Պատմության հայկական օրը. հունվարի 22


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Աթանաս և Ս. Կյուրեղ հայրապետներն Ընդհանրական Եկեղեցու ամենակարկառուն գործիչներից են, ովքեր իրենց ողջ կյանքն ապրեցին հանուն քրիստոնեական հավատի ուղղափառության հաստատման ու տարածման` ընդդեմ մոլար ըմբռնումների և ուսմունքների:
  • Ս. Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում` հույն քրիստոնյա ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում: Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար` մասնակցել է Նիկիայի 325 թվականի տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին, ովքեր մերժում էին Քրիստոսի աստվածային բնությունը` Նրան համարելով արարած: Ի հակադրություն այս սխալ վարդապետության` Աթանասը հաստատում է Քրիստոսի Աստված լինելու իրողությունը և փրկությունը տեսնում է Աստծո հետ մարդկային բնության միավորման մեջ, ինչը հնարավոր է միայն Աստծո մարդացմամբ: Փրկությունը, ըստ Աթանասի բանաձևման, ոչ այլ ինչ է, եթե ոչ աստվածացում. «Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Աստվածացումն Աստծուն որդեգրվելն է, «որպեսզի մարդկանց որդիները դառնան Աստծո որդիներ»: 328 թվականին բարձրանալով պատրիարքական գահին, Ս. Աթանասը հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը: Ենթարկվելով հալածանքների` իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում: Սակայն ճշմարտության հաստատման իր գերմարդկային ջանքերը տալիս են բարի պտուղներ. Աթանասի մահից 7-8 տարիներ հետո` Կ. Պոլսի 381 թվականի տիեզերաժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը: Մեծ է Աթանասի վաստակը նաև վանականության զարգացման գործում:
  • Ս. Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետն Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից մեկն է: Ծնվել է 380 թվականին, Թեոփիլոս պատրիարքի եղբորորդին է, որին հաջորդել է 412 թվականին: Կ. Պոլսի պատրիարք Նեստորի դեմ պայքարել է ուղղափառ դավանանքի համար, որի պատճառով էլ Թեոդորոս Բ կայսրը  431 թվականին Եփեսոսում հրավիրել է երրորդ տիեզերական ժողովը: Ժողովի ընթացքում Նեստորի ուսմունքը  դատապարտվել է, իսկ Մարիամի համար ընդունվել է «Աստվածածին» անվանումը: Կյուրեղի նշանավոր բանաձևը`«Մի բնութիւն Բանին մարմնացելոյ», դարձել է Հայ Առաքելական Եկեղեցու` Քրիստոսի բնության վարդապետության հիմնաքարը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-21, 2024-06-27, 2025-01-25, 2026-08-01, 2027-07-31, 2028-01-22, 2029-07-28, 2030-01-26։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտական գործողությունների վայրերում հայտնաբերվել են 1 զոհված զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ: 
2010 - «Հայռուսգազարդը» դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով։

  • Ընկերությունը առաջարկեց սպառողներին վաճառվող 1000 խմ. բնական գազի դիմաց գործող 96 000 դրամ սակագինը դարձնել 136 հազ. դրամ։ Այսինքն, մոտ 41%-ով բարձրացնել սովորական սպառողների համար գազի գինն այն դեպքում, երբ տարվա բյուջեով թոշակների, նպաստների,կամ աշխատավարձերի մասով ավելացում չէր եղել։

1998 - Հայոց համազգային շարժումը հայտարարություն է տարածում, որում ասվում է, որ խորը հակասություններ ունի Ռոբերտ Քոչարյանի և ուժային նախարարների հետ: 

  • Կուսակցությունն ակնարկում է նաև, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխին սև ամպեր են կուտակվել կառավարության կողմից, որն արդեն անցել է ահաբեկչությունների: ՀՀՇ-ն հայտարարում է իր հավատարմությունը նախագահն:

1998 - Վերջին 3 օրերի պաշտոնական անձանց նկատմամբ երեք՝ Ռուբեն Հայրապետյանի, Արծրուն Մարգարյանի և Ռոմեն Ղազարյանի հանդեպ ահաբեկչությունները  Վազգեն Սարգսյանը որակում է իբրև քաղաքական խաղեր և հայտարարում, որ ինքը չի կասկածում Ռոբերտ Քոչարյանին: 
1983 - ASALA. Նռնակներով հարձակում Փարիզում «Թըրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի վրա՝ նյութական վնասներ պատճառելով։

  • Հայ Գաղտնի Բանակի «Նահատակներ Գառնիկ Վահրատեանի և Մինաս Սիմոնեանի անուան Անձնասպանական Խմբակ»-ի անունով ստանձնում «Շապին Գարահիսար» մկրտված այս գործողության պատասխանատվությունը, որի ընթացքում ձերբակալվում է ազատամարտիկ Աբրահամ Թովմասեանը։
  • 1983 Հուլիսի 7-ին դատարանը նրան դատապարտում է 30 ամսվա ազատազրկման։ Աբրահամն ազատ է արձակվում 1985-ի Հունվարի 8-ին։
  • Նույն օրը Փարիզի Օրլի օդանավակայանում «Թըրքիշ Էյրլայնս» գործակալության գրասենյակի առջև տեղադրված ռումբը չեզոքացվում է։ Ռումբի զետեղումը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1974 - Վիկտոր Համբարձումյանն ընտրվեց Նյու Յորքի ակադեմիայի պատվավոր անդամ։

ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Վազգեն Ազրոյան (ծնվ. Օդեսա), գեղասահորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ (1998), Հայաստանի չեմպիոն (2003, 2004)

  • Պապը՝ Վահագն Ազրոյանցը, ծնունդով Էրզրումից, բալետի պարող էր։

1973 - Արա Գևորգյան (ծնվ. Քաղցրաշեն), ազատ ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ
1961 - Նարինե Անտոնյան (ծնվ. Երևան), թենիստուհի, սեղանի թենիսի ԽՍՀՄ չեմպիոն (1981, 1983, 1984, 1985), Եվրոպայի չեմպիոն (1980, 1984, 1980, 1984), ԽՍՀՄ սպորտի վարպետ միջազգային կարգի (1979)
1943 - Տիգրան Ալիխանով (ծնվ. Մոսկվա), դաշնակահար, արվեստաբան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2002)

  • Հայրը՝ Աբրամ Ալիխանովը, ակադեմիկոս է, տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի հիմնադիր և առաջին տնօրեն էր, որն զբաղվում էր ատոմային միջուկի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայով։

1930 - Լևոն Քոչարյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1970), կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ

  • Էստրադայի արտիստ և ասմունքող Սուրեն Քոչարյանի որդին է, Վ. Վիսոցկու մտերիմ ընկերը:

1922 - Սուրեն Աղաբաբյան (ծնվ. Ղարաքիլիսա, մ. 1986) հայ գրականագետ, քննադատ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1921 - Առնո Բաբաջանյան (ծնվ. Երևան, մ. 1983), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1962), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
1910 - Տատյանա Մախմուրյան (Թագուհի Մախմուրյան, ծնվ. Սուխումի, մ. 1989), դերասանուհի

  • 1928 թվականին ռեժիսոր Հ. Բեկնազարյանը հրավիրել է «Տունը հրաբխի վրա» ֆիլմում կատարելու Մարոյի գլխավոր դերը։ Լավագույն դերը կինոյում՝ Կեկել («Պեպո», 1935):

1882 - Պավել Ֆլորենսկի (ծնվ. Եվլախ, մ. 1937), ռուս կրոնական մտածող, մաթեմատիկոս, ֆիզիկոս, արվեստաբան, բանասեր

  • Մայրը հայուհի Օլգա (Սալոմեա) Սապարովան (Սապարյան) է՝ հին հայկական տոհմից։
  • Իտալիայում նրան անվանում են «Ռուսական Լեոնարդո», Գերմանիայում՝ «Ռուսական Գյոթե», համեմատում են մեկ Արիստոտելի, մեկ Պասկալի հետ։
  • 1937 թ. ՆԳՎ հատուկ եռյակի կողմից դատապարտվել է պատժի առավելագույն չափի։

1877 - Մենթոր Բունաթյան (ծնվ. Զիգախ Էրիվանի նահանգ, մ. 1969), տնտեսագետ, մանկավարժ, Մյունխենի պետական համալսարանի գիտությունների դոկտոր, ամերիկյան Տնտեսական և քաղաքական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1949)

  • Երկար տարիներ ղեկավարել է Փարիզի հայկական ծառայությունը՝ պաշտպանելով Ֆրանսիայում հայ փախստականների շահերը։

1876 - Հայկ Բատիկյան (ծնվ. Վան, մ. 1950), ամերիկահայ քանդակագործ

  • Հայոց ցեղասպանությունից հետո Բատիկյանը ստեղծել է մեդալ «Հայաստանի օգնության հիմնադրամի» համար։

1871 - Նիկողայոս Ադոնց (Տեր-Ավետիքյան, ծնվ. Բռնակոթ, մ. 1982) հասարակական գործիչ, պատմաբան

  • Գեներալ Հակոբ Բագրատունու հետ մասնակցել է հայկական ռազմական կորպուսի ստեղծմանը, եղել հայկական ռազմական հանձնաժողովի գործուն անդամներից մեկը։

1858 - Պավել Ղուկասով (ծնվ. Շուշի, մ. 1937), նավթարդյունաբերող, ռուսական առևտրաարդյունաբերական բանկի խորհրդի նախագահ

  • Կասպից ծովից «օտարերկրացիներին» դուրս մղելու համար Ղուկասով եղբայրները Մանթաշովի, Լիանոզովի և Պուտիլովի հետ 1912-ին ստեղծել են «Ռուսական գլխավոր նավթային ընկերություն» միջազգային հոլդինգը:

1788 - Ջորջ Նոել Գորդոն Բայրոն (ծնվ. Լոնդոն, մ. 1824), ռոմանտիկ բանաստեղծ, արմենոֆիլ

  • 2004 թվականի հուլիսի 11-ին Մեծ Բրիտանիայի Նոթինգեն կոմսության Հաքնել քաղաքում Լորդ Բայրոնի պատվին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու առջև կանգնեցվել է հայկական խաչքար ՝ հավատքի և հույսի հայկական խորհրդանիշ: