Պատմության հայկական օրը. հունվարի 30


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Առաջավորաց Պահք (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր:
  • Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:
  • Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:
  • Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:
  • Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:
  • Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:
  • Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:
  • Իսկ ինչո՞ւ ենք հինգ  օր պահք  պահում։
  • Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:
  • Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:
  • Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:
  • Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։
  • Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:
  • Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8):
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-30, 2024-01-22, 2025-02-10, 2026-01-26։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք չենք կարող ընդհանրապես քննարկել, նույնիսկ քննարկել «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը»:
2019 - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: 

  • «Քննարկվել են մի շարք ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ անվտանգության, անվտանգության ոլորտում համագործակցության ու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության մասին»,- գրել է Բոլթոնը:

2015 - «ԼՂ շփման գծի երկայնքով անօդաչուների օգտագործումը սադրանք է», սոցկայքերից մեկում գրառել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
2013 - Սերժ Սարգսյանը կատարեց իր «բրենդային» հերթական արտահայտությունը՝ Ա՛յ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում։

  • ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, Մովսես գյուղի եկեղեցու բակում մոտեցել է տարեց մի տղամարդու և հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ ունեն: Մեծահասակ տղամարդը պատասխանել է, որ իրենց մեծ խնդիրը գյուղը դատարկվելն է, որ բոլորը Ռուսաստանի Դաշնությունում են: Ի պատասխան ծերունու դժգոհության՝ ՀՀԿ առաջնորդը հայտարարել է. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Մովսես գյուղի բնակիչն էլ ասել է, թե եթե «զավոդ» լիներ, մարդիկ աշխատեին, երկիրը չէին լքի: «Գյուղում զավոդ լինե՞ր: Ա՛յ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Հայրի՛կ ջան, առանց այն էլ մենք շատ մեղքեր ունենք, ինչի՞ եք նոր մեղք բարդում մեր վրա: Եթե ասեիք՝ գյուղում գազ, ջուր, ճանապարհ չլիներ, կասեի՝ ես եմ մեղավոր, դրա համար ես եմ պատասխանատու, բայց որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան, ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում, հող մշակեր, անասուն պահեր»,- պատասխան էլ էր «Ապահով Հայաստան» կառուցել խոստացող Ս. Սարգսյանը:

1992 - Ադրբեջանը և Հայաստանը դարձան ԵԱՀԿ անդամներ, որն էլ իր վրա վերցրեց ԼՂ հակամարտությունը կարգավորելու խնդիր:

  • Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցությունը (ԵԱՀԽ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն է միացել կազմակերպությանը Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունից (Պրահա, 1992 թ. հունվարի 30) անմիջապես հետո:

1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը հայտարարությամբ մերժեց ԽՍՀՄ-ի պահպանման վերաբերյալ հանրաքվեի անցկացումը:
1975 - Երևանում բացվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:
1927 - Երևանի մշակույթի տանը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանի անդրանիկ շրջանավարտների հանդիսավոր նիստը։
1896 - Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո Հալեպում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի թուրքերը զորքերը ետ էին քաշում Զեյթուն գավառից:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1956 - Անդրեյ Դավիդյան (ծնվ. Մոսկվա), երգիչ, երաժիշտ

  • Մայրը հայտնի դաշնակահարուհի է, հայրը ՝ տենոր Սերգեյ Դավիդյանը։

1953 - Սթիվեն Զաիլյան (ծնվ. Ֆրեզնո, ԱՄՆ), ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր, գրող, սցենարիստ

  • Նրա հայրը՝ Ջեյմս Զաիլյանը, Վանից է, եղել է ռադիոլուրերի լրագրող։
  • «Թայմս» ամսագիրը նրան անվանել է «Ռոբերտ Թաունի ժամանակներից ի վեր Հոլիվուդի ամենահետաքրքիր, հմուտ և նրբագեղ սցենարիստ»:
  • Նա «Օսկար» և «Ոսկե գլոբուս» Է ստացել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար և արժանացել «Առաջնակարգ սցենարիստ - 2009» կոչմանը:

1946 - Անրի Հայրապետյան (ծնվ. Բորդո), քանդակագործ, գրող
1933 - Գաբրիել Մոլոյան, հայ հասարակական գործիչ, մշակութային «Նոր սերունդ» միության հիմնադիրը
1924 - Աշոտ Սարկիսով (ծնվ. Տաշքենդ), փոխծովակալ (համապատասխանում է գեներալ-լեյտենանտի կոչմանը), պրոֆեսոր, «Գլոբալ էներգիա» Միջազգային էներգետիկ մրցանակի դափնեկիր ատոմային էներգետիկայի անվտանգության բարձրացման և միջուկային օբյեկտների շահագործումից հանելու գործում ունեցած ակնառու ավանդի համար
1916 - Սոֆյա Զաքյան (ծնվ. Ուլան-Ուդե, մ. 1995), լուսանկարիչ

  • Ադրբեջանի առաջին կին լուսանկարիչը։

1911 - Մարիա Պերիս (օրիորդական անունը՝ Սարգսյան, Օրտակեյ, Ստամբուլ, մ. 1999), Մեքսիկայի առաջին կին աստղագետը

  • Նրա ընտանիքը Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է անգլիական նավի կապիտանի շնորհիվ։
  • Պերիսի դուստրը շարունակում է մոր գործը, և այժմ Մեքսիկայի հայտնի աստղաֆիզիկոսներից է:
  • Նրա անունով համաստեղություն է անվանակոչվել։

1901 - Աղասի Խանջյան (մ. 1936), կուսակցական, պետական գործիչ
 410 - Մովսես Խորենացի (ծնվ. Խորնի, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - մ. 488), ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ 

  • Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
  • 15-16 տարեկանում Վաղարշապատի դպրոցում եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։
  • Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ 
  • Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվել է գրական աշխատանքով, կատարել թարգմանություններ, գրել երկեր։ 
  • Նա ապրել է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։