Պատմության հայկական օրը. հունվարի 28


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բանակի օրը

  • 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
  • Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։Երկրորդ փուլը տևել է 1992թ․ հունիսից 1994թ․ մայիս։ Երրորդ փուլը սկսվել է 1994թ․ հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ 

Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա կրթություն է ստացել Կեսարիայում, այնուհետև՝ Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը Ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ. Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Ս. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, ով արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-28, 2024-08-03, 2025-02-01, 2026-08-01, 2027-07-31, 2028-01-29, 2029-07-28, 2030-02-02:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսական կողմի միջնորդությամ հայրենիք վերադարձան 5 գերիներ։ Գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են: 
2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերեցին 8 զոհված զինծառայողի աճյուն: 
2014 - Հայկական բանակի կազմավորման օրը Ստեփանակերտը հաղորդեց մեկ զինվորի մահվան մասին. 20-ամյա զինծառայողը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։

  • Նույն օրը Բաքուն հայտարարեց, իբր հայկական դիվերսիոն մի խմբավորում փորձել է հատել շփման գիծը, և որ փոխհրաձգությունից հետո ադրբեջանցի զինվորներին հաջողվել է բռնել խմբավորման անդամներից Մամիկոն Խոջոյանին։ Ավելի ուշ պարզվեց, որ վերջինս սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է: 77 ամյա հիվանդ ծերունուն գերևարելու և ազատազրկելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը քննադատվեց անգամ Բաքվում` ընդդիմադիր թերթերի ու իրավապաշտպանների կողմից: Ադրբեջանական կողմը նրան գերության մեջ պահեց 36 օր: Մայիսին` հայրենիք վերադառնալուց երկու ամիս անց Խոջոյանը մահացավ:

2013 - Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են Փարիզում` առանց էական առաջխաղացման։

  • Փակուղի մտած բանակցություններում ի հայտ է գալիս նոր հարց` Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը: Ադրբեջանը հայտարարում է, թե «չի թույլատրի իր տարածքում ապօրինի թռիչքներ»։ Հայաստանի նախագահը պնդում է` պատրաստ է դառնալ Ստեփանակերտից թռչող առաջին ինքնաթիռի ուղևորը: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը, սակայն, այդպես էլ մնում է օդում:

2011 - Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ փետրվարի 18-ին սկսում է հանրահավաքային շարժումը:
2011 - Ստեղծվեց Լիտոպեդիա հայկական բանասիրության ինտերնետային հանրագիտարանը։
2009 - Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպում են Ցյուրիխում: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում նախագահները 6-րդ հանդիպում են անցկացնում։

  • Բանակցություններից հետո միջնորդները հայտարարեցին, թե կողմերը խնդրել են իրենց ակտիվացնել ջանքերը` Հիմնարար սկզբունքների շուրջ դեռևս առկա տարաձայնությունները հաղթահարելու համար:
  • Անդրադառնալով ամիսներ առաջ սկսված հայ֊թուրքական բանակցություններին` Մինսկի խմբի համանախագահները ընդգծել էին` թույլ չեն տա խաղաղության գործընթացը խոչընդոտել պատմական քննարկումներով:

2002 - Առաջին անգամ պաշտոնապես նշվում է Բանակի օրը: 
2000 - 
 Ռոբերտ Քոչարյանը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպեց Հեյդար Ալիևին՝ ուղիղ բանակցություններից դուրս թողնելով Ղարաբաղը:

  • Ղարաբաղի ներկայացուցիչները, ըստ Քոչարյանի, տեղեկացվում էին այս հանդիպումների բովանդակության ու արդյունքների մասին: Ընդդիմադիրները, սակայն, մինչ օրս քննադատում են երկրորդ նախագահին` Ղարաբաղը ուղիղ բանակցություններից դուրս թողնելու համար:
  • Ռ. Քոչարյանի այս քայլը «սխալ» է որակել նաև Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, Մինսկի խմբի նախկին համանախագահ Վ.Կազիմիրովը: «1999-2001, 2003-2004 թթ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունը բանակցային միակ ձևաչափն էր, քանի որ Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանը կարծես ներկայացնում էր նաև Լեռնային Ղարաբաղը` ինչպես դա անում էր նախկինում: Դա սխալ էր նրա կողմից, իր հնարավորությունների գերագնահատում»,- գրել էր Կազիմիրովը իր «Խաղաղություն Ղարաբաղին» գրքում:

1999 - Վերականգնվում է «Նաիրիտ» արտադրական միավորման գազամատակարարումը: 

  • «Նաիրիտի» արտադրանքն ուղարկվում է Ռուսաստան, Սիրիա: 

1995 - Աշխատանքային այցով Ստեփանակերտ էր այցելել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:
1994 - Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը` կողմերին առաջարկում է հրադադար կնքել և հակամարտության գոտում տեղակայել ռուս խաղաղապահներ։

  • Նույն այդ օրերին Ռուսաստանի արտգործնախարար Ա. Կոզիրևը ԱՊՀ-ի և Մերձբալթյան երկրների դեսպանների հետ հանդիպմանը հատուկ ընդգծել էր` անհրաժեշտ է պահպանել ռուսական զինված ուժերի ներկայությունը նախկին Խորհրդային միության տարածքում: «Հակառակ դեպքում այդ վակուումը անմիջապես կլրացնեն այլ գերտերություններ, որոնց շահերը ոչ միշտ են համընկնում Ռուսաստանի շահերին, իսկ շատ դեպքերում էլ` հակասում են»,- հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարը:

