Պատմության հայկական օրը. հունվարի 6


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ամեն տարի Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
  • Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
  • Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14):  Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:
  • Եկեղեցին այս օրը նշում է արդեն 1721-րդ անգամ։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2022 - ՀԱՊԿ  խաղաղապահ ուժերը կազմում Հայաստանի մոտ 70 զինվորականներ ներառվեցին Ղազախստան ուղարկված խաղաղապահ ուժերում։
2015 - Ստեփանակերտը հաղորդեց, թե պատասխան քայլեր են ձեռնարկվել` շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու համար։

  • Ղարաբաղյան կողմը հայտարարում էր, թե ադրբեջանցի առնվազն երեք զինվոր է զոհվել: Բաքուն հերքեց այս պնդումները։

1992 - ԼՂՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով անկախության հանրաքվեի արդյունքները, Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ հանրապետություն:

  • ԼՂՀ առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:

1992 - Վրաստանում ծայր առած քաղաքացիական դիմակայության պատճառով այդ երկրի նախագահ Զվիադ Գամսախուրդիան վաղ առավոտյան ընտանիքով ու մերձավորներով լքել էր Թբիլիսին նախ փորձելով ապաստանել Ադրբեջանում, բայց դրա ձախողման պատճառով օգտվել էր Հայաստանի իշխանությունից ժամանակավոր ապաստան ստանալու հանգամանքից և հանգրվանել Իջևանի շրջանում, այդ քաղաքի ձեռնարկություններից մեկի քաղաքամերձ երկհարկանի հանգստյան տանը: 

  • Մի քանի օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Գամսախուրդիայի՝ Հայաստանում գտնվելը բավական խնդրահարույց է: Նախ, հայերից դժգոհ էին Վրաստանի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը: Զվիադականները չգիտես ինչու կարծում էին, թե Գամսախուրդիան Հայաստանում «պահվում է» հակառակ իր կամքի, իսկ իշխանությունը դժգոհ էր, որ Հայաստանի ղեկավարությունը չի կատարում Գամսախուրդիային արտահանձնելու իր պահանջը: Ակնհայտ էր, որ հարցի միակ լուծումը Զվիադ Գամսախուրդիայի մեկնումն էր ՀՀ-ից, և դա տեղի ունեցավ հունվարի 15-ին։

1989 - ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը ընդունեց «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների կանգի և անդրկովկասյան հանրապետությունների էներգամատակարարումն ապահովող միջոցառումների մասին» №15 որոշումը, որով ՀԱԷԿ-ը կանգնեցվեց: 

  • Փակման որոշումը կայացրել են  ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը և ՀԿԿ քարտուղար Սուրեն Հարությունյանը։
  • Որոշման համաձայն` 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվեց №1 էներգաբլոկը, 1989թ. մարտի 18-ին` №2 էներգաբլոկը:
  • Ատոմակայանը վերագործարկվեց 6 տարի անց՝ 1995 թ. հոկտեմբերի 26-ին։

1946 - Թուրքիայի վարչապետ Սարաջօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի զավթել Կարսի և Արդահանի շրջանները, այլ դրանք նրան են անցել 1918թ. Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։

  • Սարաջօղլուն նաև հայտարարել էր, որ թուրքական և ռուսական զորքերի դուրս բերումից հետո վիճելի շրջաններում անցկացվել էր հանրաքվե։
  • Բրեստ-Լիտովսկի պայմանագրից 28 տարի անց Գրիգոր Հարությունյանը վիճարկում էր թուրք վարչապետի բերած փաստերը՝ նշելով, որ հանրաքվեին մասնակցել էր բնակիչների միայն մի փոքր մասը, և խորհրդային կառավարությունը դեռևս 1918-ի սեպտեմբերին անօրինական էր ճանաչել այդ հանրաքվեն։

1198 - Հայոց արքա Լևոն Բ-ի թագադրությունը Տարսոն քաղաքում (Հայոց Կիլիկիա):

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1963 - Կարեն Մովսիսյան, հայ շախմատիստ, գրոսմայստեր
1960 - Արթին Մուրադ (ծնվ. Իրաք), քաղաքական գործիչ

