Պատմության հայկական օրը. մարտի 11


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:
  • Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:
  • Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:
  • Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Ս. Հովհան Երուսաղեմացին որպես Երուսաղեմի հայրապետ 386 թ. հաջորդել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացուն: Հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին. քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու անվեհեր հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Ս. Հովհանին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թե փրկության համար բավական են մարդկային ջանքերը առանց աստվածային շնորհի:
  • Ս. Հովհանը խաղաղությամբ ննջեց 417 թ. հունվարին՝ թողնելով բարի հիշատակ և դասվելով սուրբ հայրապետների շարքում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-11, 2024-03-02, 2025-03-22, 2026-03-07, 2027-02-27, 2028-03-18, 2029-03-03, 2030-03-23:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Չորս ամիս Ադրբեջանում գերության մեջ անցկացրած լիբանանահայ Մարալ Նաջարյանը ազատ արձակվեց և վերադարձավ Բեյրութ:

  • Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Շարբել Վեհբեն երախտագիտության խոսք հայտնեց Մարալ Նաջարյանի ազատ արձակման ու Լիբանան վերադարձի ուղղությամբ ջանքեր ներդրած կառույցներին: 

2021 - Հադրութի և Ֆիզուլի շրջանների դիրքային հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց ևս 3 աճյուն:
2021 - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկվեցին 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները:
2021 - Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Դոհայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
2010 - ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարեց, թե հիմնախնդրի կարգավորման ուղին գտնված է, հակամարտող կողմերի քաղաքական ղեկավարների մոտ կա կամք, մնում է նախապատրաստել ժողովուրդներին։
2005 - «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը Հայաստան ներկրվող գազի սակագնի թանկացումը քիչ հավանական համարեց։

  • Նա նաև գաղտնազերծեց «Հայռուսգազարդի» կանոնադրական կապիտալի որոշ մանրամասներ։ Կազմակերպության հիմնադիրները 45-ական տոկոսով ՀՀ կառավարությունն ու ռուսական «Գազպրոմն» են, և 10 տոկոսով՝ «Իտերա» միջազգային կազմակերպությունը։

1994 - Սահմանին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներ Բաբկեն Արարքցյանն ու Ռասուլ Գուլիևը։

  • Սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր երկու պետությունների միջև։

1992 - Հայկական ինքնապաշտպանական ուժերի հերոսական ջանքերի շնորհիվ ձախողվեց Ղարաչինարի ուղղությամբ ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը ԼՂՀ Շահումյանի շրջան:
1978 - Երևանում կայացավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի առաջին ցուցադրությունը:
1962 - Հայաստան է գալիս ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի նախագահության անդամ Անաստաս Միկոյանը։

  • Նա գալիս էր հանդիպելու ընտրողների հետ, ովքեր շուտով իրեն միաձայն ընտրելու էին ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր։
  • «Տեղական ժամանակով ուղիղ ժամը 18-ին «Իլ-18» օդանավը կանգ է առնում մարդկանցով լեցուն հրապարակի մոտ։ Հզոր, բազմաձայն «ուռան» է տարածվում շատ հեռվում, երբ ինքնաթիռի դռնակի մեջ երևում է Անաստաս Իվանովիչ Միկոյանը»,- գրում էր «Գրական թերթը»։
  • Մինչև մարտի 16-ը Միկոյանը Հայաստանում էր և այցելում է շրջաններ, հանդիպում տարբեր գործարանների բանվորների, մտավորականների հետ, դիտում «Սպարտակ» բալետը։

1955 - ԽՍՀՄ գերագույն խորհուրդը Խորհրդային միության մարշալի կոչում է շնորհում Հովհաննես Բաղրամյանին:

  • Նա նաև նշանակվում է ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար։
  • Հենց այդ կարգավիճակում է Բաղրամյանը կարևոր դերակատարություն ունենում 1962 թվականին «Անադիր» օպերացիայի նախագծման և իրականացման գործում. Խորհրդային միությունը Կուբա է տեղափոխում 51 հազար զինծառայող և հրթիռային զորքերի մի քանի գունդ: Այս գործողության հետևանքով սկսվում է «Կարիբյան ճգնաժամը»:

1836 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։
1709 - Կ. Պոլսում Գրիգոր Դպիրի տպարանում Աստվածատուր Վարդապետի ջանքերով առաջին անգամ տպագրվեց «Ագաթանգեղոս»-ը:
1666 - Ամստերդամում անվանի տպագրիչ և հրատարակիչ Ոսկան Երևանցին իր աշակերտների հետ սկսեց հայերեն Աստվածաշնչի տպագրությունը, որի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տևել է երկու տարուց ավելի:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Զավեն Անդրիասյան (ծնվ. Երևան), Հայ շախմատիստ, գրոսմայստեր, պատանիների աշխարհի չեմպիոն (2006), պատանիների աշխարհի չեմպիոն (2006)
1978 - Հայկո Ջեպկին (ծնվ. Ստամբուլ), թուրք ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, ստեղնահար, դերասան
1970 - Մարտին Ղազարյան (ծնվ. Աբովյան), երաժիշտ, դուդուկահար

  • Նվաճումներ. Գրան պրի Բաբելոնյան փառատոնում (Իրաք, 1993)։

1953 - Սվետլանա Վրագովա (Սվետլանա Գյուրջյան, ծնվ. Երևան), «Մոդեռն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ

  • Երկրի առաջին մոդեռնիստական ոճի թատրոնի հիմնադիրն է։ 
  • Նոր թատերական ոճի՝ ռետրոավանգարդի հիմնադիրն է:
  • Առաջին և միակ թատերական ռեժիսոր հայուհին է, ով հասել է բարձր մասնագիտական մակարդակի և միջազգային հեղինակության։

1963 - Արման Մելիքյան (ծնվ. Երևան), ԼՂՀ արտաքին գործերի նախարար (2004-2005)
1930 - Ռուզան Քյուրքչյան, հայ քանդակագործ
1920 - Սաշա Պիտոև (ծնվ. Ժնև, մ. 1990), արտիստ, ռեժիսոր, թատերական գործիչ
1914 - Սիմոն Սիմոնյան (ծնվ. Այնթեբ, Սիրիա, մ. 1986) գրող, հրապարակախոս, ուսուցիչ, ազգային-ազատագրական պայքարի մասնակից

  • Խրուշչովյան «ջերմացման» ժամանակ եղել է Խորհրդային Հայաստանում, սակայն ավելի ուշ ԽՍՀՄ-ում արգելված էր կուսակցական մարմինների կողմից։ Մասնակցել է ԱՍԱԼԱ-ի քաղաքական գծի մշակմանը։

1905 - Ասյա Բերոյան (Արուսյակ Բրինձյան, ծնված: Թիֆլիս, մ. 1946), դերասանուհի; ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
​​​​1900 - Ստեփան Գինոսյան (ծնվ. Սաթհա, Վրաստան, մ. 1965), Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ
1865 - Փանոս Թերլեմեզյան (ծնվ. Վան, մ. 1941), հայ ժողովրդական նկարիչ

  • Փ. Թերլեմեզյանի անունը շնորհվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանին։

1837 - Տիգրան Չուխաճյան (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1898), հայտնի կոմպոզիտոր, Հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր

  • Չուխաճյանը երաժշտական կատակերգության հիմնադիրն էր Մերձավոր և Միջին Արևելքում։