Պատմության հայկական օրը. հունվարի 9


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - Ստեփանակերտը հաղորդում է առաջին զոհի մասին. Լարվածությունը հետագա շաբաթներին չի մարում`ապրիլին հասնելով իր գագաթնակետին։

  • Հայկական կողմում տարվա առաջին զոհը դարձել էր 20 ամյա զինծառայող Արամայիս Ոսկանյանը: Օրեր անց կողմերը հաղորդել էին դիվերսիոն ներթափանցման փորձերի ու երկուստեք կորուստների մասին: Փետրվարին դիպուկահարի կրակոցից Մարտունիում նաև խաղաղ բնակիչ էր զոհվել` Վազգենաշեն գյուղի բնակիչ, 54 ամյա հովիվ Հակոբ Համբարձումյանը:

1996 - Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ բանակցությունների հերթական փուլը` Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան:

  • Ըստ Ինտերֆաքսի, «կողմերը պայմանավորվել էին քաղաքական կարգավորման նախագծում ներառել հավելյալ փաստաթուղթ` Ղարաբաղի բնակչության անվտանգության վերաբերյալ: Նախնական այդ համաձայնությունը թույլ էր տալիս Ղարաբաղին պահել իր բանակը` «առանց քանակական ու որակական սահմանափակումների» և ճանաչում էր Հայաստանը որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր: Այն նաև դրույթներ էր նախատեսում ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի տեղակայման, ազատագրված տարածքների ապառազմականացման, Հայաստանի ու Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ»: Եվգենի Պրիմակովը, ով նոր էր նշանակվել Ռուսաստանի արտգործնախարար, հայտարարում է`«Մոսկվան բարձր մակարդակով ջանքեր կգործադրի`հակամարտությունը կարգավորելու համար»:

1990 - Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Հայկական ԽՍՀ 1990 թվականի տնտեսական և սոցիալական զարգացման պետական ​​պլանում, ԼՂԻՄ-ի 1990 թվականի սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրում ներառելու մասին» բանաձևի մասին։

  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը այս, ինչպես և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները ճանաչեց որպես Ադրբեջանի ԽՍՀ ինքնիշխան իրավունքների խախտում։

ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Հարություն Խաչատրյան, հայ ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն
1950 - Սամվել Խալաթյան, հայ դրամատուրգ, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1945 - Լևոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ

  • «Հարկ է նշել, որ Լևոն Բ-ն լիովին փոխհատուցեց  իր հայրենակիցների անհուն երախտագիտությունը, ընդ որում ոչ միայն իր երկարատև գահակալության ընթացքում կատարած մեծագործություններով, այլև պետականության իր հաստատած մնայուն ավանդույթներով , որոնք պիտի դառնային Կիլիկիո Հայոց թագավորության կենսունակության հիմնական գործոններից  մեկը: Հայոց  պետության միջազգային իրավական կարգավիճակի սահմանումը, երկրի շահերից բխող անկախ և ճկուն դիվանագիտության որդեգրումը, Կիլիկիայի տարածքների ընդարձակումն ու պաշտպանունակության ամրապնդումը, ինչպես նաև պետական համակարգի արդիականացմանը միտված բարեփոխումների իրականացումը` Լևոնի այն նվաճումներն էին, որոնց ազդեցությունը շարունակաբար զգացվեց թագավորության ողջ հետագա գոյության ընթացքում»  (Լ. Տեր-Պետրոսյան, Խաչակիրները և հայերը,հ. 2-րդ, Եր., 2007թ., էջ 208 ):
  • Այսպես է գնահատում Հայաստանի Հանրապետության հիմնադիր Նախագահը Կիլիկիայի Լևոն Բ հիմնադիր թագավորի վաստակը: Փոքր տարբերությամբ նույն նվաճումներն ունեցավ ինքը` մեր երկրի Նախագահը: Խոստովանեն, թե չխոստովանեն, սիրեն թե չսիրեն քաղաքական գործչին, այն էլ` երկրի ղեկավարին, նրա իշխանության ժամանակաշրջանը պիտի գնահատեն իրական գործերով: Ահա այդ իրական գործերի հաշվին ենք շարունակում գոյատևել որպես անկախ պետություն և շարունակելու ենք պահպանել այդ նվաճումը:

1925 - Օֆելիա Համբարձումյան, հայ երգչուհի,(Երգի թագուհի), ՀԽՍՀ ժող. արտիստուհի
1924 - Սերգեյ Փարաջանով, աշխարհահռչակ կինոռեժիսոր 

  • «Լինելով ծաղրածուների արքան, նա երբեք չեղավ արքաների ծաղրածուն»: Գ.Կունցև
  • Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»: Ժան-Լյուք Գոդար
  • «Վատ է, երբ խելացին է քեզ հայհոյում, ավելի վատ է, երբ գովաբանում է հիմարը»: Սերգեյ Փարաջանով

Իմ ինքնակենսագրությունը (հատված)

Երեսուն տարի անց ես վերադարձա այն քաղաքը, որտեղ ծնվել եմ 1924 թվականին: Վերադարձա ծերացած, ում ուսերի վրա ասես երկու թև է` փառք, հաղթանակ, ճանաչում, մյուսի վրա` ստրուկի, գերու, զեկի նվաստացում:
Ես չունեմ ոչ պաշտոնական գիտելիքներ և ոչ էլ պարգևներ: Ես ոչ ոք եմ: Ես ապրում եմ Վրաստանում, Թիֆլիսում, իմ ծնողների հին տանը, և երբ անձրև է գալիս, ես հովանոցով եմ քնում և երջանիկ եմ, որովհետև դա նման է Տարկովսկու ֆիլմերին:

Նուռը

Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում` յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է: Նուռը հասել է մեզ` պահպանելով իր անտիկ գեղեցկությունը… Առանց Միչուրինի մասնակցության… Կար մեկը… Միչուրին… Նա ձմերուկից դդում էր սարքում, իսկ դդումից` խաղող… Նա ասում էր. «Պետք չէ բնությունից ողորմածություն սպասել: Պետք է այն վերցնել»: Մենք ամենքս վերցրինք, վերցրինք… և ահա թե ինչ ունենք այսօր…
«…Կիևում նա ապրում էր հենց կենտրոնում: Նրա ոչ մեծ բնակարանի երկու պատուհանները նայում էին հրապարակին, ուր իշխանությունը տոնական շքերթներ էր կազմակերպում:
Հոկտեմբերի հերթական հոբելյանի օրը Փարաջանովը եկավ տուն և զարմացած կանգնեց ննջարանի դռան արանքում: Սենյակում, չնայած արևոտ եղանակին, մութ էր: Շքերթի կազմակերպիչները նրա տան պատին կախել էին Բրեժնևի վիթխարի դիմանկարը: Գենսեկի փարթամ հոնքերով աչքերը ընկել էին հենց նրա երկու պատուհանների վրա: Մի աչքը` ննջարանի պատուհանի վրա, մյուսը` խոհանոցի:
Ժամանակ չկորցնելով` Փարաջանովը բացեց պատուհանը, վերցրեց ամենասուր մկրատը, մագլցեց պատշգամբի վրա և փորձառու արվեստագետի գործնականությամբ լուսաթափանց ուրվագծով կտրեց Բրեժնևի աչքը: Հետո աթոռը դրեց կտրված կտորի մեջտեղում և, հարմար տեղավորվելով պատշգամբի վրա, սկսեց ուշիուշով նայել տոնական խանդավառությամբ քլթքլթացող առաջավոր աշխատավորների շարասյանը:
Մի քանի րոպե անց կանոնավոր շարասյուներով մեկ սարսուռ անցավ: Ինչ-որ մեկը մատնացույց էր անում Բրեժնևի դիմանկարին և… պապանձվեցին` Բրեժնևի մի աչքը, ասես կենդանի, ակտիվ շարժվում էր, և բոլորին թվաց, թե նա ուրախ աչքով է անում շքերթի մասնակիցներին:
Բնականաբար շատ շուտով ննջարանի դուռը բացվեց, և բնակարան ներխուժեցին գազազած պակականները: Մեկ ցատկով հասնելով պատուհանին` նրանք պատշգամբից ներս քաշեցին Սերգեյին` «կենդանի» աչքի փոխարեն թողնելով դատարկ աթոռը: Իսկ մարդիկ շարունակում էին նայել գենսեկի աչքի արդեն որբացած փոսին, և ցուցարարների քրքիջը ծածկում էր նվագախմբի թնդյունը:
– Ես ոչ մեկին չեմ ծաղրում, – հանգիստ պատասխանում էր Սերգեյը գնդապետների վրդովված ճիչերին: – Ես ընդամենը իմ բնակարանից նայում եմ շքերթը, բայց…. Բրեժնևի աչքով: Երբվանի՞ց է դա հանցագործություն դարձել»:

1915 - Սուրեն Այվազյան, հայ արձակագիր (վ. 1981)
1866 - Ավետիս Ահարոնյան, հայ հասարակական–քաղաքական գործիչ, գրող