Պատմության հայկական օրը. մարտի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Երևանում տեղի ունեցավ Հայաստանի նախկին երեք նախագահների և Լեռնային Ղարաբաղի երկու նախկին նախագահների հանդիպումը: 

  • Հայաստանի Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը քննարկել են Արցախի հետպատերազմյան իրավիճակը, ինչպես նաև հետագա գործընթացների հետ կապված հարցեր:
  • Սա նախկին առաջնորդների թվով երկրորդ հանդիպումն է այս ձևաչափով։ Առաջին անգամ նրանք հանդիպել են հոկտեմբերին ՝ Ղարաբաղի պատերազմի ամենաթեժ պահին։

2019 - Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: 

  • Հարցաքննությունից 6 ամիս անց՝ 2019 թ. սեպտեմբերի 23-ին  Հայկ Հարությունյանը հայտնաբերվեց իր ամառանոցում մահացած՝ հրազենային վնասվածքով։
  • Մամուլում 2008-ին տեղեկություններ էին շրջանառվել, որ Հայկ Հարությունյանը մինչև մարտի 1-ը հրաժարականի դիմում է ներկայացրել Քոչարյանին, սակայն նա չի ստորագրել. ըստ այդ հրապարակումների՝ Հարությունյանը խնդրել է ուժ կիրառելու հրամանը գրավոր տալ, բայց նա դա չի արել:

2007 - Հանկարծամահ եղավ ՀՀ վարչապետ, Հանրապետության կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը։

  • Նրան և որպես վարչապետ, և որպես ՀՀԿ նախագահ փոխարինեց Սերժ Սարգսյանը, ով 2008 թվականին, մարտի 1-ի արյունոտ ընտրություններից հետո դարձավ ՀՀ նախագահ։

2004 - Երևան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, ով 2001 ին անմիջականորեն մասնակցել էր քիվեսթյան բանակցություններին:

  • Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հայտարարում է` թեև այդ հանդիպմանը համաձայնություն ձեռք չէր բերվել, սակայն գրանցվել էր մեծ առաջընթաց:
  • «Ես ինքս մասնակցել եմ բանակցություններին եւ հիշում եմ, որ նախագահ Հեյդար Ալիևը մեծ առաջընթաց էր կատարել, սակայն դժվարություններ էր ունեցել այդ որոշումները իր երկրում ներկայացնելու առումով», - մեկօրյա այցի ավարտին ` ասուլիսում հայտարարում է Արմիթիջը:

2000 - Կրակոցներ հնչեցին ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի որդուն՝ Արթուր Գասպարյանին պատկանող խանութի ուղղությամբ։ 
1996 - Մոսկվայում եռակողմ բանակցությունների հերթական փուլն ավարտվում է առանց որևէ էական արդյունքի։

  • Արևմտյան դիվանագետները նշում էին, որ կողմերը մերժել են միջնորդների ներկայացրած առաջարկները, հաջորդ հանդիպումն անցկացնելու շուրջ էլ պայմանավորվածություն ձեռք չի բերվել:
  • «Ռուսաստանն ու Ֆինլանդիան պատրաստվում են հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի առաջնորդների հետ, և նրանց փոխանցել ԵԱՀԿ֊ի դժգոհությունը`փոխզիջումների գնալու դժկամության վերաբերյալ»,հաղորդել էր Ազատություն ռադիոկայանը:

1921 - Բոլշևիկները գրավեցին Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երևան։

  • Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երևանը հանձնել առանց կռվի։

1821 - Հույների ազգային-ազատագրական ապստամբությունն ընդդեմ թուրքական լծի:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Նորայր Ասլանյան (ծնվ. Քարահունջ), հայազգի հոլանդացի ֆուտբոլիստ, հոլանդական «Ալմերե Սիթի» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող
1991 - Մհեր Աճեմյան, սամբիստ, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, աշխարհի գավաթի մրցանակակիր, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ
1991 - Մանուկ Աճեմյան, սամբիստ, Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, Ռուսաստանի գավաթակիր, Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ
1989 - Միհրան Հարությունյան (ծնվ. Էջմիածին), հունահռոմեական ոճի ըմբիշ, միջազգային կարգի սպորտի վարպետ, 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մրցանակակիր
1931 - Պոլ Մոտյան (ծնվ. Ֆիլադելֆիա, մ. 2011), ամերիկյան ջազ թմբկահար, պերկուսիոնիստ և կոմպոզիտոր

  • Մոտյանը կարևոր դեր է խաղացել ջազային թմբկահարներին ժամանակաչափային խիստ պարտականություններից ազատելու գործում։ Ժանրերը՝ զազ, բիբոպ, հարդ-բոպ, պոստ-բոպ, ավանգարդ ջազ, ազատ իմպրովիզացիա:

1864 - Երվանդ Լալայան (ծնվ. Գյումրի, մ. 1931), ազգագրագետ, հնագետ

  • Հայաստանի տասնյակ քաղաքներում և գյուղերում նրա կատարած հնագիտական հետազոտություններն արժանացել են Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների Քանանյանի անվան մրցանակին։
  • Գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, ասույթներ։