1992 - ՀՀ ԳԽ նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը: 

  • Պաշտպանության Նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Տարբեր ժամանակներում այդ պաշտոնը զբաղեցրել են նաև Վազգեն Մանուկյանը, Սերժ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը:

1992 - Շուշիի մոտակայքում աղետի ենթարկվեց Ми-8 ուղղաթիռը, զոհվեցին ավելի քան երեք տասնյակ մարդ:

  • ԱՄՆ տրանսպորտի դեպարտամենտի Քաղավիացիայի անվտանգության գրասենյակի տեղեկագիրը նշել էր. «ըստ հաղորդումների, ուղղաթիռը խոցվել էր հրթիռով»: Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել էր ահաբեկչության մեջ։

1992 - Ստեղծվեց ՀՀ ԶՈՒ առաջին զորամիավորումը` 1-ին դեսանտագրոհային գունդը (1992թ. սեպտեմբերի 14-ից` 1-ին դեսանտագրոհային, 1993թ. մարտի 26-ից` 1-ին մոտոհրաձգային բրիգադ):

  • Գունդն առաջին մարտական մկրտությունն ստացել է 1992թ. մայիսին` Լաչինի միջանցքի պաշտպանության մարտերում: Զորամասը մշտական մարտական հերթապահություն է իրականացրել Արարատ-Վայք սահմանային գոտում: 1994թ. զորամասը մասնակցել է Մարտակերտի և Քելբաջարի մարտերին:
  • 1992-1994 թվականներին զորամասը տվել է 61 զոհ:

1990 - Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որում խստորեն քննադատվում էին Ադրբեջանում իրականացվող բռնությունները և կազմակերպված շրջափակումը:
1990 - Արարատի մարզի Երասխավան գյուղի վրա սկսվեց անակնկալ հարձակում:

  • Պաշտպանական ջոկատների համակարգումն իրակա­նացնում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանը, ջոկատներից մեկի հրամանատար Վազգեն Սարգսյանը Կոմի­տեի անունից նշանակվեց ընդհանուր հրամանատար:

1990 - Սկսեց հրատարակվել ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթը:
1986 - Սկսում է շահագործվել Երևանի մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանը:

  • Ըստ հաշվարկի՝ «Բարեկամություն» կայարանից մինչև «Շենգավիթ» գնացքները հասնելու էին 12-15 րոպեում:

1984 - Դիլիջանի Կոմպոզիտորների հանգստյան տան տարածքում բացվում է Բեթհովենի անվան համերգասրահը, որն ուներ 600-տեղանոց համերգասրահ, փորձասենյակներ և այլ անհրաժեշտ կառույցներ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Աննա Վարդանյան, դերասանուհի
1972 - Մարիամ Մերաբովա (ծնվ. Երևան), երգչուհի

  • Ալլա Պուգաչովայի մասնագիտական ստեղծագործական զարգացման դպրոցի դասախոս է։
  • Եվրատեսիլի ելույթի ժամանակ Դիմա Բիլանի հետ հանդես է եկել որպես բեք-վոկալիստ։

1944 - Չիկո (Արմեն Թութունջյան), ջազ թմբկահար
1939 - Լաուրա Գևորգյան (ծնվ. Երևան), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1979)

  • Որդին՝ Տիգրան Քեոսայանն է, ամուսինը՝ Էդմոնդ Քեոսայանը։
  • Կինոդերերը. «Անորսալիների նոր արկածները» (1968), «Ռուսական կայսրության թագը կամ կրկին անորսալիները» (1971), «Տղամարդիկ» (1972), «Լքված հեքիաթների կիրճը» (1974), «Երբ գալիս է սեպտեմբերը» (1975):

1935 - Հրաչ Պողոսյան (ծնվ. Երևան), Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ

  • Ճարտարապետներ Ա.Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Գ. Մուշեղյանի, ինժեներներ Ի. Ծատուրյանի և Ա. Ազիզյանի հետ համատեղ մշակել է Ծիծեռնակաբերդի զբոսայգում Մարզահամերգային համալիրի նախագիծը:
  • Ճարտարապետներ Ա.Թարխանյանի և Ս. Խաչիկյանի հետ համատեղ մշակել է Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի (այժմ ՝ «Այրարատ») նախագիծը:

1934 - Օլեգ Չլիյանց (ծնվ. Մոսկվա), ԽՍՀՄ պատվավոր ավիաշինարար
1928 - Անդրեյ Թութունով (ծնվ. Մոսկվա), ՌԴ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ
1928 - Նիկոլայ Աղաջանյան (մ. 2014), ավիացիոն և տիեզերական ֆիզիոլոգիայի մասնագետ
1905 - Ջորջ Լյութեր Սիմջյան (Կարապետ Սիմջյան, ծնվ. Այնթաբ, Թուրքիա, մ. 1997), կոնստրուկտոր, գյուտարար

  • Արտոնագրված գյուտերի քանակով ԱՄՆ-ի ռեկորդակիրներից է։ Նրա գյուտերն ընդգրկում են տեխնիկայի շուրջ երեք տասնյակ ոլորտներ։
  • Սիմջյանը ոչ միայն տեխնիկական, այլև ընդհանրապես բարձրագույն կրթություն չուներ։

1894 - Կարապետ Հախնազարյան (ծնվ. Արտաշատ, մ. 1980), հրետանու գեներալ-մայոր
1875 - Ժան Նասլյան (ծնվ. Կարպուտ, Թուրքիա, մ. 1957), Տրապիզոնի Եպիսկոպոս