Պատմության հայկական օրը. 16 հունվար


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ալեքսանդրիայի Ս. Պետրոս հայրապետը և Ս. Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական եկեղեցու մեծ սրբերից են: 4-րդ դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Ս. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ և Ս. Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոս, Գաղերիոս և Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների ընթացքում: Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա և քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում է նահատակության պսակը:
  • Սեբաստիայի Ս. Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Ս. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով:  Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, նրան բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված՝ հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-16, 2024-01-16, 2025-01-16, 2026-01-17, 2027-01-16, 2028-01-17, 2029-01-16, 2030-01-15։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Փարիզ. արտգործնախարարներ Մամեդյարովն ու Մնացականյանը չորս ժամ քննարկում են, ըստ պաշտոնական հաղորդագրության, խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ

  • Hախարարը պնդել էր` Փաշինյանի կառավարության համար առաջնայինը Ղարաբաղի անվտանգության և կարգավիճակի հարցերն են:
  • Փարիզում կողմերը պայմանավորվել էին շարունակել «հետևողական ու նպատակաուղղված ջանքերը» առաջիկա ամիսներին:

2019 - «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացավ «Հայոց Արծիվներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը:
1992
 - Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոմեխանիզացված գնդի սպայակազմը հրաժարվեց ԼՂՀ դեմ պատերազմում ենթարկվել Ադրբեջանին։
1990 - Ադրբեջանցիները հրկիզեցին Բաքվի հայկական եկեղեցին։
1989 - Մոնթե Մելքոնյանը Ֆրանսիայում ազատվեց բանտից, որտեղ նա հայտնվել էր ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով:

  • Հայաստանի ազգային հերոս, Արցախյան պատերազմի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանը 1978 թվականին եղել է Իրանում, ապա Լիբանանում, մասնակցել Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 
  • 1980-ից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981-ին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» ռազմագործողությունը: 1981թ.-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։
  • 1985-ին նա նորից կեղծ անձնագրով ժամանեց Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով։ Մոնթեն բանտից դուրս եկավ 1989թ.-ի հունվարի 16-ին։

1924 - Երևանի նախկին պարետային վարչության հրապարակը կոչվեց Լենինի անունով, այժմ՝ Հանրապետության հրապարակ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Սքոթ Ավետիսյան (ծնվ. Ուորիք, ԱՄՆ), Ուորիքի քաղաքապետը
1947 - Լևոն Թամամյան (ծնվ. Ազավրետ, Վրաստան), մոնումենտալ նկարիչ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ
1940 - Սիմոն Հովհաննիսյան, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կույրերի հայկական միության» պատվավոր անդամ
1923 - Լևոն Կարախանյան (ծնվ. Լենինական, մ. 2000), ինժեներ-կոնստրուկտոր, ԽՍՀՄ արդյունաբերության վաստակավոր աշխատող (1977)
1913 - Մարիա Խշանովսկայա (Ագոպսովիչ, ծնվ. Կուտա, մ. 2003), Կանադայի լեհական համայնքի ակտիվիստուհի, պարգևատրվել է լեհական ոսկե խաչով
1910 - Արշավիր Դարբնի (մ. 1980), հայ առակագիր, բանաստեղծ
1906 - Լևոն Երզնկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1991), Հայաստանում տեխնիկական մանրէաբանության հիմնադիր, «Նարինե» կաթնամթերքի ստեղծողը, ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար

  • Լևոն Երզնկյանն առաջինն էր աշխարհում, ով հայտնագործեց պրոբիոտիկները և դրանց հաջող օգտագործումը բժշկության մեջ հիվանդությունների լայն շրջանակի համար։
  • Երզնկյանն իր «զավակն» է անվանել կաթնաթթվային մթերքը, իսկ հետո նաև EP կաթնաթթվային բակտերիաների շտամը՝ որն անվանել է իր թոռնուհու՝ Նարինեի անունով, և այդ անունը դարձել է հայկական բրենդ։

1904 - Ալեքսանդր Հարությունով (ծնվ. Երևան, մ. 1975), նյարդավիրաբույժ, Ուկրաինայի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ ԱՄՆ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս

  • Փաստացի, նա Կիևի նյարդավիրաբուժության ինստիտուտում նեյրովիրաբուժության հիմնադիրն է, հետագայում տեղափոխվել է Մոսկվա, և այնտեղ շարունակել նյարդավիրաբուժության զարգացման գործը: 

1894 - Մատթեոս Զարիֆյան, հայ բանաստեղծ
1891 - Լևոն Քալանթար (ծնվ. Թիֆլիս, մ. 1959), դերասան, ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1954)
1885 - Էնրիկո Պորո (Էնրիկո Ալդանյան, ծնվ. Լոդի-Վեկյո, Իտալիա, մ. 1967), իտալացի ըմբիշ, 1908 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն

  • Եղել է առաջին իտալացի մարզիկը, որը թեթև քաշային կարգում (66,6 կգ) նվաճել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական ոսկե մեդալը:

1876 - Հովհաննես Նագաշյան (ծնվ. Երևան, մ. 1968), փայտի որմնանկարիչ, հայկական կահույքի ոճի հիմնադիր
1849 - Ալեքսանդր Դավիդով (Արսեն Կարապետյան, մ. 1911), օպերետների և էստրադաների երգիչ (տենոր) 

  • Հայտնի է դարձել որպես գնչուական երգերի կատարող, ժամանակակիցները նրան անվանել են «գնչուական ռոմանսի արքա»։