Պատմության հայկական օրը. հունվարի 7


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Մեռելոց՝ հանգուցյալների հիշատակի օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է՝ Մեռելոցը, որը լինում է ինչպես Սուրբ ծննդյան, այնպես էլ բոլոր տաղավար (գլխավոր) տոներին հաջորդող օրերին:
  • Այսօր Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:
  • Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատվելու և անվանակոչվելու հիշատակին:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2015 - ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում կայացավ «օրենքով գողերի» վերջին տարիների ամենախոշոր հավաքը: 

  • Հավաքի կազմակերպիչը քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանն է՝ Արտյոմ Կանևսկին, ով բավականին լավ հարաբերությունների մեջ է և՛ ՀՀ իշխանությունների, և՛ իրավապահ մարմինների հետ: Որոշ տեղեկություններով՝ միայն նա կարող էր Հայաստանում նման մասշտաբի հանդիպում կազմակերպելու «դաբրո» ստանալ իշխանություններից և իրավապահներից: 
  • Արտյոմ Կանևսկին լուծել է նաև գողական հավաքի ժամանակ հավաքի մասնակիցների, այդ թվում և Շաքրոյի անազատության մեջ չհայտնվելու հարցը:
  • Հավաքի ժամանակ «օրենքով գողի» կոչումից զրկել են ազգությամբ ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լյանկորանսկիյ) ու Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):

2012 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ րոպեում բարձրացնելով 5.175 ֆունտ:
1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը. օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»:

  • Նիստին մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
  • Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1998 - Դադարեցվում է Էստոնիայի հետ հեռախոսային կապը։ 

  • Տալինի որոշմամբ Հայաստանի հետ միակ կապուղին դադարել էր գործել։ Կապն ապահովվում էր Մոսկվայի միջոցով։ 

1994 - Եռօրյա արյունահեղ մարտերից հետո, տալով կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, ադրբեջանական զորքերին ու նրանց շարքերում կռվող մեծաքանակ աֆղան մոջահեդներին հաջողվեց հետ գրավել Արցախյան ռազմաճակատի ծայր հարավում գտնվող և ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հորադիզ կայարանը:
1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, «քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության նախագահ Հանս Շտուկելբերգին, հոլանդական «Բաց դռներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Բոբ Իստմին, գերմանացի վիրաբույժ և հասարակական գործիչ Ֆրիդրիխ Շուստերին, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Ջեյմս Կարնուլյանին և մի խումբ օտարերկրյա լրագրողների:
1992 - ԱՄՆ-ի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը 1991թ. դեկտեմբերի 27-ին։

1932 - Բաթում է ժամանում Հայաստան ներգաղթողների հերթական խումբը՝ շուրջ 1900 մարդ։

  • Նրանք հիմնականում Հունաստանից էին։ Հունվարի 15-ին ներգաղթյալները հասնում են Երեւան. մի մասը մնում է մայրաքաղաքում, մյուսներին տեղավորում են Ալավերդիում, Լենինականում, Անի-պեմզայում, Արմավիրում (Ղուրդուղուլի)։
  • Հունիսին ՀԽՍՀ ժողկոմխորհի տեղակալ Երզնկյանը, քննարկելով հայրենադարձների խնդիրները, նշում էր, որ ամենադժվարը բնակարաններ հատկացնելն է։ Երեւանում հաստատված հայրենադարձները հիմնականում տեղավորվում էին Նուբարաշեն թաղամասում. այդ նպատակով պետությունը հատկացրել էր մեկ մլն ռուբլի։ Գումարներ էին նախատեսված նաեւ կանանց համար գորգագործական եւ տնայնագործական արհեստանոցներ կազմակերպելու համար։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Վախթանգ Դարչինյան, հայ աշխարհահռչակ բռնցքամարտիկ
1937 - Լավրենտի Բարսեղյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր
1923 - Նորայր Մնացականյան, հայ երգիչ, հայկական ժողովրդական և գուսանական երգերի ինքնատիպ կատարող, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր արտիստ 
1909 - Սամվել Քոչարյանց, գիտնական կոնստրուկտոր, ատոմային և ջերմամիջուկային զինամթերքի, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի (1993)
1902 - Սերգեյ Խուդյակով (իսկական անուն ՝ Արմենակ Խանփերցյանց; գնդակահարվել է 1950 թ.), Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)
1881 - Պոլոզ Մուկուչ (Մկրտիչ Ղազարոսի Մելքոնյան), գյումրեցի զվարճաբան-առակախոս 

  • Եղել է Ավետիք Իսահակյանի դասընկերը։ «Պոլոզ» է կոչվել բարձրահասակ լինելու պատճառով։ Պոլոզ Մուկուչի անվան հետ են կապվել հայկական միջավայրում ստեղծված շատ առակներ և սրախոսություններ, որոնք մինչ այդ վերագրվում էին օտար առակախոսների։ Այս առումով Պոլոզ Մուկուչը ինչ-որ չափով նպաստել է հայ բանավոր երգիծանքի ազգայնացմանը։
  • Ըստ հասած տեղեկությունների՝ առևտրական միջնորդի դեր է կատարել։ Նաև շուկայում ձմերուկ ու սեխ է վաճառել։ Ժամանակակիցները պատմում են, որ ուրախ-զվարթ բնավորություն ուներ, բայց աշխատանքի ժամին ուշքումիտքը ապրանքների վաճառքն էր, գնորդներին գոհ սրտով բավարարելն ու ճանապարհելը։ Նա չափազանց սրամիտ մարդ էր, սակայն կատակներն անում էր լուրջ դեմքով և ինքը չէր ծիծաղում, իսկ դիմացինները ծիծաղից ուշաթափվում էին։

1825 - Արսեն Այտընյան, հայագետ (վ.1902)