  • 1998թ. հոկտեմբերի 6-ից մինչև 2002թ. սեպտեմբերի 30-ը եղել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկստագի) անդամ:

1927 - Կարեն Յուզբաշյան (մ. 2009) պատմաբան, արևելագետ
1927 - Դավիթ Օհանեսյան (ծնվ. Բուխարեստ), երգիչ (բարիտոն), Ռումինիայի Միութենական Հանրապետության վաստակավոր արտիստ
1921 - Աղասի Շաբոյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 2004), պարուսույց, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

  • «Կոմիտաս», «Երազ տեսա», «Զվարճանք» պարային ներկայացումների հեղինակն է: Շաբոյանը եղել է Շիրակի և Ջավախքի պարային համույթների ղեկավարը, ստեղծել իր պարային դպրոցը։

1912 - Կարո Ավագյան (ծնվ. Արդահան, Թուրքիա), դերասան, «Հայրենական պատերազմի» շքանշանի ասպետ

  • Կարո Ավագյանը հանդիպել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի Արև Բաղդասարյանին, ով ռազմաճակատ էր ժամանել 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկների առջև ելույթ ունենալու համար։ Նրանք ամուսնացել են պատերազմից մեկ տարի անց։

1912 - Արբուն Տայան, հայ թարգմանիչ, բանասեր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 
1905 - Թագվոր Թագվորյան (ծնվ. Եվերեք, Թուրքիա, մ. 2005), ֆրանսիացի գրող, բառապանագիր

  • Մառն-Լա-Վալլեի հայկական մշակութային ասոցիացիան նրա անունը ներառել է պատվավոր անդամների ցանկում:

1900 - Մարտին Մազմանյան (ծնվ. Թիֆլիս), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965)
1893 - Տիգրան Այվազյան (մ. 1956), դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)
1893 - Իվան Եղիազարով (ծնվ. Թիֆլիս, մ. 1971), հիդրոէներգետիկ, Հայաստանում Սևանի Կասկադի կառուցման հեղինակներից 
1890 - Գարեգին Ապրեսով (ծնվ. Կուսարահ, Ռուսաստան, մ. 1941), խորհրդային արտաքին հետախուզության ռեզիդենտ Իրանում և Չինաստանում
1865 - Նիկողայոս Մառ (ծնվ. Քութայիսի, Վրաստան, մ. 1934), պատմաբան-հայագետ, բանասեր, ազգագրագետ և հնագետ

  • Հայրը՝ շոտլանդացի բուսաբան էր, մայրը՝ վրացուհի։

1850 - Էդուարդ Բեռնշտեյն (ծնվ. Շենեբերգ, Գերմանիա, մ. 1932), գերմանացի քաղաքական գործիչ, գրող, գերմանական Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարներից 

  • Բեռնշտեյնն ակտիվ հայամետ էր։ 1901 թ. հունվարի 10-ին նա ողջունել է 1900 թ. նոյեմբերի 25-ին ստեղծված «Pro Արմենիա» թերթը։
  • 1907 թ. Բեռնշտեյնը էսեռների կուսակցության երաշխավորությամբ նպաստեց դաշնակցական կուսակցության II Ինտերնացիոնալի անդամ դառնալուն՝ ի հեճուկս Լենինի, որը դաշնակներին համարում էր ազգայնական կուսակցություն։

1315 - Հովհան Որոտնեցի (ծնվ. Վահան, Հայաստան, մ. 1386), փիլիսոփա, աստվածաբան, եկեղեցական գործիչ

  • Սյունիքի իշխան Իվանե Օրբելյանի որդին է։ Զարգացրել է արիստոտելիզմի ավանդույթները։ 
  • Իր մեծ գիտելիքների և գիտության զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ժամանակակիցներից ստացել է «Հայ մեծ փիլիսոփայի և ուսուցիչ» պատվավոր տիտղոսը, որին արժանացել են միայն միջնադարի խոշորագույն մտածողները:
  • 1345-ին հիմնադրել է Տաթևի համալսարանը՝ միջնադարյան Հայաստանի խոշորագույն գիտական և մշակութային կենտրոնը։