Պատմության հայկական օրը. մարտի 13


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Եվրոպական դատարանը որոշում կայացրեց Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ նախարարների կոմիտեին:
1998 - Հայաստանի պետական պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ սփյուռքից ձեռ են բերել աշխարհահռչակ հայ հեղինակների 250 հանճարեղ կտավ։
1992 - Ոորոշվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով հրավիրել ԵԱՀԿ խորհրդի արտակարգ նիստ։
1992 - Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը։
1989 - Մարտի 13-19-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, Ջեյմս Բաղյանը «Դիսքավերի» տիեզերանավով թռիչք կատարեց «Սփեյս Շաթլ» ծրագրով։
1908 - Վարարեց Գետառ գետը՝ մեծ վնասներ հասցնելով Երևանում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Տիգրան Հախնազարյան (ծնվ. Երևան), Կոմիի Հանրապետության օպերայի և բալետի պետական թատրոնի գլխավոր դիրիժոր
1977 - Ալեքսանդր Վարդանով (ծնվ. Մոսկվա), ռեժիսոր, դրամատուրգ, թարգմանիչ
1956 - Արկադի Մելիք-Սարգսյան, բեմադրող նկարիչ
1957 - Հակոբ Հակոբյան (ծնվ. Երևան), ազատամարտիկ, պետական գործիչ, գործարար
1949 - Սրբուհի Դեմի Էլիաս (ծնվ. Լոնդոն), Նոր Զելանդիայի նշանավոր պետական գործիչ

  • 2001 թ. Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու հրամանագրով Սրբուհի Էլիասը նշանակվում է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ:
  • Սրբուհի Էլիասը չի մասնակցում Նոր Զելանդիայի հայկական կազմակերպությունների աշխատանքներին: Սակայն ճանաչում է իր ընտանիքի կյանքում հայկական ինքնությունը ունեցած կարևոր դերը։

1938 - Ֆրիդոն Ասլանյան (ծնվ. Երևան), ճարտարապետ, գեղանկարիչ և գրաֆիկ, դիզայներ
1929 - Էմմա Աստվածատուրյան (ծնվ. Մոսկվա, մ. 2018), Պետական պատմական թանգարանի առաջատար գիտաշխատող, Արևելյան զենքի հիմնադրամի պահապան, պատմական գիտությունների թեկնածու
1924 - Նիկոլայ Ենիկոլոպով (ծնվ. Ստեփանակերտ, մ. 1993), ֆիզիկոքիմիկոս, Լենինյան մրցանակի դափնեկիր
1913 - Պարույր Ջոթյան (ծնվ. Մեծ Պարնի, մ. 1954), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
1897 - Եղիշե Չարենց (Եղիշե Սողոմոնյան, ծնվ. Կարս, մ. 1937), բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ, հայ գրականության դասական, «Երեքի» հռչակագրի հեղինակներից 

  • 1936-ին ԽՍՀՄ ՆԳՎ-ն տնային կալանքի տակ է վերցվել և մեղադրվել հակահեղափոխության, ազգայնականության, տրոցկիզմի և ահաբեկչության մեջ։
  • Մահացել է 1937 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի բանտի հիվանդանոցում։ Բանաստեղծի գերեզմանի գտնվելու վայրը դեռ հստակ հայտնի չէ։ Հետմահու արդարացվել է 1950-ականներին։

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

1877 - Կարապետ Չիրաղյան (ծնվ. Սիմֆերոպոլ, մ. 1913), նկարիչ, դիմանկարիչ, ծովանկարիչ, բնանկարիչ

  • Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում են Չիրախյանի ընդամենը երկու կտավ՝ «Նատյուրմորտ» և «Օգոստոս կայսեր վերադարձը Եգիպտոսից»:

1840 - Կոնստանտին Կամսարական (ծնվ. Նուխի, Ռուսաստան, մ. 1923), գեներալ-լեյտենանտ, դիվանագետ, հասարակական գործիչ

  • 1878-ին մեծ ջանքեր է գործադրել Արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսի որոշումների իրականացման համար։ Համոզվելով Արևմտյան Հայաստանում Բեռլինի կոնգրեսի կողմից նախատեսված բարեփոխումների իրականացման անհնարինության մեջ՝ վաղաժամ էր համարում անզեն հայերի ապստամբությունը՝ կոչ անելով նախապես զինվել և պատրաստվել արմատական գործողությունների։
  • Նրա գործունեությունը հայ ժողովրդի օգտին առաջացրել է ռուսական կառավարության դժգոհությունը, և 1884-ին նա տեղափոխվել է դիվանագիտական աշխատանքի, դարձել Բեյրութում փոխդեսպան և Դամասկոսում հյուպատոս։