Պատմության հայկական օրը. հունվարի 20


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - Հայկական կողմը հաղորդեց, թե մեկ գիշերվա ընթացքում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման ութ փորձ է ձեռնարկել, Ղարաբաղի բանակի զինվորներից մեկը զոհվել է։

  • Ստեփանակերտը պնդում էր, որ սահմանակին լարվածությունը հասել է նոր մակարդակի։«Նրանք փորձում են ինչ-որ նոր որակ հաղորդել իրենց այդ խախտումներին։ Գնդակոծում են այլ տիպի զինտեխնիկայով, որը նույնպես նախկինում չի եղել»,- «Ազատությանն» ասել էր Ղարաբաղի առաջնորդի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

2001 - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով մեղադրող կողմը գլխավոր ամբաստանյալ Սամվել Բաբայանի համար պահանջում է 15 տարվա ազատազրկում: 

  • 10 տարին, ըստ մեղադրողի, Բաբայանը պետք է անցկացնի խստացված ռեժիմով, պետք է զրկվի նաև նախագահ Ղուկասյանի շնորհած Արցախի հերոսի կոչումից: Սակայն դեկտեմբերին Բաբայանն ինքն էր հրաժարվել այդ կոչումից և հանձնել հերոսի «Ոսկե արծիվը»:

2000 - Հայ դեղագործների համագումարում տագնապ է հնչում, որ պետական կառույցներն արգելում են հանրապետության դեղատներում կուտակված ժամկետանց դեղերի ոչնչացումը։
1999 - Կոմունիստներն սկսում են սոցիալ-տնտեսական ընդվզումների նոր ալիք: 

  • Առաջին քայլը նստացույցն է սակագնային քաղաքականության վերանայման պահանջով և թանկացնողներին քրեական հետապնդման ենթարկելու պահանջով: 

1994 - Հունվարի 20-24-ը ադրբեջանական ուժերը հարձակվում են Քելբաջարի շրջանում, հայերը նահանջում են ծանր կորուստներով։
1993 - Ավարտվեց ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները և Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցումը։
1992 - Երկօրյա մարտերից հետո Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատագրեցին Ստեփանակերտի ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Կրկժան արվարձանը:
1992 - Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ:

  • Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ: 

1991 - 50 և 100 ռուբլիների օգտագործման դադարեցման մասին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանը Հայաստանում իրագործելու նպատակով մոբիլիզացվել են բոլոր ուժերը, որպեսզի մինչև հունվարի 20-ն ավարտվի ռուբլիների փոխանակման ամբողջ գործընթացը:

  • Բնակչությունն արդեն հասցրել է փոխանակել մոտ 200 միլիոն ռուբլի: 

1990 - Այազ Մութալիբովը դառնում է Ադրբեջանի կոմկուսի ղեկավար։

  • Ի նշան բողոքի՝ Նախիջևանն իրեն անկախ է հայտարարում վերստին խորհրդայնացած Ադրբեջանից։

1980 - ASALA. Չորս պայթյուն մադրիդում ամերիկյան «Թի Դաբլյու Էյ», բրիտանական «Բրիթիշ Էյերվեյս», շվեյցարական «Սուիս Էյր» և բելգիական «Սաբենա» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

1975 - ASALA. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակն իր առաջին գործողությունն է կատարում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեյրութի գրասենյակի ռմբահարումով՝ հայտարարելով իր ծնունդը։

  • Ռմբահարման պատճառն այն էր, որ խորհրդի Բեյրութի գրասենյակը Արևմուտքի և ԱՆՉԱ-ի օժանդակությամբ նպաստում էր Միջին Արևելքի երկրներից դեպի Արևմուտք հայության գաղթը՝ դատարկելով պատմական Հայաստանին սահմանամերձ շրջանների հայությունը։
  • «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակ» անվամբ մինչ այդ անհայտ կազմակերպությունը ստանձնում է գործողության պատասխանատվությունը։
  • Խմբի անդամների թիվն աճում է և այն 1975 փետրվարի 20-ին ստանձնում է նախ Հայ Գաղտնի Բանակ, իսկ ավելի ուշ՝ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ անվանումը (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia - ASALA)։ Այս անվամբ հստակեցվում է կազմակերպության վերջնական նպատակը՝ Հայաստանի ազատագրումը։

1969 - Նշվում է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 50-ամյակը։

  • Հանդիսավոր գրական-երաժշտական երեկոն տեղի է ունենում Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։

1933 - Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ բացվեց օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ։

  • Բեմադրող ռեժիսորը Արշակ Բուրջալյանն էր, գեղարվեստական ձեւավորումն արել էին Մարտիրոս Սարյանը և Միքայել Արուտչյանը։
  • Օպերայի և բալետի թատրոնի շենքի կառուցումն ավարտվել էր 1932-ին։

1780 - Հիմնադրվեց Նոր Նախիջևանի հայկական գաղթօջախը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Թովմաս Մարտիրոսյան, ջիու-ջիթսի Ռուսաստանի առաջնության մրցանակակիր
1958 - Ռոբերտ Ներսեսյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ
1956 - Գագիկ Աբրահամյան (ծնվ. Մալիշկա), Արա Աբրահամյանի եղբայրներից, Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս
1952 - Իրինա Ալեգրովա (ծնվ. Դոնի Ռոստով), խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի, դերասանուհի, ՌԴ ժողովրդական արտիստ

  • Նրա հայրը՝ թատերական ռեժիսոր, դերասան, Ադրբեջանական ԽՍՀ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ծագումով հայ Ալեքսանդր Ալեգրովը երիտասարդ տարիներին պաշտոնապես փոխել է իսկական՝ Սարկիսով ազգանունը Ալեգրովի։

1939 - Վաչե Իգնատիոսյան (ծնվ. Բեյրութ), վարդապետ, աստվածաբանության դոկտոր
1937 - Վազգեն Գաբրիելյան (ծնվ. Արտիմեդ, Հայաստան), գրականագետ
1935 - Ղևոնդ Խրիստոստուրյան (Ղևոնդ Նաիրյան, ծնվ. Չալտըր, Ռուսաստան, մ. 1997), բանաստեղծ, Չալտիրում Ռ. Պատկանյանի անվան գրական ստուդիայի հիմնադիր
1927 - Հովհաննես Բեդրոս XVIII Կասպարյան (ծնվ. Կահիրե, Եգիպտոս, մ. 2011), արքեպիսկոպոս, Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք, Հայ Կաթողիկե Պատրիարք, Բզոմմարից Պատրիարքական Միաբանության անդամ
1919 - Սիլվա Կապուտիկյան, հայ գրող և բանաստեղծուհի
1918 - Հովհաննես Զարդարյան (ծնվ. Կարս, Արևմտյան Հայաստան, մ. 1992 թ.), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ
1908 - Վլադիմիր Եղիազարով (ծնվ. Լենինգրադ), էլեկտրակույտային տեխնիկայի մշակման մասնագետ, ռազմական էլեկտրոնիկայի կենտրոնի հիմնադիր
1889 - Լևոն Կարախան (Լևոն Կարախանյան, ծնվ. Թիֆլիս, մ. 1937), դիվանագետ, հեղափոխական

  • 1927-1934 թթ. եղել է արտաքին գործերի ժողկոմատի տեղակալ, ապա դեսպան Թուրքիայում։
  • 1937 թ. մայիսի սկզբին կանչվել է Մոսկվա՝ ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին տեղափոխվելու պատրվակով և հենց կայարանում՝ գնացքից դուրս գալու ժամանակ ձերբակալվել է «լրտեսության» մեղադրանքով : 1956-ին հետմահու արդարացվել է:

1870 - Գրիգոր Ավետյան (մ. 1946), դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)
1840 - Գևորգ Միրաքյան (կեղծանունը՝ «Վահունի»), հայ դերասան, 19-րդ դարի հայ ռեալիստական թատրոնի ներկայացուցիչներից