Պատմության հայկական օրը. հունվարի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Հովհաննես Կարապետի ծննդյան տոնը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Հովհաննես Մկրտչի ծնունդը մանրամասն նկարագրել է Ս. Ղուկաս Ավետարանիչը (Ղուկ. 1:5-25): Ս. Հովհաննեսի հորը` Զաքարիա քահանային Տիրոջ տաճարում խնկարկության ժամանակ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում նրա որդու ծննդյան մասին: Սակայն ծեր Զաքարիան թերահավատությամբ է ընդունում բարի լուրը և կասկածամտության համար, որպես պատիժ, մինչև իր որդու ծնունդը դառնում է համր:
  • Ս. Հովհաննես Մկրտիչը, ով պիտի մկրտեր համայն մարդկության Փրկչին, ճանաչել և Հիսուսի աշխարհ գալստյան համար ցնծացել է դեռևս Նրա Ծննդից առաջ: Ավետարանիչը վկայում է, որ երբ Սուրբ Աստվածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` Ս. Հովհաննես Մկրտչի մորը, վերջինս, լցվելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ գա, որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբեթի խոսքի շարունակությունն այս տոնի պատգամն է համայն քրիստոնյաներին. «Եվ երանի նրան, ով կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»: (Ղուկ. 1:45):
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-14, 2024-01-15, 2025-01-14, 2026-01-15, 2027-01-14, 2028-01-15, 2029-01-15, 2030-01-14։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2011 - ԱԼՄ-ի աշխատակազմը որոշում է դատական հայց ներկայացնել ՀՌԱՀ-ի դեմ իրենց եթերազրկելու և մի կտոր հացից զրկելու համար: 

  • ԱԼՄ-ին եթերազրկելն, ըստ Տիգրան Կարապետյանի, քաղաքական որոշում էր: Կարապետիչը հերքում է լուրերը, թե առաջիկա ընտրություններում իշխանություններն իրեն օգտագործելու են որպես կեղծ ընդդիմադիր: 

2001 - Մշակույթի նախարարությունը ավարտում է Ազգային Պատկերասրահի գեղարվեստական արժեքների գույքագրումը: 

  • Սա վերջին 63 տարվա առաջին գույքագրումն է, պատկերասրահից բացակայում է հայ հեղինակների 53 ստեղծագործություն, որոնցից են Այվազովսկու, Բաժբեուկ Մելիքյանի Ստեփան Ալաջաջյանի, Հակոբ Հակոբյանի գործերը: Դրանք, այո, անհայտացել են, բայց դա, ըստ Մշակույթի նախարարի, թալանի արդյունք չէ, դա մամուլն է թալան կոչում:

2001 - Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը խոսում է քաղաքապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած տարաձայնությունների մասին: 

  • Նախագահը պահանջում էր մի քանի օրում լուծել խնդիրներ, շահել դատեր, լուծել քաղաքապետարանի ֆինանսավորման հարցը: Պաշտոնանկությունից հետո պարոն Բազեյանը կդիմի որպեսզի վերականգնի հաշմանդամ ազատամարտիկի նպաստն ու թոշակը: 
  • Նույն օրը նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դուրս է գալիս «Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից: Առանց առարկության հոգաբարձուների խորհրդի նախագահ է դառնում քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը:

1998 - Ընդդիմադիր կուսակցություններն ու Շենգավիթի փախստականները Բաքվի ջարդերի առիթով երթով գնում են Ծիծեռնակաբերդ: 

  • Պետական կառույցներից ոչ ոք այս երթին չի միացել: Երթի մասնակիցները ճարտարապետների տանը շարունակում են հիշել Բաքվի ջարդերը: Այստեղ պահանջում են, որ միջազգային հանրությունն էլ միանա իրենց:

1997 - Հայաստանի դատախազությունը բողոքարկում է «Դրո»-ի գործով դատարանի հրապարակած դատավճռը, մասնավորապես, ըստ դատախազության, Հրանտ Մարգարյանի ստացած 5 տարին քիչ է, դատարանը նրա հանդեպ չհիմնավորված մարդասիրություն է ցուցաբերել. Մարգարյանի գործն ուղարկվում է նոր դատաքննության:

  • Ավելի քան մեկ ամիս առաջ «Դրո»-ի գործով դատարանի հրապարակեց դատավճռը, որով մի քանի սպանության և այլ հանցանքների մեջ մեղադրվող 11 անձ ստացան պատժաժամկետներ: Բոլոր մեղադրյալները Դաշնակցության անդամներ էին: Երեքին դատարանը դատապարտեց մահվան: 

1990 - Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի դիմումի հիման վրա ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը արտակարգ դրություն հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և նրա հարակից շրջան­ներում, ինչպես ևաև Գորիսի շրջանում՝ մեկուսացնելով հայաբնակ շրջանները:
1990 - Հայկական աշխարհազորային ջոկատները երկօրյա մարտերից հետո գրավեցին Արարատի շրջանում ռազմավարական կարևոր դիրք հանդիսացող ադրբեջանական Քյարքի գյուղը:
1969 - Երևան է գալիս ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցևան։

  • Հաջորդ օրը Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բացվում է Խորհրդային Հայաստանի մշակութային աշխատողների առաջին համագումարը, որին մասնակցում էր նաև ԽՍՀՄ մշակույթի նախարարը։ Համագումարն անդրադառնում է մշակութային ձեռքբերումներին ու խնդիրներին։ Մշակութային գործիչների առջև խնդիր է դրվում պատրաստվել 1970 թվականին Լենինի ծննդյան 100-ամյակին և Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակին։

1959 - Հունվարի 15-22-ը ԽՍՀՄ-ում անցկացվում է համամիութենական մարդահամար, որի տվյալներով Խորհրդային Հայաստանում ապրում էր 1 մլն 763 հազար մարդ։

  • Հայերի թիվը 1 552 000 էր կամ բնակչության 88 տոկոսը։ Մեկ միլիոնանոց Երեւանը դեռ չկար. մայրաքաղաքն ուներ ընդամենը 509 հազար բնակիչ։
  • Ադրբեջանցիները Խորհրդային Հայաստանի բնակչության 6.1 տոկոսն էին կազմում՝ 108 հազար, իսկ ռուսները՝ 3.2 տոկոսը՝ 52 հազար։

1919 - Ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակեց Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։

  • Փետրվարի 19-ին Շուշիում գումարվեց արցախահայության չորրորդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու համար։ Բրիտանական առաքելությունը հանդես եկավ պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ համարեց վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։
  • Հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Ղարաբաղ-Զանգեզուրից. այդ ընթացքում տեղի ունեցան արցախահայության ևս երկու համագումարներ։
  • Օգոստոսի 13-ին հրավիրված արցախահայերի յոթերորդ համագումարն օգոստոսի 22-ին ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջը, լուծումն Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։

1919 - Անտանտի ռազմական առաքելության ղեկավար, գեներալ Թոմսոնը Ելիզավետպոլի նահանգի հայկական շրջանների նահանգապետ է նշանակում Խոսրովբեկ Սուլթանովին և պահանջում հայերից ենթարկվել Բաքվին:
1855 - Փարիզում հրատարակվեց «Մասեաց աղավնի» ամսագիրը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1924 - Ալեքսանդր Մարգարյան, հայ խորհրդային լեզվաբան
1922 - Սոկրատ Աքմաքչյան, թատերական գործիչ, ռեժիսոր
1916 - Գրիգոր Տեր-Գրիգորյան, հայ դրամատուրգ (մ. 1981)
1911 - Սոս Մանուկյան, հայ խորհրդային ճարտարապետ
1892 - Հրաչ Զարդարյան, հայ գրող