Պատմության հայկական օրը. մարտի 22


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հրապարակվեց մարտերում նահատակված ևս 192 զինծառայողի անուն։
1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանների միջև համագործակցության մասին:
1925 - Թիֆլիսի Դիդուբե օդանավակայանի մոտ ինքնաթիռի վթարից զոհվում է Ալեքսանդր Մյասնիկյանը։

  • Նրա հետ էին Անդրկովկասյան արտակարգ հանձնաժողովի (Չեկա) նախագահ Սողոմոն Մոգիլյովսկին և նույն հանձնաժողովի անդամ Գևորգ Աթարբեկյանը, ինչպես նաև օդաչու Շպիլը և մեխանիկ Սագարաձեն։
  • Մյասնիկյանը գործընկերների հետ թռչում էր Սուխում՝ մասնակցելու Աբխազիայի խորհուրդների համագումարին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ Junkers F.13 ինքնաթիռը Թիֆլիսի օդանավակայանում տեխնիկական խնդիրներ չէր ունեցել, սակայն թռիչքից 15 րոպե անց հրդեհ էր բռնկվել, ինքնաթիռն ընկել էր ու պայթել։
  • Մարտի 23-ին Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահության որոշումով եռօրյա սուգ է հայտարարվում Անդրկովկասի ամբողջ տարածքում, կառավարական բոլոր շենքերի վրա բարձրացվում են սգո դրոշներ։
  • Մյասնիկյանի հուղարկավորությունը տեղի է ունենում 1925թ. մարտի 25-ին Թիֆլիսում։ Թաղման արարողությանը մասնակցում էին հազարավոր մարդիկ, տարբեր հանրապետություններից եկել էին կուսակցական ղեկավարների գլխավորած պատվիրակությունները։ Ավիավթարի չորս զոհը, բացի օդաչու Շպիլից, հուղարկավորվում է եղբայրական գերեզմանում։ Շպիլի աճյունը հատուկ դիակառքով ուղարկվում է Բավարիա։ Հուղարկավորության ամբողջ ընթացքում՝ շուրջ 40 րոպե, տրվում է պատվո համազարկ։
  • Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում ու շրջաններում սգո արարողություններ են անցկացվում։

1920 - Սկսվեցին Շուշիի ջարդերը։

  • Ըստ «Կովկասի տարեցույցի»՝ 1916թ. քաղաքի 43.869 բնակիչներից 23.400-ը հայեր էին: 1920թ. մարտի 22-23-ին Շուշիի հայության կոտորածին զոհ գնաց 8-12 հազար հայ, մի քանի հազարը գերվեց, մյուսները՝ Քարին տակ տանող ճանապարհով փախան Վարանդա ու Դիզակ: Շուշին լիովին հայաթափվեց:

1877 - Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Ռուբեն Զատիկյան (ծնվ. Մոսկվա), կոմպոզիտոր
1960 - Դավիթ Մաթևոսյան (ծնվ. Մեղրի, մ. 2020),  քաղաքական գործիչ, Արցախյան 2 պատերազմների մասնակից, նախկին քաղբանտարկյալ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

  • 1995 թ. ընտրվել է ՀՀ առաջին գումարման ԱԺ պատգամավոր։
  • 2008 թ. մարտի մեկի գործով դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, 2009 թ. համաներմամբ ազատ է արձակվել։
  • Զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ։

1960 - Հրաչյա Հովակիմյան (ծնվ. Ախալցխա), ուրոլոգ, բարձրագույն կարգի բժիշկ, ավանդական շախմատային խաղի թիմային տարբերակի հեղինակը

  • Նախկին ԽՍՀՄ տարածքում առաջինն է սկսել (1992 թ.) լապարոսկոպիկ վիրահատություններ կատարել։

1949 - Ֆանի Արդան (ծնվ. Սոմյուր, Մեն և Լուարա, Ֆրանսիա), հայկական ծագմամբ թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասանուհի

  • 1981 թ. Ժերար Դեպարդիեի հետ նկարահանվել է Ֆրանսուա Տրյուֆոյի «Հարևանուհին» ֆիլմում։ 1982 թ. այդ դերի համար առաջադրվել է «Սեզար» կինոմրցանակին։ Ֆանի Արդանը դարձել է Տրյուֆոյի ընկերուհին և 1983-ին նրանից դուստր է ունեցել:

1937 - Անահիտ Ներսեսյան (ծնվ. Բուխարեստ), ռումինահայ բանաստեղծուհի, պատմաբան
1926 - Մարտին Միքայելյան (ծնվ. Երևան, մ. 1997), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)
1913 - Սերգեյ Ադավելյան, ավիաշինարար-ինժեներ
1913 - Սաբիհա Գյոքչեն (ծնվ. Բուրսա, մ. 2001), Թուրքիայում առաջին կին օդաչուն, աշխարհում առաջին կին-ռազմական կործանիչ օդաչուն, Աթաթուրքի ութ խորթ դուստրերից մեկը

  • Թուրքիայի առաջին կին-օդաչուն, ով 23 տարեկանում առաջին անգամ ինքնաթիռով օդ բարձրացավ: Նա նաև համարվում է Թուրքիայի առաջին կին- ռազմական օդաչուն: Սաբիհան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 8 որդեգրած երեխաներից մեկն է եղել։ Համաձայն թուրքական աղբյուրների և հենց Սաբիհա Գյոքչենի հարցազրույցի, նա եղել է Մուստաֆա Իզզեթ բեյի և Հայրիյեի դուստրը, ովքեր էթնիկ բոսնիացիներ էին։ Լրագրող Հրանտ Դինքը գրել է մի հոդված՝ «Սաբիհա խաթունի գաղտնիքը», որտեղ Գազիանթեփի նախկին բնակչուհի Հռիփսիմե Սեբիլջյանը վստահեցնում էր, որ եղել է Սաբիհա Գյոքչենի ազգականը, այդպիսով, շեշտելով Գյոքչենի հայկական ծագումը: Թուրքական պաշտոնական աղբյուրները և Աթաթուրքի մյուս որդեգիր դուստրը՝ Ուլքյու Ադաթեփեն (մահացել է ավտովթարի ժամանակ 2012 թվականի օգոստոսի 1-ին), վիճարկում են այս վարկածը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթացել է 1925թ-ին, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Աթաթուրքը գտնվում էր Բուրսայում, երբ նրանց ծանոթացրին Սաբիհայի դառը անցյալի հետ, և Աթաթուրքը որոշեց որդեգրել աղջկան։ Օդաչուական դասընթացները սերտել է Էսքիշեհիրում: Գյոքչեն ազգանունը Սաբիհային է տվել Աթաթուրքը։ Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Սաբիհա Գյոքչենի անունը։

1900 - Արամ Հայկազ (ծնվ. Շաբին Կարախիսար, Թուրքիա, մ. 1986), ամերիկացի գրող
1833 - Մեսրոպ Սմբատյան (ծնվ. Պրոռադաշտ, Հայաստան, մ. 1911), Հայ Եկեղեցու արքեպիսկոպոս

  • Երևանի նահանգի տարբեր վայրերում հավաքել և պատճենել է Արարատյան  Թագավորության մի քանի տասնյակ սեպագիր արձանագրություններ, դրանց մասին հրապարակել հոդվածներ: